«Ես իմ անուշ Հայաստանի»-ն՝ որպես խաղաղության կոչ

«Ես իմ անուշ Հայաստանի»-ն՝ որպես խաղաղության կոչ

2073

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը արդեն երկու շաբաթ է միջոցառումների շարք է սկսել՝ ի աջակցություն Արցախում ադրբեջանական ագրեսիայի դեմ մարտնչող զինվորի։ Գրքերի վաճառք, «Նամակ զինվորին», մրցույթներ ու ֆլեշմոբ. ամեն անգամ թանգարանը տարբեր խորագրեր է ընտրում։ Միջոցառումների շրջանակում հանգանակված միջոցները թանգարանի տնօրինությունն ուղղում է բանակի կարիքներին:

Այժմ թանգարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ. հնչեցնում է համահայկական ու համամարդկային աղոթք՝ հաղթանակի և խաղաղության հաստատման համար։ Համամարդկային խաղաղության աղոթքը լսելու ենք օտարազգի բարեկամների շուրթերից։ Խոսքը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության՝ համահայկական ու համամարդկային աղոթքի մասին է։

«Այս օրերին թանգարանի առցանց հարթակում ֆլեշմոբի ձևաչափով տարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից ներկայացվում են «Ես իմ անուշ Հայաստանի» աղոթքի ընթերցանությունները։ Բանաստեղծություն-աղոթքը տարբեր լեզուներով (շվեդերեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն, չինարեն, հունարեն, հնդկերեն և այլն)  հնչեցնելով՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ թանգարանի միջոցով հայտնում են իրենց աջակցությունը հայ ժողովրդին և կոչ անում խաղաղության»,- պատմում է տուն-թանգարանի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Մանուկյանը։

Խաղաղության համահայկական աղոթքը ներկայացվում է նաեւ դպրոցականների մասնակցությամբ։

«Դեռևս այս ուսումնական տարվա սկզբին մեկնարկած համահայկական մրցույթը, որի շրջանակում դպրոցական տարբեր տարիքի երեխաներ պետք է  ընթերցեին «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը և վերարտադրեին տարբեր ձևաչափերով (կտավի, քանդակի, ձեռագործ աշխատանքի, անիմացիայի), նախատեսվում էր ամփոփել հոկտեմբերի վերջին։ Սակայն, ստեղծված  իրավիճակով պայմանավորված, մրցույթի ձևաչափը փոքր-ինչ փոփոխվեց,փոփոխվեց նաև մասնակիցների հետ համագործակցությունը»,- ավելացնում է Ժաննա Մանուկյանը:

Մրցույթը դեռևս ընթացքի մեջ է, և մասնակցել ցանկացողները կարող են իրենց աշխատանքներն ուղարկել մինչև հոկտեմբերի 30-ը (էլ. հասցեն՝ charents.museum@gmail.com)։ 

Սվետլանա Դավթյան

3-րդ կուրս

Կիսվել