Անմահացած Դավիթ Ուզունյանը 21-րդ դարի առաջին ծնունդն էր

Անմահացած Դավիթ Ուզունյանը 21-րդ դարի առաջին ծնունդն էր

2036

Հայրենիքի համար կռվում անմահացած հերոսներից է 21-րդ դարում Հայաստանում ծնված առաջին հայը՝ Դավիթ Ուզունյանը:

«Պետությունը իրեն պատվոգիր էր տվել, որ նա 21-րդ դարի առաջին ծնված երեխան է, ու երևի էդ ազդեց իր կյանքի ու կենսակերպի վրա. միշտ ձգտում էր առաջինը լինել ու ամեն ինչ անում էր դրա համար»,- ասաց Դավիթի ընկերը՝ Վազգեն Գևորգյանը:

Ընկերուհին պատմում է՝ դիրքն ու 14 հոգանոց խումբը Դավիթի պատասխանատվության տակ են եղել. «Իրենց հաջողվել էր երկու անգամ հետ շպրտել թշնամու 40 հոգանոց դիվիզիան: Երեկոյան Դավոն դուրս է եկել թաքստոցից ու ոչ մեկին թույլ չի տվել հետը գնա, քանի որ ինքը գիտակցում էր՝ ինչ կարա լինի: Գնացել է տեղանքը ստուգի, ու թիկունքից արկ է պայթել»,-պատմում է Դավիթի ընկերուհին և հուզմունքը հպարտությանը զիջելով՝ շարունակում.  «Դավոս ծառայության հենց սկզբից աչքի էր ընկել իր լավ վարքագծով ու խելքով. մի տարի չանցած սերժանտ տվեցին»:

Դավիթը ոչ միայն օրինակելի զինվոր էր, այլև՝ օրինակելի աշակերտ, հետագայում՝ ուսանող: Սովորում էր Հայաստանի Ամերիկյան համալսարանում. «Շատ լավ էր սովորում, մեծ պլաններ ուներ, ուզում էր սեփական բիզնեսն ունենար»,- հիշում է Դավիթի ընկերուհին:

Ընկերների խոսքերով՝ Դավիթը իրենց ճանաչած ամենաբարի, ամենաանկեղծ, պատասխանատու ու նպատակասլաց տղան էր. «Իր ամբողջ կյանքը բանակից հետո ծայրից ծայր գծել էր»,- հիշում են նրանք:

Դավիթի համար բարձրագույն արժեք են եղել հայրենիքը և իր պատիվը.
«Շատ հայրենասեր էր ինքը, միշտ առաջին տեղում էին հայրենիքն ու իր պատիվը: Հուլիսի 5-ին պիտի գնար բանակ, բայց Էնպես էր ստացվել, որ ավտովթարի հետևանքով ձեռքը կոտրվել էր, ու պետք է իրեն 6 ամսով ազատեին, բայց Դավոն պայքարեց, որ չհետաձգեն ու հուլիսի 31-ին զորակոչվեց»,- պատմում է Դավիթի ընկեր Վազգենը՝ նշելով՝ «ինքը միշտ պնդում էր, որ պիտի գնա ու առաջնագծում ծառայի, էդպես էլ եղավ»:

Թե՛ ընկերները, թե՛ ընտրյալը պատմում են, որ երբեք չի բողոքել ծառայությունից, որ ոչ մեկը չանհանգստանա. «Ամսի 26-ի գիշերը զանգել էր ու իրան նենց պահեց, որ ես ընդհանրապես չանհանգստանամ ու ոչ մի բան չկասկածեմ: Տեսազանգով էր զանգել, ասաց՝ գոնե դեմքդ տեսա մի հատ: Էդ եղավ վերջին զանգը»,- պատմում է ընկերուհին:

Դավիթը ապրեց ընդամենը 19 տարի, բայց այն, ինչ թողեց իրենից հետո, հնարավոր չէ գնահատել որևէ չափման միավորով.
«Նա ինձ սովորեցրեց իսկական ու ամենանկեղծ ձևով սիրել ու գնահատել, իմ ողջ կյանքը փոխեց իրա մարդ տեսակով»,-խոստովանեց Դավիթի ընտրյալը:

Վարդուհի Հովհաննիսյան

3-րդ կուրս

Կիսվել