Արցախի համն ու հոտը Երևանի փողոցներում

Արցախի համն ու հոտը Երևանի փողոցներում

1017

Պատերազմի տասներորդ օրվանից Արմինե Աբրահամյանը, Ստեփանակերտում թողնելով իր տունը, տեղափոխվել է Երևան՝ անպայման վերադառնալու մտքով։ Աշխատել է Ստեփանակերտի շուկայում, իսկ այսօր Արցախի համն ու հոտը փոխանցում է Երևանի բնակիչներին.

«Ֆեյսբուքում տեսա մի նյութ, որտեղ ժինգյալով հաց պատրաստող էին փնտրում, առանց վարանելու գրեցի ու միացա խմբին։ Կազմակերպողները՝ Վահեն ու Հովիկը, երկուսն էլ շատ լավ տղաներ են»։

Այս ամենը կազմակերպել են մեկ օրում։ Աշխատում են առավոտից մինչև ուշ գիշեր։

Ներողություն խնդրեց, որ նստած է խոսում. «Շատ ենք աշխատում, հոգնում եմ, բայց երբ հիշում եմ, որ գումարը զինվորին է փոխանցվում, աչքիս ոչինչ չի երևում»։

Մինչ այս օրը արդեն հավաքել ու հիմնադրամին է փոխանցվել  երեք միլիոն դրամ։ Համոզված են, որ այդքան էլ դեռ կկարողանան փոխանցել։ Խումբը մեծ է. կան նաև կամավոր աղջիկներ, ովքեր մաքրում, լվանում, կտրատում են կանաչիներն ու փոխանցում իրենց։

Ժինգյալով հացի բույրը երևանցիներին անտարբեր չի թողնում։ Ցանկացողներն այնքան շատ են, որ նստելու ժամանակ չի լինում։ Արմինե Աբրահամյանը պատմում է նաև, որ փախլավա է թխում անձնակազմի համար՝ աշխատանքային հագեցած օրը քաղցրացնելու համար։

Հուզմունքը չկարողացավ զսպել, երբ սկսեց խոսել առաջնագծում գտնվող որդու մասին.

«Թող բոլոր մայրերի աչքերից միայն ուրախության արցունքներ հոսեն»։

Ցանկացավ, որ սա լինի վերջին պատերազմը. «Մեր ազգը շատ է ցավ տեսել։ Թող խաղաղություն լինի, թող մեր տղաները ողջ-առողջ վերադառնան իրենց ընտանիքներ»։

Էդիտա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել