Կարոտն աչքերում Ռուբենն ասում է, որ եղբորն այդպես էլ չտեսավ

Կարոտն աչքերում Ռուբենն ասում է, որ եղբորն այդպես էլ չտեսավ

2146

«Ամսի 27-ն էր , առավոտ շուտ՝ ժամը յոթի հատվածում, արթնացրին վաշտին ու իմացանք, որ պատերազմ ա սկսվել: Դուրս եկանք գումարտակից ու շարժվեցինք դեպի դիրք»,- սեպտեմբերի 27-ի դրվագներն է վերհիշում Ռուբենը:

Ռուբեն Փոթոյանը Արագածոտն մարզի Ձորափ համայնքից է: Ծառայության կեսն անցկացրել է եղբոր՝ Ռոման Փոթոյանի հետ: Իր զորացրվելուն մնացել էր 111 օր, իսկ եղբայրը 9 ամսվա ծառայող էր: Դիմում էին գրել, որ ծառայեն միասին:

Տխրությունն աչքերում՝ Ռուբենն ասում է, որ իրար հետ ծառայում էին առանձին գումարտակում, բայց կարևորը կողք-կողքի էին:

«Դիրք հասնելով՝ մեքենայից իջա, 5 մետր առաջ քայլեցի, տեսա, որ տանկեր են գալիս մեր ուղղությամբ: Սկզբում մտածեցի՝ մերոնք են, բայց հետո տեսանք, որ ամբողջ տանկի վրա դրանց դրոշներն են»,- պատմում է Ռուբենը:

Ամեն անգամ պատերազմից մի դրվագ հիշելիս  նայում է եղբոր՝ սենյակի կենտրոնում դրված նկարներին, որոնք շրջապատված են սրբապատկերներով ու մոմերով: Լռում է մի քանի րոպե, ապա վերադառնում զրույցին:

«Երբ դրանց տանկերն առաջ եկան, մենք մտանք խրամատի մեջ: Չորս կողմից իրանք էին՝ ճիշտա բոլորս մտածում էինք, որ խրամատից ողջ դուրս չենք գալու, շրջափակման մեջ էինք, բայց Աստված մեր հետ էր: Անցել էին մեր թիկունքը, բայց չգիտեինք դրա մասին, մինչև հետո մեր դիրքերը ամրացրինք: Կատակի էինք տալիս, ասում էինք պատերազմ էլ տեսանք»,- շարունակում է Ռուբենը:

Մտովի վերադառնալով մարտի դաշտ՝ ասում է, որ դա իր կյանքի առաջին պատերազմն էր, բայց անփորձությունը տևեց ընդհամենը մեկ ժամ: Ամենքը իր զենքի վարպետն էր:

«Ամբողջ ժամանակ մտքերով Ռոմանիս հետ էի: Ոչ մեկ դեռ չէր ասել, որ ինքն էլ չկա: Վերջին անգամ տեղափոխվելու ժամանակ եմ տեսել, տարբեր մեքենաներով էինք: Հոկտեմբերի 1-ն էր, ոչ մի լուր չկար: Այնքան հարցրի, որ ստիպված հրամանատարի տեղակալն ասաց, որ եղբայրս զոհվել ա»,- շարունակում է վերհիշել Ռուբենը:

Կարոտն աչքերոում ասում է, որ եղբորն այդպես էլ չի տեսել:

«Զորամասի հեռախոսին զանգ եկավ ու ասեցին, որ կարող եմ գնալ ընտանիքիս կողքին լինել: Երեկ էլ իմացա, որ զորացրվել եմ: Շատերին կորցրի այս կռվում, բայց մեր կռիվը արդարա: Հաղթելու ենք, որովհետև մեր զոհերի արյունը հենց այնպես չի կարող անցնել: Կյանքս էլ այնպես պետք է ապրեմ, որ ախպերս վերևից նայի ու ուրախանա»,- ժպիտով ավելացնում է Ռուբենը:

Սվետլանա Դավթյան

3-րդ կուրս

Կիսվել