«Նամակ զինվորին»՝ առաջին արկղն արդեն տեղադրվել է «Հանրապետության հրապարակ» կայարանում

«Նամակ զինվորին»՝ առաջին արկղն արդեն տեղադրվել է «Հանրապետության հրապարակ» կայարանում

794

Նոյեմբերի 3-ից Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում տեղադրված է «Նամակ զինվորին» արկղը, որն արդեն կիսով չափ լցված է մետրոպոլիտենի ուղևորների գրված նամակներով։

Նախաձեռնության հեղինակը Շողեր Աթանեսյանն է, ում կազմակերպչական հարցերում շատ օգնել է իր մոտ ընկերուհին՝ Սոնա Ջավախյանը։

Շողեր Աթանեսյանը նշում է, որ ամեն կերպ ցանկացել են օգնել սահմանին կանգնած զինվորին, իսկ արկղի գաղափարը շատ պատահական է ծնվել․ «Այս օրերին, երբ անվերջ գլխումդ պտտվում են մտքեր՝ ինչպես օգնել հերոս զինվորներին, ակամայից շրջապատում ամեն բան կարող է ներշնչանքի աղբյուր դառնալ, ինչպես որ այս դեպքում, երբ շատ պատահաբար տեսա մեր մեդիա անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի գրառումը, թե ինչքան կարևոր են մեր զինվորների համար նամակները, ու որ հարկավոր է հնարավորինս շատ գրել, հասկացա, որ եթե նամակները թեկուզ աննշան մեր զինվորներին ջերմացնում են, ուրեմն՝ պետք է լինեն շատ, անհաշվելի շատ»։

Շողերը խոստովանում է, որ տարբեր տեղեր է մտածել արկղերի տեղադրման համար՝ սուպերմարկետներ, բանկեր․ «Վերջում հասկացա, որ ամենաճիշտը մետրոն է։ Մարդիկ նստած ինչ-որ ժամանակ են անցկացնում առանց զբաղմունքի մինչև գնացքը կգա։ Միանգամից կապվեցի Մետրոպոլիտենի հետ, ու սկսեցինք քննարկել նախագծի մանրամասները։ Առաջինը տեղադրվեց Հանրապետության հրապարակի կայարանում, ևս 9-ում էլ շուտով կտեղադրվեն»։

Սոնա Ջավախյանը հավելում է․ «Գաղափարն առաջացավ, միանգամից դիմեցինք մեր ընկերներին, ովքեր արագ արձագանքեցին։ Եկող շաբաթվա ընթացքում բոլոր կայարաններում էլ կտեղադրվեն նման արկղեր։ Նամակները կցվելու են բոլոր այն կազմակերպություններին, որոնք ներկա պահին պարագաներ են հավաքում՝ ուտելիք, հագուստ՝ դիրքեր ուղարկելու համար։ Արդեն նման պայմանավորվածություններ ձեռք բերել ենք Երևանի քաղաքապետարանի հետ և մի շարք այլ ընկերությունների հետ, որոնք  նման ծանրոցներ են ուղարկում։ Նամակները իրենց ենք փոխանցելու, որպեսզի տուփերի հետ տանեն»։

Սոնան նշեց նաև, որ գաղափարը մի քանի օրվա ընթացքում է իրագործվել․ «Մեր ծանոթ-բարեկամներն արագ արձագանքեցին, ու այն ամենն, ինչ վերաբերվում է զինվորին, գումարի մասին անգամ խոսք գնալ չի կարող։ Մեր ընկերներից Արմինե Ղազարյանը տպագրական բոլոր հարցերով աջակցել է։ Ես ևս նամակ եմ գրել ամուսնուս, ով կամավոր մեկնել է ռազմաճակատ, իհարկե, չգիտեմ՝ ում կհասնի, բայց սիրով գրել եմ»։

Արմինե Ղազարյանը պատմում է, որ միանգամից համաձայնել են պատրաստել տուփերն ու անվճար․ «Ներկա պահին մեր տպագրատունը հագուստներ է կարում՝ ժիլետներ, ներքնազգեստ, փոխան, և անվճար տրամադրում ենք զինվորներին։ Արկղում հավաքված նամակներից դնելու ենք նաև այդ հագուստների մեջ, հետո նոր ուղարկենք զինվորներին։ Ես դեռ չեմ հացրել նամակ գրել, որովհետև բացի զինվորներից, նաև աջակցում ենք արցախցի ընտանիքներին»։

Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նամակներ գրում են բոլորը ՝ անկախ սեռից, տարիքից․ «Առաջինը իրենց հայրիկներին, հորեղբայրներին ու մորեղբայրներին նամակներ գրել են արցախցի երեխաները, ովքեր ճանաչողական այցով եկել էին Երևանի Մետրոպոլիտեն»։

Տաթև Խաչատրյանը նշեց նաև, որ պատերազմից հետո արկղերը դժվար թե մնան կայարաններում, քանի որ գաղափարի իրագործումը նախատեսվել է միայն այս ժամանակահատվածի համար։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ բոլորվին չի զարմացել, երբ իմացել է նախաձեռնության մասին․ «Այս օրերին բոլորն էլ փորձում են որևէ բանով աջակցել։ Դրանում ես ներդրում չունեմ, քանի որ աշխատում եմ նաև դպրոցում, ներկա պահին իմ աշակերտներն են կանգնած սահմանին ու գիտեմ, որ ամեն ուղարկվող արկղի հետ ամենից շատ սպասում են նամակների, և ընդամենը ֆեյսբուքում գրեցի, որ ինչքան հնարավոր է շատ նամակներ գրենք և ուղարկենք տղաներն։ Հավատացնում եմ՝ այս օրերին դրանք շատ կարևաոր են»։

Էլենիտա Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել