Այս օրերին եթե արվեստս չծառայեր ու չծառայի հայրենիքիս, ուրեմն մի տեսակ իր...

Այս օրերին եթե արվեստս չծառայեր ու չծառայի հայրենիքիս, ուրեմն մի տեսակ իր իսկ արարման նպատակը սին կթվար/կթվա

2135

Ամսի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմից ի վեր հայ ժողովուրդը ավելի մեծ թափով միավորվեց հայրենիքին որևէ կերպ օգտակար լինելու նպատակով։

Շատերը կամավորական ջոկատներ կազմեցին՝ պատերազմական դաշտ մեկնելու համար, շատերն էլ անցան կամավորական աշխատանքների։ Եղան մարդիկ, որոնք սկսեցին իրենց աշխատանքները վաճառել՝ ստացված հասույթը հիմնադրամներին և կամ հերոսների ընտանիքներին փոխանցելու համար։ Նրանցից մեկն էլ նկարիչ Տիգրան Սարգսյանն է։

Ինչպե՞ս Ձեր մեջ հայտնաբերեցիք նկարչի տաղանդը, ու ո՞րը եղավ նկարչական արվեստում ավելի հմտանալու սկիզբը։

-Ծնվել եմ նկարչի՝ Արամ Ապարանցու ընտանիքում, նկարելը հորիցս է փոխանցվել ինձ: Մատիտ ձեռքս առել եմ երկու տարեկանից: Ավելի ուշ` ջութակի դասարանը ավարտելուց հետո, սկսեցի նկարչական հմտություններ առնել հորս վարպետաց դասերից ներս, հետո ընդունվեցի և ավարտեցի ԵՊՄՀ-ի գեղանկարչության բաժինը, նաև սովորեցի և գերազանց ավարտեցի Գևորգյան հոգևոր ճեմարանի քահանայից պատրաստման լսարանը. այս բոլոր ժամանակներում միշտ ինձ հետ էր և է նկարչությունը։

Նկարչությունն իմ արտահայտվելու լավագույն ձևն է իբրև արվեստ։

Չեմ նկարում, որովհետև ինձ հաճելի է կամ այդպես ուզում եմ, նկարում եմ, որովհետև միշտ ասելիք կա, և նկարներիս հեղինակը որքան էլ ես եմ, նույնքան էլ դիտորդն է։

Նկարում եմ քանի դեռ ասելիք ունեմ, ինչպես արվեստի մյուս ճյուղերում է։

Ջրաշուշաններ N4

Բայց, որքան էլ ասելիք պետք է ունենա նկարը, այնուամենայնիվ, պետք է նաև այն սիրով անել, չէ՞, այլ կերպ ասած` պետք է հաճելի լինի։

-Այո, չցանկացա կրկնվել, բայց հիմա` այս հարցից հետո, հարկ եմ համարում շեշտել, որ առանց սիրո որևէ բան չի արարվում. երբ բացակայում է սերը, այդտեղ նրա հակառակն է տիրելու, որը ամայությունն է, իսկ այդ դեպքում ոչնչից չի կարող արարվել` թեկուզ ինչ-որ փոքրիկ մի բան։

Աստծո օրինակով է ամեն բան, արարելու նմանությունն էլ մարդ արարածը Աստծուց է ստացել` իբրև դիմագիծ, որպեսզի դրա միջոցով նմանվի Արարողին։ Իսկ Աստված  Սեր է, և մարդը նույնպես, երբ կսկսի արարել առանց Աստծո նմանության (սիրո), չի կարող որևէ բան արարել, որ բարի լինի։

Ամենաշատը ո՞ր նկարչի գործերն են Ձեզ դուր գալիս, որ նայելիս նոր գաղափարներ ու ոգևորություն են առաջանում։

-Հիմնականում իմպրեսիոնիստների շրջանի նկարիչներից` Կամիլ Կոռո, Կլոդ Մոնե, Վան Գոգ, Պիսառո, Պոլ Սեզան, մեր հայ գեղանկարիչներից Բաշինջաղյան, Թերլեմեզյան, Ալխազյան, Գրիգոր Խանջյան և Սարյան։

Նրանց նկարչկան մոտեցումները միշտ նորի սկիզբ են ինձ համար դառնում իմ կտավներում. գաղափարներն իմն են, սակայն նրանց օգտագործած թեմաներից էլ եմ օգտվում։

Նրանց մեթոդներն են ինձ ավելի շատ հետաքրքրում և մոտեցումները, իսկ գաղափարական առումով տպավորություն արձանագրելը վայրկյաններ կարող է տևել և հակառակը` ամիսներ, այսինքն՝ նրանք իրենց առած տպավորություներն են հանձնել կտավին։ Նույնը և ես եմ անում` հանձնել այն տպավորությունները, որոնք ինձ իմ հայրենի հողն է տալիս, մարդիկ և այլն։

Առատություն

Ցանկացած նկարի մեջ ամենաշատն ի՞նչն եք կարևորում՝ գաղափա՞ր, գույնե՞ր, նկարողի՞ն, թե՞

-Նկարի պարագայում բոլորն եմ կարևորում, գիտե՞ք` նկարչությունը և երաժշտությունը նույն արվեստն են` տաբեր ֆիզիկական միջոցներով արտահայտված։ Եվ չեմ կարող ու արդարացի չեմ գտնվի ինքս իմ հանդեպ, եթե գաղափարը, գույնը, կոմպոզիցիան իրարից տարանջատեմ։

Այսինքն կապ չունի՞, թե ինչ նկար է, երբեք անտարբեր չե՞ք անցնի։

-Այո, առաջին հայացքի համար նկարը բավական է, որ նկատեմ, իսկ հետո, արդյոք կկանգնեմ այն երկար դիտելու համար,  այդ մեկը նկարից է կախված։

Խաշխաշներ

Մի փոքր անդրադառնանք այսօրվա պատերազմի ժամանակ Ձեր կատարած ներդրմանը։ Քանի որ շատ նկարիչներ են այսօրվա նախաձեռնության մի մասը կազմում (նկարներ վաճառելով` ստացված գումարը հիմնադրամներին և կամ ընտանիքներին փոխանցելու), հետաքրքիր է իմանալ` ո՞ր պահից ի վեր հասկացաք, որ Դուք էլ պետք է նույն կերպ վարվեք։

-Առաջին իսկ օրվանից մտորում ունեի, սակայն, երբ ինձ համավարակի պատճառով արգելեցին տանից դուրս գալ, ուղղակի սիրտս պատառոտվում էր, որ որևէ կերպ որևէ բան չեմ կարողանում անել այս օրերին հայրենիքիս համար, որն իմ մեծ ընտանիքն է, ու որոշեցի նման բան անել և դիմեցի շատ ընկերների` նկարիչ, քաղ. գործիչ, որոնք էլ օգնեցին, ֆեյսբուքյան հարթակում և դրանից դուրս այս գործին լծվեցին։ Ընկերներս իրենք էլ իրենց շուրջ ունեցած հարթականերում ներկայացրին նկարներս և նպատակը վաճառքի, որից մեր հայորդիները ոգևորված գնեցին արդեն 4 նկար, վաճառքի արժեքից մոտ 1 մլն դրամ թե ավել (արդեն չեմ հիշում հստակ թիվ) ամբողջապես փոխանցվեց երկու հիմնադրամներին և զոհվածի ընտանիքի։

Այս օրերին եթե արվեստս չծառայեր ու չծառայի հայրենիքիս, ուրեմ մի տեսակ իր իսկ արարման նպատակը սին կդառնա։

Գիտե՞ք, ուզում եմ շեշտել մի միտք` մինչ այս, հայ ժողովուրդը ապրել է իր ընտանիքի համար, արարել է իր ընտանիքի համար, հիմա և հետո պետք մտածել ու անել և արարել միայն հայրենիքի համար, Հայաստանի համար։ Ամեն ինչ, տարական քայլից սկսած, պետք է անել հայրենիքի համար։

Նույնիսկ մարդ մարդու հետ շփվելիս պետք է անի հանուն հայրենիքի։ Հայը պետք է շնչի հայրենիքի համար, չկա ուրիշ ճշմարտություն կամ ճամփա։

Ապարանի հուշարձան

Ի՞նչ սկզբունքով եք ընտրում հանուն հայրենիքի վաճառքի նկարները։

-Սկզբունքս սա է` բոլորն էլ ներկայացված են։

Մի հարց տամ` երաժիշտը, որ երաժշտություն է գրում, ո՞ւմ համար է գրում և ինչու է գրում։

Ժողովրդի համար։

-Ուրեմն ինչ է ես եսասե՞ր եմ, որ արածս ստեղծագործությունների մեջ ընտրեմ լավագույնը կամ ասեմ` սա իմն է մենակ։ Ես ավելի հաճույք եմ ստանում, երբ նկարներս նոր տերեր են ունենում, որոնք սիրով են խնամում։

Մերօրյա հերոսերից կա՞ ինչոր մեկը, որին կուզեք նկարել կամ գուցե արդեն նկարել եք։

-Դեռ չեմ մտածել այդ ուղղությամբ, քանի որ նույնիսկ չեմ կարողանում այս պահին նկարել, իսկ թե հետո ում կնկարեմ, հավանաբար հետագայում կորոշվի։

Եվ վերջումՈրպես արվեստագետ, երբ այսօր երկրում պատերազմական դրություն է, ի՞նչ խորհուրդ կտաք ընթերցողին։

-Ապրել հանուն հայրենիքի, ուրախ լինել հանուն հայրենիքի։

Արմինե Սահակյան

4-րդ կուրս

Կիսվել