Ավելի քան 1.766.500 դրամ՝ Նորավանի դպրոցի աշակերտներից

Ավելի քան 1.766.500 դրամ՝ Նորավանի դպրոցի աշակերտներից

1084

Ամուր թիկունք՝ հզոր ճակատ․ այս կարգախոսով են առաջնորդվում Արմավիրի մարզի Նորավան համայնքի դպրոցականները։

Նորավանի միջնակարգ դպրոցի աշակերտներն աշնանային արձակուրդը տանն անցկացնելու և հանգստանալու փոխարեն գործի են անցել․ Արմավիր քաղաքի մարդաշատ վայրերում դիմակ են վաճառում և գումարը փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Նախաձեռնողը եղել է դպրոցի աշակերտական խորհուրդը՝ տնօրեն Հովհաննես Ստեփանյանի աջակցությամբ։ Դիմակները տրամադրում է դպրոցի տնօրինությունը։

Աշակերտները մեզ հետ զրույցում ասացին, որ մեծ սիրով են աշխատում։ Քանի որ ֆիզիկապես չեն կարող լինել իրենց եղբայրների կողքին, փորձում են այսպես օգնել։

«Սահմանված գին չկա, ով ինչքան կտա։ Եթե տեսնում ենք մարդկանց` առանց դիմակի, թեկուզ փող չեն էլ տալիս, մենք նրանց դիմակ ենք տալիս», – ասաց դպրոցի սաներից մեկը՝ Հասմիկը։

Առաջին 6 օրերի ընթացքում հիմնադրամին են  փոխանցել ավելի քան 1.766.500 ՀՀ դրամ։ Սաների խոսքով՝ աշխատանքը շարունակելու են մինչև աշնանային արձակուրդների ավարտը։

Դպրոցի տնօրենից տեղեկացանք նաև, որ ուսուցչական կազմը և աշակերտները համատեղ պատրաստում են նաև քողարկող ցանցեր։

Էլեն Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել