Հաղթաթեյ. եղեգնաձորցի երեք պարմանուհիներ թեյ ու սուրճ են վաճառում՝ «Հայաստան» հիմնադրամին գումար...

Հաղթաթեյ. եղեգնաձորցի երեք պարմանուհիներ թեյ ու սուրճ են վաճառում՝ «Հայաստան» հիմնադրամին գումար փոխանցելու համար

1312

Պատերազմի առաջին իսկ օրվանից մինչ օրս թիկունքը կանգնած է առաջագծի զինվորի կողքին: Ինչպես Երևանում, այնպես էլ  հանրապետության մյուս քաղաքներում շատ արագ ստեղծվեցին առաջին անհրաժեշտության իրերի հավաքագրման կետեր: Տեղերում 24/7 ռեժիմով աշխատում էին կամավորներ:
Պատերազմի մեկնարկից անցել է մեկ ամսից ավելի, սակայն իրերի հավաքագրումը դեռ շարունակում է: Դրամական մեծ օգնություններ են «Հայաստան» համահայկական հինադրամին0 փոխանցվում աշխարհի բոլոր անկյուններից: Շատերը փնտրում են գումար աշխատելու լրացուցիչ տարբերակներ` հիմնադրամին փոխանցելու համար: Հնարամիտ տարբերակ են գտել Եղեգնաձոր քաղաքում: 16-17 տարեկան երեք աղջիկներ` Սեդան, Անին և Սիլվան քաղաքի հենց կենտրոնում  տաք թեյ և սուրճ  վաճառելով  գումար են աշխատում և  հասույթը փոխանցում հիմնադրամին: Նախաձեռնությունն անվանել են «Հաղթաթեյ»:

«Սա հաղթանակի թեյ է, և այս ամենից ստացված գումարն էլ փոքրիկ հիմք է դառնալու, որ արցախցի փոքրիկները նորից խաղաղ երկնքի տակ այցելեն դպրոց և մանկապարտեզ, սա է պատճառը, որ անվանել ենք Հաղթաթեյ»,- մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության կազմակերպիչներից Սեդա Թարվերդյանը:

«Ի սկզբանե ես և Սիլվան որոշել էինք նախաձեռնություն սկսել և հայրենիքի պաշտանության այս մեծ գործից անմասն չմնալ: Մտածում էինք խոտաբույսեր վաճառել,  հետո Անին առաջարկեց, որ կարող ենք այդ խոտաբույսերից պատրաստված տաք թեյ վաճառել: Շատ հավանեցինք Անիի գաղափարը և  մեկ օրվա  ընթացքում ամեն ինչ կազմակերպեցինք: Մեր այս խոտաբույսերը և հատապտուղները հավաքված են Հայաստանի և Արցախի բարձրադիր լեռներից: Բոլորը բուսական թեյեր են, ամբողջությամբ բնական և ունեն բազմաթիվ օգտակար և բուժիչ հատկություններ:»-, ասաց Սեդան

Նա նաև նշեց որ թեյերից բացի նաև  սուրճ են վաճառում:

 «Նախաձեռնությունը սկսել ենք հոկտեմբերի 31-ից, այսօր արդեն 6-րդ օրն է, և մենք արդեն հավաքել ենք մոտ 410.000 դրամ: Այսքանը հիմնականում թեյի և սուրճի վաճառքից է գոյացել, սակայն շատ են մարդիկ, ովքեր սահմանվածից ավելի են վճարում, իմանալով որ իրենց գումարը գնալու է հիմադրամի հաշվեհամարին:»

Աղջիկները նշեցին, որ իրենց ոգևորույունն ավելի մեծանում, երբ իրենց այցելում են զինվորականներ: Օրեր առաջ նրանց է այցելել նաև մի սպա, երկար զրույցից հետո խոստացել է, որ հերոս սահմանապահներին անպայման կպատմի աղջիկների մասին: 

«Առաջին իսկ օրվանից մեզ միացան շատ ու շատ բարի մարդիկ` առաջարկելով իրենց օգնությունը, որի համար
անչափ շնորհակալ ենք. առանց այդ օգնության գործը չէինք հաջողի, հենց նրանց շնորհիվ էլ թեթևացնել է մեր օրվա քաղցր պարտականությունը։ Գործն այդքան էլ հեշտ չէ, բայց գտնվելով այս օրհասական դրության մեջ մենք պարտավորված ենք զգում աշխատել և ամուր պահել թիկունքը։ Ամուր և պինդ կառչած ենք մեր սար ու ձորից, մեր լեռներից ու բնության տված բարիքներից, որոնց շնորհիվ թիմն ունի սիրտ»
,- ասաց Սեդան և ամփոփեց` հաղթելու ենք:

Մուշեղ Կուրեխյան
3-րդ կուրս

Կիսվել