«Մարքեթինգի» Հարութը

«Մարքեթինգի» Հարութը

1615

Երբ ուզում ես դառնալ արդար,
Դատավոր ես կնքում կյանքին
և այդ պահին հասկանում ես,
Որ էլ չկա, անցավ գնաց,
Որ դու կայիր ու էլ չկաս,
Որ հասցրիր անցիր, հաղթիր,
Թե ուշացար` մնաս բարով։

Սա Հարութի ֆեսյբուքյան էջում տեղադրված վերջին հրապարկումն է․ իր գրված բանաստեղծությունից մի հատված է:

Հարութ Հովհաննիսյանը կամ ինչպես իր ընկերներն են ասում «Մարքեթինգի Հարութը» ծնունդով Վայոց ձոր մարզի  Վայք քաղաքից է, մեծացել է իր ծննդավայրում: Եղել է Վայքի  «Անուրջներ» պարային համույթի սան, հաճախել է շվիի դասերի: Ընկերների բնորոշմամբ շատ ակտիվ է եղել քաղաքում կազմակերպված բոլոր միջոցառումների ժամանակ, բազմաթիվ միջոցառումներ  ինքը է կազմակերպել: 14-15 տարեկանում ընկերների հետ կազմակերպել է ճամբարներ, որտեղ ինքը եղել է ջոկատավար:  2019 թվականին դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մարքեթինգի և բիզնեսի կառավարման ֆակուլտետ: Ակտիվ գործունեությունը շարունակել է նաև համալսարանում` լինելով Ուսանողական խորհրդի անդամ, հենց այստեղ էլ ստացել է  «Մարքեթինգի Հարութ» անունը:

Նա իր 19 տարիների ընթացքում հասցրել էր լինել ամեն տեղ, ընդամենը չորս ամիս սովորելով համալսարանում` ձեռք էր բերել մեծ շրջապատ, հաղթել բազմաթիվ մրցույթներում: Հետո մեկնեց ծառայության` պարտքը տալու հայրենիքին:
Հարութը նաև գիրք էր գրում, որն այդպես էլ կիսատ մնաց: Նա գրքի մասին չէր խոսում ու թույլ չէր տալիս, որ ինչ որ մեկը կարդա: Ասել էր, որ  բանակից վերադառնա կվերջացնի ու կհանձի տպագրության:

Նրա հարազատներից Էլեն Բաբաջանյանը պատմում է, որ Հարութը միշտ հումորով է եղել, նույնիսկ ամենադժվար պահին կատակներ է արել.
«Ընկերները նրան անվանում էին քայլող մարդ-ժպիտ, հարազատները նույնպես: Իր ժպիտով բոլորին էր վարակում: Հարութի կողքին անհնար էր տխրել կամ հուսահատվել: Նույնիսկ ամենադժվար պահերին չէր հուսալքվում: Բանակային ընկերները պատմում են , որ պատերազմի ամենադժվար պահերին անգամ չէր կորցնում հումորը, իր ընկերների ուժն էր ու հավատը:»
Հարութն ամեն օր զանգում էր ծնողներին և ասում, որ ամեն ինչ շուտով կավարտվի, որ չանհանգստանան , ամեն ինչ լավ է ու այդպես էլ կմնա:
«Բանակում գումար էր հավաքել, որ գար անպայման մոր ու եղբոր համար նվեր էր առնելու: Հարութս մեծ հավատ ուներ, աղոթագիրքն էլ միշտ ծոցագրպանում էր պահում:»-ավելացնում է Էլենը:

Հոկտեմբերի 21-ին մարտի դաշտում նա հերոսացավ և նրա անունը դասվեց հանուն հայրենիքի կյանքը զոհած հայորդիների շարքին:

«Հարութս միակ զոհվածը չի,  բայց այն եզակին է, որ աշխարհը առանց իր ներկայության  խեղճացած կդառնա: Նույնիսկ հիմա էլ, ողջ լինելու դեպքում, վստահ եմ նորից գնալու էր կռվի դաշտ, եթե նույնիսկ իմանար , որ զոհվելու է: Ու նա գնալու էր, ոչ թե մահվան, այլ նոր կյանքի համար, հանուն իր ընտանիքի, հանուն ընկերների, հանուն հարազատների ապրելու համար: Լուսավոր էր Հարութս, հոգին էլ միշտ լույսերի մեջ կապրի:»,- ասաց Էլենը:

Ուզում եմ ես խոսել քեզ հետ.
Ես, որ երկար սպասել եմ քեզ,
Դու, որ երբեք չես նայել հետ,
Բայց իմացել ես միշտ սիրել…
Սեր չեմ ապրել ես իմ օրում
Բայց շատ օրեր Կան առջևում
Կսիրեմ էլ ու կսիրվեմ
Սրտիս վերքը կսպիացնեմ
Կգտնեմ ես այնպես մեկին
Որ դարման կլինի սրտիս վերքին
Կնայեմ ես նրա դեմքին
Էլ ի՞նչ է պետք սիրող սրտին
Ոչ կգոռամ կամ բղավեմ
Աչքերով իմ ես կսիրեմ…
Աշխարհի մեջ կա մի լուռ ձայն
Անվանում են դրան վախճան,
Երբ ուզում ես հաղթել մեկին,
Բայց անզոր ես ու լալագին,
Երբ խնդրում ես դու ժամանակ,
Բայց չունես ձայն առհասարակ,
Երբ ուզում ես գրկել կրկին,
Բայց հուշերն են միայն անգին,
Երբ ուզում ես լացել նորից
Ու հետ բերել անհնարին,
Երբ ուզում ես դառնալ արդար,
Դատավոր ես կնքում կյանքին
և այդ պահին հասկանում ես,
Որ էլ չկա, անցավ գնաց,
Որ դու կայիր ու էլ չկաս,
Որ հասցրիր անցիր, հաղթիր,
Թե ուշացար` մնաս բարով։
Էլ չի լինի նորց նույն
Առհասրակ ոչ մի նույնը
Էլ բան չկա, որ կրկնվի
Արդեն ուրիշ է աշխարհը հին,
Մենակ դու ես, որ նույն բանն ես
Այդ էլ միայն ֆիզիկապես։

Հարութ Հովհաննիսյան

Մուշեղ Կուրեխյան
3-րդ կուրս

Կիսվել