Գերմանական մամուլի անդրադարձն արցախյան պատերազմին

Գերմանական մամուլի անդրադարձն արցախյան պատերազմին

700

Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման առաջին իսկ օրվանից գերմանական մամուլը հետևում է զարգացող իրադարձություններին: Շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներ այս ընթացքում գործուղվել են Արցախ և Ադրբեջան: Գերմանական մամուլի անդրադարձը հասկանալու համար դիտարկվել է Bild պարբերականի, Deutsche Welle լրատվական գործակալության, Frankfurter Rundschau թերթի, Süeddeutsche Zeitung բավարական թերթի, Die Zeit համբուրգյան թերթի հոկտեմբերի 5-ից 31-ն ընկած ժամանակահատվածում տարածած տեղեկատվությունը:

BILD ZEITUNG

Գերմանական Bild թերթի լրագրող Պաուլ Ռոնցհայմերը գերմանացի այն միակ լրագրողներից է, որը բացեիբաց քննադատեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Լրագրողը Թվիթթերի իր միկրոբլոգում գրեց, որ Ադրբեջանի նախագահը նախապես ընդունել և հետո հրաժարվել է «Bild» պարբերականի հետ հարցազրույցից: Հարցնում է, թե որ հարցից է վախեցել նախագահը:

BILD-ի լրագրող Պաուլ Ռոնցհայմերը հոկտեմբերի  12-ին հարցազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հարցազրույցի մեջ Հայաստանի նախագահը նշում է, որ ռմբակոծվում է Ստեփանակերտը, Շուշին:  Ամեն օր ռմբակոծություն է, ԼՂՀ քաղաքները նմանվել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տուժած գերմանական քաղաքներին: Արմեն Սարգսյանը անդրադառնում է հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությանը և նշում, որ պետք է թույլ չտալ, որ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ իրականացնի այս ամենը:

Bild-ում հոկտեմբերի 5-ին հրապարակված «Ռմբակոծվում են փողոցները» վերնագրով նյութում նշվում է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչը տեքստային հաղորդագրության միջոցով BILD- ին ասել է. «Ես ժամեր շարունակ եղել եմ նկուղում, և ոչ ոք չի կարող դուրս գալ փողոց: Ռմբակոծվում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ես գիտեմ մի քանի դեպք, երբ օգտագործվել է կասետային զինամթերք»:

Նյութին կցված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հոկտեմբերի 2-ին կատարած գրառումը, որում նշվում է, որ Ադրբեջանը կիրառում է արգելված կասետային զինատեսակներ, գրառմանը կից հրապարակված է չպայթած կասետային ռումբերի լուսանկար, որը փաստում է ադրբեջանական բանակի կողմից կասետային զինամթերքի օգտագործումը:

 Պաուլ Ռոնցհայմերը պատմում է, որ պատերազմական թեժ գոտի հասնելու ճանապարհին հանդիպում են մի մեքենայի, որի վարորդն ասում է. «Մենք փնտրում ենք մեր եղբորորդուն, նա ճակատում էր, մենք չգիտենք` նա պարզապես վիրավորված է, թե արդեն մահացել է, բայց ռմբակոծության պատճառով ոչ մի տեղ չենք հասնում»:

 Լրագրողը անդրադառնում է նաև հակամարտության նախապատմությանը. մասնավորաապես ասվում է, որ երկու նախկին խորհրդային հանրապետություններ տասնամյակներ շարունակ պայքարում են ՀՀ վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի համար, և որ հակամարտության մեջ կարևոր դեր ունի  Ռուսաստանի և Թուրքիայի միջև մրցակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում ազդեցության համար: Ադրբեջանը կարող է հույս դնել Թուրքիայի աջակցության վրա, իսկ Ռուսաստանը պատմականորեն համարվում է Հայաստանի պաշտպանական ուժ, և այնտեղ գործում է ռուսական ռազմակայան:

Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի հոկտեմբերի 27-ին տարածած հայտարարության՝ հայկական կողմից ոչ մի հրթիռային հարված չի հասցվել Բարդա քաղաքին: Չնայած այս փաստին, գերմանական մամուլը ողողված է հայկական ԶՈՒ-ի կողմից Բարդա քաղաքին օդային հարված հասցնելու լուրերով: Լրատվամիջոցների (Die Zeit, Süeddeutsche Zeitung) կողմից չի դրսևորվել օբյեկտիվություն: Երկու լրատվամիջոցներն էլ հոկտեմբերի 28-ին տեղադրել են նյութեր, որոնցում ներկայացվում են միայն ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունները, անտեսվում է ՀՀ ՊՆ մամուլ խոսնակ Շուշան Ստեփանյանի հոկտեմբերի 27-ին տարածած հայտարարությունը, չի ներկայացվում հայկական կողմի հերքող պատասխանը:

Süeddeutsche Zeitung-ը գրել է. «Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը Հայաստանին մեղադրել է միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք օգտագործելու մեջ: Նա նշել է, որ սա պատերազմական հանցագործություն է»:

Die Zeit-ի հրապարակած նյութում ասվում է՝ առնվազն 20 մարդ է զոհվել ադրբեջանական Բարդա քաղաքի վրա հայկական հարձակումների արդյունքում, իսկ պատերազմի ընթացքում զոհված խաղաղ բնակիչների ընդհանուր թիվը հասել է 83-ի:

Մինչդեռ գերմանական երկու լրատվամիջոցները տարածում էին «ՀՀ ԶՈՒ-ի կողմից Բարդայի թիրախավորման մասին» լուրերը, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրում է՝ ադրբեջանական զինված ուժերը խախտելով հրադադարի ռեժիմը հոկտեմբերի 27-ի առավոտյան 10.00-10.15-ի սահմաններում կրակ են վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ: Süeddeutsche Zeitung-ը և Die Zeit-ը չեն անդրադարձել այս տեղեկատվությանը:

Deutsche Welle  լրատվական գործակալությունը պատերազմի սկսման առաջին իսկ օրվանից ակտիվորեն ներկայացնում է զարգացող իրադարձությունները: Տեղեկատվությունը լուսաբանվում է համակողմանի: Ներկայացվում են և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմի հրապարակած տեղեկությունները: Այդպիսի օրինակ է  հոկտեմբերի 17-ին տեղադրված նյութը:

Նյութում ասվում է, որ Ադրբեջանը հայտնում է Գյանջայի վրա ծանր հարձակումների մասին, իսկ Հայաստանն իր հերթին հայտնում է Ստեփանակերտի ուղղությամբ արձակված հրթիռների մասին:

Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Գերմանական լրատվամիջոցը նշում է, որ հայկական կողմը հայտնում է իր զոհերի թվի նոր տվյալներ գրեթե ամեն օր, իսկ ադրբեջանական կողմը թաքցնում է զոհերի թիվը, քանի որ մեծամասամբ դրանք վարձկան ահաբեկիչներ են կամ ազգային փոքրամասնություններ՝ թաթեր, թալիշներ, լեզգիններ:

Մեկ այլ նյութում, որը հրապարակվել է Հոկտեմբերի 8-ին, նշվում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրթիռակոծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոնց  եկեղեցին: Պաշտոնական Բաքուն հերքում է հայկական կողմի տարածած տեղեկությունը, հայտարարելով, որ չի թիրախավորել ոչ մի պատմական, մշակութային և հատկապես կրոնական շենքեր և հուշարձաններ: Լրատվական գործակալությունը ընթերցողներին տեղեկացրել է նաև, որ Սիրիայից և Լիբիայից ժամանած թուրքամետ աշխարհազորայինները կռվում են Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից, նշվում է, որ Թուրքիան զենքով ու անձնակազմով աջակցում է Ադրբեջանին պատերազմում:

Դիտարկված մյուս լրատվամիջոցներում բացակայում է սիրիացի և լիբիացի վարձկանների մասին լուրերը:

Դիտարկված լրատվամիջոցները դեռևս չեն անդրադարձել հոկտեմբերի 30-ին Արցախի խաղաղ բնակիչների դեմ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ֆոսֆորային զենքի կիրառմանը:

Frankfurter Rundschau-ն հոկտեմբերի 11-ին գրում է . «Հնչեցվում են փոխադարձ մեղադանքներ, չի պահպանվում հրադադարը»: Կայքը նյութին կցել է Զոհրաբ Մնացականյանի թվիթերյան գրառումը հրադադարից հետո Ստեփանակերտի ռմբակոծման մասին:

Frankfurter Rundschaun-ի հոկտեմբերի 12-ին տեղադրված նյութում նշվում է Շուշիի Սուրբ Ղազանչեցոնց եկեղեցու հրթիռակոծման մասին: Ադրբեջանական կողմի հերքումը չի ներկայացվում:  Կարելի է ենթադրել, որ գերմանական լրատվական կայքը հայկական կողմի հիշյալ տեղեկությունն ընդունել է որպես փաստ:

 Գրեթե բոլոր նյութերում առկա է հետևյալ նախադասությունը՝ Լեռնային Ղարաբաղը հիմնականում բնակեցված է քրիստոնիա հայերով, բայց տարածքը միջազգային իրավունքի համաձայն պատկանում է մահմեդական Ադրբեջանին:

Սակայն պետք էր նշել նաև, որ 1991 թվականին ԽՍՀՄ օրենսդրության հիման վրա Լեռնային Ղարաբաղը անջատվել է Խորհրդային Ադրբեջանի կազմից, ինչը որևէ տեղ չի նշվում։

Bild-ի լրագրողը նշում է, որ Ռուսաստանը Հայաստանի պաշտպանիչ ուժն է, իսկ Թուրքիան` Ադրբեջանի։  Օբյեկտիվ գտնվելու համար լրագրողը պետք է ավելացներ, որ Ռուսաստանը Հայաստանի կողմից ներգրավված չէ պատերազմի մեջ, ի տարբերություն Ադրբեջանին բացեիբաց ռազմական համակողմանի աջակցություն ցուցաբերող Թուրքիայի։

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարող ենք արձանագրել, որ դիտարկված լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը մեծամասամբ չեզոք բնույթի է:

Անի Տոնոյան

4-րդ կուրս

Կիսվել