ՍԻՐԻԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԽՆԱՄՔԻ ԲՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

ՍԻՐԻԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԽՆԱՄՔԻ ԲՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԻՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

2049

Շանթ Խայալյանը Հայաստանում սեփական բիզնես հիմնադրած սիրիահայերից մեկն է: Արմատներով Տիգրանակերտից սերող Շանթը Սիրիայում ընթացող պատերազմի պատճառով 2013-ին Հալեպից տեղափոխվեց Հայաստան եւ որոշեց բիզնես սկսել: Արդեն 3 տարի է` նա արտադրում է բնական կոսմետիկ միջոցներ՝ արտադրանքն անվանելով «Beauty Production»: «Հալեպում էլ եմ բիզնեսով զբաղվել: Հայաստան գալով՝ որոշեցի իմ բիզնեսը սկսել, բայց ինչ էլ ուզում էի հիմնել, կամ արդեն շուկայում կար, կամ էլ պահանջարկ չկար: Այդ պատճառով էլ որոշեցի զբաղվել բնական կոսմետիկայի արտադրությամբ»,- ասում է Շանթը: Նա հիմնականում զբաղվում է օճառի և շամպունի արտադրությամբ: Օճառների գինը տատանվում է 800-2400 դրամի սահմաններում, իսկ շամպունների գինը՝ 1500-3000 դրամի:  Յուրաքանչյուր օճառի և շամպունի արտադրություն պահանջում է 3-4 ամիս: «Սկզբում հավաքում ենք ծաղիկները, ապա՝ չորացնում: Օճառը մեկ ամսվա ընթացքում ռեակցիայի շնորհիվ ազատվում է քիմիական պարունակությունից: Մոտ 3 ամիս է պետք օճառ արտադրելու համար, իսկ շամպունի համար՝ 2 ամիս»,- պատմում է սիրիահայ գործարարը:

Շանթի բիզնես մոտեցումը տարբերվում է մնացածից. սիրիահայ գործարարը նպաստում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների զբաղվածությանը: Կենտրոնացնելով իր արտադրամասը Իջևանում՝ Շանթին հաջողվել է մտավոր ու ֆիզիկական խնդիրներ ունեցող 20 երեխայի ապահովել աշխատանքով: «Նրանք մասնակցում են տարբեր աշխատանքների՝ մեկը կավն է պատրաստում, մյուսը ներկում է տուփերը: Վաճառքից ստացված շահույթն էլ իրենց է մնում»,- իր նախաձեռնության մասին ասում է Շանթը: Սիրիահայ գործարարը խնդիրներ ունեցող երեխաներին օգնելու զանազան տարբերակներ է գտնում: Մի անգամ որոշել է յուրաքանչյուր աշակերտի պատրաստած օճառի կամ շամպունի փաթեթավորման վրա նշել վերջինիս տվյալները՝ հուսալով, թե կհայտնվեն օգնության ձեռք մեկնողներ, սակայն երեխաների ծնողները դեմ են եղել. «Սկզբում ծնողների մի մասը ագրեսիվ ձևով արձագանքեց, մի մասն էլ՝ դրական: Սակայն հիմա հարթել ենք խնդիրը: Մոտավորապես մեկ շաբաթից արդեն երեխաների արտադրածի փաթեթավորման վրա կնշվեն նրանց անունը, ազգանունը և հիվանդությունը՝ առանց լուսանկարի»:

Տնտեսագետ Վարդան Ալեքսանյանի խոսքով՝ տեղական արտադրանքին զարկ տալը Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական գրավականն է. «Սիրիահայերը բիզնեսի ոլորտում մեծ փորձ ունեն: Իսկ Հայաստանը, լինելով տնտեսապես շրջափակված երկիր, մեծապես կարող է օգուտ քաղել տեղական արտադրանքի զարգացումից»: Մասնագետի համոզմամբ՝ այսօր Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը խոցելի է և աջակցության կարիք ունի. «Այս ոլորտին տրվող պետական աջակցությունը գնալով ավելանում է: Նման պայմաններում բնական կոսմետիկայի արտադրության ծավալի ընդլայնումը դրական միտում է: ԵՏՄ-ին անդամակցության պայմաններում էլ տեղական արտադրանքը խիստ մրցունակ կարող է լինել նաև ԵՏՄ շուկայում»:

Անդրադառնալով սիրիահայ գործարարի կողմից հաշմանդամների զբաղվածությունը խթանելուն ՝ տնտեսագետը նշեց, որ ինտեգրման խնդիրների հետ մեկտեղ նման քայլը ողջունելի է. «Հատկապես Տավուշի մարզում բիզնեսը կենտրոնացնելը ճիշտ որոշում է, քանի որ սահմանամերձ համայնքներում զբաղվածության ցուցանիշ ապահովելու խնդիրն ավելի ակնառու է»:

Շանթ Խայալյանին Հայաստանում բիզնես հիմնելու գործում օժանդակել են «Save the children» միջազգային կազմակերպությունը (տրամադրելով աշխատողներ և հատկացնելով 3 ամսվա աշխատավարձ) և «Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը»(ՓՄՁ ԶԱԿ): Վերջինս տալիս է իր գործընկեր ՎՏԲ բանկի տրամադրած վարկի վարկային երաշխավորությունը: Ի տարբերություն մյուս սկսնակ գործարարների, որոնց վարկերը տրամադրվում են տարեկան 10% տոկոսադրույքով, սիրիահայերի համար գործում են արտոնություններ՝ տարեկան 4% տոկոսադրույքով վարկի տեսքով (մարման ժամկետը՝ մինչև 5 տարի, գումարը՝ մինչև 5մլն դրամ): Սիրիահայերի՝ տեղական հարկային դաշտին հարմարվելու, օրենսդրական իրազեկության խնդիրները լուծելու նպատակով ՓՄՁ ԶԱԿ-ը  պարբերաբար կազմակերպում է սեմինարներ և դասընթացներ:

Ներկայումս Շանթ Խայալյանն արտադրում է 20 տեսակի օճառ և 16 տեսակի շամպուն: Իր արտադրանքը վաճառում է ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս. «Ապրանքը կա Երեւանի «Քարֆուրում», ուզում ենք նաև ներկայացնել Վրաստանի «Քարֆուրում»: Նմուշներն արդեն ուղարկել ենք, սպասում ենք պատասխանի: Ուղարկում ենք նաև Շվեյցարիա»: Գործարարը նշեց, որ հաջորդ քայլը կլինի արտադրանքը Դուբայի «Քարֆուր» խանութների ցանց ուղարկելը:

Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանի փոխանցմամբ՝ Հայաստանում այսօր ապրում է 20 հազար սիրիահայ, որոնցից 500-ը հիմնել է իր սեփական բիզնեսը:

 

Նելլի Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել