Հարժիսը զինվորի և արցախցու թիկունքին է

Հարժիսը զինվորի և արցախցու թիկունքին է

540

Սեպտեմբերի 27-ից առ այսօր շարունակվում է հակառակորդի կողմից հրահրած արցախա-ադրբեջանական հակամարտությունը։ Պատերազմի պատճառով հայկական կողմն ունեցել է քաղաքացիական զոհեր և վիրավորներ։ Բնակչության անվտանգության համար տարհանվել են այն գյուղերը և քաղաքները, որոնց ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել։

Արցախցիները ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանի մայրաքաղաքում և տարբեր մարզերում։ Հայաստանում, մանուկից մինչև ծեր, օգնում են արցախցիներին՝ բնակության վայրով, սննդով, հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով։

Սյունիքի մարզի Հարժիս գյուղում ևս բնակչությունը լծվել է այդ ազգանվեր գործին։ Զրուցեցինք համակարգող Աննա Գրիգորյանի հետ, ով համատեղությամբ Հարժիսի գյուղապետարանի աշխատակիցն է։

«Արցախցիների համար հավաքում ենք սնունդ հագուստ, դեղորայք։ Գյուղում ապաստանած կանայք և երեխաներ էլ կան, որոնց ևս օգնում ենք, ինչի կարիքը որ ունենում են»։ Աննան պատմում է, որ գյուղացիներից ոչ բոլորը կարող էին գումար տրամադրել, դրա փոխարեն որոշել են վարուցանքի արդյունքում դիզած հացահատիկը հավաքել, վաճառել և գումարին գնել անհրաժեշտ պարագանքերը, իսկ մնացորդը փոխանցել հիմնադրամին։

«Հարժիսցները շատ բարեխիղճ են, շատ դեպքերում են միմյանց օգնել, հիմա էլ չեն տրտնջում, երբ մեր հայրենակիցները օգնության կարիք ունեն։ Արտագնա աշխատանքի մեկնած գյուղացիները ևս մի կլորիկ գումար են ուղարկել հիմնադրամին։ Արտասահմանում ապրող գյուղական արմատներով բարեգործներ էլ ունենք։ Նրանք ևս գումարով, դեղորայքով օգնություն են տրամադրել. հատկապես զինվորներին է օգնություն ուղարկվել»,- հավելեց Աննան։

Գյուղից նաև երիտասարդներ կան, ովքեր մասնակցում են Գորիսում անցկացվող կամավորական աշխատանքներին, տղամարդկանց մի ստվար հատված էլ կամավոր մեկնել է ռազմաճակատ։

«Մի խոսքով, անում ենք այն, ինչ մեզնից կախված է, և չենք սահմանափակվելու այսքանով։ Հարժիսը զինվորի և արցախցու թիկունքի է»,- ժպտալով ավելացրեց Աննան։

Լուսինե Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել