Խմորե խաչ՝ աղավնու պարանոցին. Նոյեմբերյանից Արցախ

Խմորե խաչ՝ աղավնու պարանոցին. Նոյեմբերյանից Արցախ

963

Սեպտեմբերի 27-ից Արցախում և Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված։ Այս օրերին Հայաստանում մի շարք կազմակերպություններ ու խմբեր հանդես են գալիս տարբեր նախաձեռնություններով։ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը ևս տնօրինության նախաձեռնությամբ ներգրավված է նմանօրինակ աշխատանքներում։ Մշակույթի կենտրոնի ուսուցիչները, աշակերտները և մի շարք կամավորներ տնօրեն Սոնյա Զուրաբյանի հետ միասին պատրաստել են ձեռագործ խաչեր՝ օրհնելու և առաջնագիծ ուղարկելու նպատակով։ Խաչերը պատրաստել են խմորից, որը հունցել են փոքրիկները։

Խաչերի խմորից պատրաստելն իր խորհուրդն ունի․ այն խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքը։ Աշխատանքներում առկա նյութերն ամբողջությամբ ձեռագործ են՝ պատրաստված մշակույթի կենտրոնի ուսուցիչների, աշակերտների և կամավորների կողմից։

Հետաքրքրական է, որ պատրաստման ընթացքում բաց պատուհանից ներս է մտել խաղաղության խորհրդանիշ աղավնին։ Ուսուցիչները, պահը բաց չթողնելով, իրենց պատրաստած խաչն ամրացրել են թռչունի պարանոցին և բաց թողել՝ հույս ունենալով, որ այն ավետիս կբերի ողջ ժողովրդին։ Բացիկի կենտրոնը զարդարում էր ձեռագործ խաչը, որն օրհված էր քահանա Տեր Սմբատ Աբրահամյանի կողմից։ Մյուս կողմում գրված էր զինվորի աղոթքը։ Դրսի մի կողմում եռագույնն էր, իսկ մյուս կողմում՝ բոլորի սրտի խոսքը՝ ուղված մեր պաշտպաններին։

Բացիկների մի մասը կամավորների ջանքերով արդեն առաջնագծում է, մյուս մասը կհասնի մեր վիրավոր զինվորներին։ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնն իր փոքրիկ ներդրումով փորձում է նպաստել վաղվա հաղթանակի կերտմանը՝ մեր զինվորներին վստահեցնելով, որ թիկունքն ավելի քան ամուր է։

Արփինե Բեջանյան

2-րդ կուրս               

Կիսվել