Ճանաչենք մեր հերոսներին. Սարմեն Այվազյան

Ճանաչենք մեր հերոսներին. Սարմեն Այվազյան

2501

Ադրբեջանական ագրեսյան հետ մղելու արդյունքում հոկտեմբերի 6-ին զոհվել է Սարմեն Այվազյանը։ Սարմենը ծնվել է 2001թ-ի հոկտեմբերի 1-ին Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղում։ Սարմենը՝ ընտանիքի միակ արու զավակն էր, իրենից փոքր երկու քույր ունի։

Սարմենի հերոսության, մարդ տեսակի մասին զրուցել ենք քույրիկի՝ Լիլիթի հետ։

Քրոջ խոսքով՝ հերոսը անչափ բարի, խելացի ու հայրենասեր էր. «Եղբայրս բոլորի մասին մտածում էր, ռիսկով էր շատ, մեծ շրջապատ ուներ, ընկերասեր էր»։

Հարցին, թե արդյո՞ք Սարմենը խիստ եղբայր էր, Լիլիթի պատասխանը միանշանակ էր. «Խիստ էր, եթե ինքը ասում էր ինչ-որ բան, մենք գիտեինք, որ դա ճիշտ է։ Սարմենը մարդկանց շատ լավ էր ճանաչում, երբեք չի սխալվել նրանց հարցում, բոլորը գիտեին իրեն»։

Հերոս տղան նվիրված է եղել բոլորին անխտիր, միևնույն ժամանակ չի սիրել, որ իր գործերին են խառնվել, քրոջ խոսքով՝ երբեք չի կիսվել խնդիրներով, ամեն բան սիրել է անել ինքնուրույն։

Սարմենը սիրած աղջիկ ուներ, որի հետ Լիլիթը հիմա էլ շփվում է, ասում է՝ շատ գեղեցիկ բարի ու համեստ աղջիկ է, Սարմենը իրեն շատ է սիրել։

Քույրը լավ է հիշում՝ Սարմենը միշտ ասել է՝ ձեզ լավ կպահեք ու լավ կսովորեք մինչև գամ։ Տղան 9 ամիս էր ինչ անցել էր ծառայության, բայց կորոնավիրուսյան հիվանդության պատճառով զինվորական արձակուրդ չէր եկել։    Լիլիթի խոսքով՝ հերոսը ուզում էր գալ, ասել է՝ գամ շատ բան ունեմ անելու։

Մեծ սիրով է մեկնել ծառայության, միշտ ասել է ՝ Արցախում եմ ծառայելու, այդպես էլ եղել է։ Սարմենի ծառայությունն անցել է Հադրութում, երբեք ոչնչից չի բողոքել, ընդհակառակը՝ միշտ ասել է՝ ամեն ինչ հրաշալի է։

Վերջին անգամ հերոս Սարմենի հետ խոսել է մայրը, ինչպես միշտ ուրախ է եղել։

Լիլիթը ասում է՝ Սարմենը հիացամունքով միշտ խոսել է հերոս Ռոբերտ Աբաջյանի քաջագործության մասին. «Պատմում էր, որ չի թողել դիրքը վերցնեն՝ իմանալով՝ ինչ կլինի, նռնակ է նետել ու ինքնել հետը զոհվել, ասում էր՝ մեր հերոսն է, ու ինքն էլ դարձավ մեր հերոսը»։

Լիլիթը անասելի հպարտ է, որ հենց իրեն է բախտ վիճակվել ունենալ Սարմենի պես հզոր եղբայր, ասում է՝ նա գիտակցված է տվել իր կյանքը։ Հպարտությունը մեծ է, բայց երբեք չի պատկերացրել, որ Սարմենի հետ նման բան կլինի. «Ինքը եղել է ու կա, ինքը մեր հերոսն է ու իմ պահապան հրեշտակը։ Ես շատ կուզեի իրեն ամուր գրկել ու ասել՝ ինչքան եմ սիրում ու ինչ հպարտ եմ իրենով, ինքն էլ իրեն բնորոշ ձևով կասեր՝ ցավդ տանեմ, ես էլ քեզ եմ շատ սիրում …»

Հերոսի քույրը հիմա կռվող տղաներին մեկ պատգամ ունի. «Զգույշ եղե՛ք, տղերք ջան ու միշտ հիշե՛ք՝ էստեղ ձեզ սպասում են, հավերժ փառք զոհվածներին, մենք խոնարհվում ենք նրանց առաջ»։

Լիլիթը վստահ է՝ հերոս եղբոր քայլը հիշվելու է հավերժ ու մնա պատմության մեջ՝ որպես հայ զինվորի կամքի ու արիության լավագույն դրսևորում։

Ստորև ներկայացնում ենք հերոսի ու հրամանատարի վերջին երկխոսությունը…

-Դրանց խրամատը մի քանի գրանատ պիտի գցվի, ո՞վ կա, արծիվնե՛ր:

-Ես կանեմ կամանդիր…

-Էդ ով ա՞…

-Ես եմ, կամանդի՛ր…

-Ա՛յ տղա, ես ռացիայով ի՞նչ իմանամ՝ ես-ը ո՞վ ա:

-Սարմենն ա, կամանդի՛ր:

-Հա՛, Սարմե՛ն ջան, դե ծոցդ, ջեբերդ որտեղ կարաս, գրանատ լից ու զեկուցի:

– Պատրաստ եմ, կամանդի՛ր:

– Ապրես, Սարմե՛ն ջան, հիշի՛, որ կարևորը, որ հետ գաս:

– Լա՛վ, կամանդի՛ր…

-Սարմե՛ն…

– Հա՛, կամանդիր, հասնում եմ…

– Պապլաստունսկի ես, չէ՞, գնում…

– Հա՛, կամադի՛ր…

– Տղե՛րք, դուք անդադար կրակեք, որ դրանք գլուխերը չհանեն, համ էլ չլսեն ռացիայի ձենը, Սարմե՛ն, ականջիդ մոտ պահի, ձայնը՝ մինիմում:

– Տենց էլ անում եմ, կամանդի՛ր…

– Տղե՛րք, հերթով կրակե՛ք, մի վայրկյան կրակը չդադարացնե՛ք… Սարմե՞ն…

– Հա՛, կամանդի՛ր…

– Քանի՞ մետր մնաց…

– 15 մետր:

– Երեք էլ սողա, գլուխդ ոչ մի վայրկյան չբարձրացնես:

– Հասա, կամանդի՛ր:

– Ձեներ կա՞ն:

-Չէ՛, կամանդի՛ր:

– Երկու հատ քցի յաչեյկեն:

-Սարմե՞ն…

– Հա՛, կամանդի՛ր, քցեցի, երկու հոգի թռան օդ, ընկան դեմս:

– Կանտրոլնի գլխից, մեկ-մեկ հատ բաց թող:

– Գլխի՞ց:

– Բա չէ, ոտից:

-Արած ա, կամանդի՛ր

– Գնա՛ աջդ, տղե՛րք, շարուակե՛ք, մի վայրկյան դադարացրիք, ձեռիցս չեք պրծնի:

– Հասա, կամանդի՛ր:

– Իմ հիշելով՝ էդ մեկը մեծ ա, երեք հատ քցի:

– Քցեցի կամանդիր:

-Քանի՞ հոգի թռավ:

-Ոչ մի, կամանդի՛ր:

– Տնքոցներ չկա՞ն, ձեն չկա՞:

– Չէ՛, կամանդի՛ր:

-Լավ ուրեմն ձախում են, հասնես, ասա:

-Հասա, կամանդի՛ր, բայց չեմ կարողանում լավ մոտենամ, կրակում են:

-Տղե՛րք, Պեկայով մաղե՛ք դրանց յաչեյկեն, զգո՛ւշ եղեք, ցածր չխփե՛ք:

-Հասա, կամանդի՛ր:

– Քցի՛, տղե՛ս, քցի՛ ու հե՛տ սողա:

– Քցեցի տնքում-ոռնում են…

– Շա՞տ էին…

– Հա՛, կամանդի՛ր, շատ-շատ էին ոնց որ…

-Դե հե՛տ արի, բալե՛ս, ապրե՛ս:

-Բա կատրոլնի՞ն, կամանդի՛ր:

-Պետք չի, հե՛տ արի, տղե՛ս…

-Սարմե՞ն…

-Սարմե՞ն…

-Սարմե՞ն, ձե՛ն հանի, տղե՛ս

-Տղե՛րք, ի՞նչ եք տեսնում:

– Կամանդի՛ր, ոնց որ խփեցին, Սարմենին…

– Հա՛, կամանդի՛ր, իրանց յաչեյկի դեմն ա…

– Հանե՛ք տղուն…

– Յաչեյկի դեմն ա, կամանդի՛ր…

– Բոլորով կրակեք, երկուսով հանեք

– Հանեցինք, կամանդի՛ր, չկա մեր Սարմենը…

-Ախ…

-Կամանդի՛ր, սաղին մորթել ա, խրամատը ազատ էր, երևի վիրավոր մեկն էր խփել վերջին շնչում…

…Բարձունքը մերն ա, կամանդի՛ր, բարձունքը մերն ա, Սարմենը չկա…

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել