Մեր հերոսները պատմում են, թե ինչ տեսան ու ապրեցին պատերազմի ժամանակ. մեկը փորձել է լրագրողի առաքելությունն իրականացնել հենց ռազմի դաշտից, մյուսը Արցախից եկած երեխաների աչքերով է տեսել պատերազմը։ 19-ամյա Լիան էլ, ով թողել է հայրենիքը, պատմում է վերադարձի ու հետագա անելիքների մասին, քանի որ վստահ է ՝ շուտով տուն է գնալու:
Առավոտյան խմբագիրը զանգահարեց, ասաց՝ շտապ արի, չե՞ս տեսել՝ ինչ ա կատարվում: Ասացի՝ չէ՛, ճիշտն ասած, քնած եմ եղել։ Արագ վազեցի խմբագրություն: Անընդհատ եթեր էինք մտնում: Սակայն հասկացանք՝ իրավիճակը լուրջ է, ու պիտի Արցախ մեկնենք։ Խմբագրությունում, իհարկե, չասեցին, որ պարտադիր հենց ես պիտի գնամ, բայց ցանկալի կլիներ։ Եթե վախենում եմ կամ որևէ այլ խնդիր կա, կարող եմ չգնալ։ Ընտանիքիս անդամներից որևէ մեկին չեմ զանգել ու չեմ հարցրել՝ կարող եմ գնալ, թե ոչ, քանի որ որոշել էի՝ հենց ես եմ գնալու ու վերջ։ Միայն ճանապարհից զանգահարեցի տուն ու ասացի, որ մեկնում եմ: (Տնեցիներին դեռ վաղուց էի նախապատրաստել, որ լրագրող եմ, ու ցանկացած պահի, ցանկացած տեղ կարող եմ գնալ): Իրենք պատրաստ էին, բայց շոկի մեջ էին։
Հիմա էմոցիա մտաբերել չեմ կարող, որորվհետև այդ ժամանակ ամեն զգացողություն կամ զգացմունք անջատվում է՝ վախ, հուզմունք… ամեն ինչ։ Միակ բանը, որ մտածում ես՝ պիտի արագ գործես, արագ հասնես ու լուր տաս, քանի որ գիտեինք՝ թուրքական, ադրբեջանական լրատվամիջոցները ինչքան ապատեղեկատվություն են տարածում, ու, ցավոք, մեր հասարակությունը բավականաչափ մեդիագրագետ չէ, պետք է գործել արագ ու մարդկանց խուճապի չմատնել։
Ինքնակազմակերպվել ու գնացել ենք, չենք էլ մտածել՝ որտեղ ենք մնալու, համար էլ չենք պատվիրել։ Հասանք երեկոյան: Արցախում ազատ համար մոտ երկու ժամ չենք գտել։ Անգամ այդ ժամանակ գերնպատակս եղել է ինֆորմացիա հաղորդելը. եթե դու լրագրող ես, այլ կերպ չի կարող լինել։ Զինվորը սահմանին է կռիվ տալիս, մենք` մեդիադաշտում։
Պատերազմից դեռ ամիսներ առաջ գնացել էի Տավուշի սահմանամերձ գյուղեր` նյութ պատրաստելու: Այդ ժամանակ տավուշցի մի պապիկի հանդիպեցի ու հարցրի` դժվա՞ր է, վախ չկա՞, որ ամեն պահի կարող են կրակել, հարձակվել։ Պապիկն ասաց՝ կա, դրա համար շորերով ենք քնում։
Միայն պատերազմի օրերին հասկացա պապիկին ու իր ասածները զգացի։ Մենք էլ նույն շորերով քնում, զարթնում էինք։ Բայց դա քնել չէր. երկու ժամից ավել քնել չէի կարողանում անհանգստությունից։
Բոլոր նկարահնումներն ուղեկցվել են կրակոցներով, ու երբ վերադարձա, ինձ փոխարինելու եկավ գործընկերս: Ես հասա Երևան, իսկ ինքը՝ Արցախ։ Հենց այդ օրն էլ թշնամին թիրախավորեց լրագրողներին ու վիրավորեց հենց ինձ փոխարինած լրագրողին: Նրա փոխարեն կարող էի լինել ես:
Պատերազմը շատ բան փոխեց ու սովորեցրեց։ Երբ տնեցիները հուզված ինչ-որ բան են պատմում, ես հասկանում եմ, որ էդպես էլ պետք է լինի, որ էնտեղ գնացող ցանկացած մարդ հարցականի տակ է դնում իր կյանքը՝ լինի իմ եղբայրը, քո, թե մյուսի։ Ու մենք բոլորս էլ մեր տղաներին էնտեղ ուղարկելիս դա գիտակցում ենք։
Նախկինում շատ էի հուզվում սրտաճմլիկ պատմություններից… Հիմա ավելի սառն եմ։ Իսկ մասնագիտական առումով սովորեցի շատ ավելի արագ կողմնորոշվել, որովհետև եթե ուրիշ ժամանակ կարող ես նստել, մտածել՝ ոնց անեմ սթենդ ափը, որ սիրուն լինի, հիմա դրա ժամանակը չկա, հիմա ամեն րոպեդ թանկ է թե՛ քո կյանքի, թե՛ քո աշխատանքի համար։ Մենք նկարահանման էինք դուրս գալիս վաղ առավոտյան ու մինչև մութն ընկելն ամեն հնարավոր բան փորձում էինք նկարել. րոպե չկար կորցնելու, ամեն պահը թանկ էր։
Երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, շատ արագ մտածեցի ՝ ինչ կարող եմ անել օգնելու համար։ Հայտարարություն տեսա, որ Արցախից եկած մարդկանց հետ հոգեբանական աջակցություն անցկացնելու համար հոգեբան կամավորներ են պետք։ Որոշ բաներ գիտեի հոգեբանությունից, դասերի ժամանակ էլ թեթև ուսումնասիրել էի։ Արագ արձագանքեցի: Իմացան, որ մասնագտությամբ լրագրող եմ և ոչ հոգեբան: Դասընթաց անցա արագ, նյութեր կարդացի մի երկու գիշեր ու հոկտեմբերի 2-ին ուղևորվեցի ժամանակավոր կացարան։ Սկզբից ոգևորված էի: Երբ հասա, սկսեցի վախենալ, թե ինչպես եմ խոսելու, ում ու ինչպես եմ օգնելու։ Մեզ համակարգողը ցույց տվեց, թե ինչ ենք անելու՝ պետք է սենյակներով անցնել և անել կարիքի գնահատում՝ ինչ վիճակում են, ինչպես հանել հոգեբանական ծանր վիճակից և բերել սթրեսակայուն վիճակի։ Մի քանի սենյակ մտնելուց հետո գլուխս սկսեց ուժեղ ցավել, հիշում եմ՝ պահ եկավ՝ ուզում էի առանձնանալ ու լաց լինել։ Երբ կացարանում էինք, կարծես զգացի՝ հիմա այստեղ պետք է լինեմ ու վերջ։ Շենքը նախկին մարզական կենտրոն է՝ երկհարկանի հյուրատուն, Ծիծեռնակաբերդի խճուղի 4 հասցեում։
Մի քանի շաբաթ կացարանում էինք ևաշխատում էինք երեխաների ու մեծերի հետ հույզերի կառավարման, կորստի հետ համակերպման և նման այլ հարցերով։ Մի քանի շաբաթ անց ունեցանք անգլերենի ակամավոր ուսուցիչներ, ովքեր շաբաթական մեկ օր պետք է հանդիպեին երախաների հետ։ Մենք, որ ամբողջ օրն անցկացնում էինք այնտեղ, ակամայից դարձանք ուսուցիչներ։ Պետք էր կատարել երեխաների հետ առաջադրանքները, նոր նյութ բացատրել, քերականությամբ զբաղվել և այլն։ Հիշում եմ, երբ դասասենյակ մտա, բոլորը զարմացել էին։ Գիտեին, թե հոգեբան եմ։ Տեղեկացրի, որ դասավանդելու եմ հայոց լեզու, գրականություն և անգլերեն։ Ոգևորվեցին, ես էլ իրենց հետ։ Ես աշխատում եմ մեծերի՝ 12-17 տարեկանների խմբի հետ: Որպես աշակերտներ՝ շատ պատասխանատու ու հոգատար են։
Երբ դասերն ավարտվում են, ընկեր Շուշանիկը դառնում է Շուշանիկ, ով ընկերակցում է, բակային խաղեր խաղում։ Որպես ուսուցիչ մի բան եմ առանձնացրել. Արցախում անգլերենի մատուցումը և ուսուցանումը վատթար վիճակում է, երեխաները գրեթե ոչինչ չգիտեին և բազմաթիվ արտասանական սխալներ էին թույլ տալիս։ Երբ բախվեցի այս պատկերին, որոշեցի հետաքրքիր ձևով հարցը լուծել: Երեխաներիս հետ պայմանավորվեցի՝ ով սխալ կարտասանի որևէ բառ, դասարանից մեկ րոպե դուրս կգա, հետո կվերադառնա արդեն ճիշտ արտասանությամբ։ Երեխաներս հիմա զվարճանքով են սա կատարում, ստացվում է։
Հրաժարվել եմ վերապրման մտքից։ Բայց միշտ ծանոթ եմ իրենց հոգեբանական վիճակին։ Կիրակի օրերին իրենց համար գիրք եմ ընթերցում, իսկ իրենք ուշադրությամբ լսում են։ Անցած շաբաթ ավարտեցինք «Փոքրիկ իշխանը»: Այս անգամ կարդալու եմ Սարոյանի «Հայրի՛կ, դու խենթ ես» գործը։ Երեխաները ինձ ոչ թե փոխել են, այլ օգնել՝ մոտ լինելու իրական ես-իս…
Պատերազմին նախորդող օրը տատիկիս հուղարկավորությունն էր։ Թվում էր՝ կոտրված ու անգործունակ եմ։ Երբ դիմեցի հայտարարությամբ, մտածում էի, որ տատիկս հենց դա կուզեր ինձ համար։ Պատերազմ տեսած երեխեքի հետ շփումն ինձ խեղճացնում է, որովհետը ես բախվում եմ անսահման ուժեղության, աչքերի, որ տեսել են հարազատ տան փլատակները, ապրել են կորստի ցավը։ Երբեմն ամաչում եմ նայել այդ աչքերին, որովհետև այնքան թույլ եմ, որ թուլությունս ամաչում է նրանց ուժեղությունից։ Իմ երեխաները լավատես են, ես կամաց-կամաց սովորում եմ, թե ինչպես լինել այդպիսին։ Կացարանում արդեն բոլորս գիտենք՝ հենց այս ամենն ավարտվեց, մեզ հյուրընալելու են իրենցից յուրաքանչյուրի նորակառույց տներում։
Ես ուզում եմ՝ րոպե առաջ գա այդ օրը, բայց վախենում եմ բաժանումից։ Պատերազմն ամենամեծ չարիքն է մարդու համար: Թող ավարտվի, որ Տիգրանիս հետ գնանք իրենց տուն թեյ խմենք, հետո թեյի ավելցուկը շփենք բակում։
արցախցի աղջնակ
Պատերազմի հաջորդ օրը ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։
Ապրել Արցախում նշանակում է կոփել միտքդ, հոգիդ ու նույնիսկ մարմինդ։ Մենք սովոր ենք պայթյունների, կրակոցների ձայներին, ու ամեն անգամ նման ձայները լռեցվում էին շատ արագ։ Մենք երեխաներով նույնիսկ կատակում էինք հենց լսվում էին այդ կրակոցները։ Սեպտեմբերի 27-ի գիշերը մենք քնած էինք, երբ սկսվեց։ Առավոտյան պապաս արթնացրեց. պատերազմն արդեն սկսվել էր, բոլորը դրսում էին… խոսում էին ինչ-որ բաներ։ Հենց դուրս եկանք, առաջինը տեսա, որ Շուշիի կողմ են կրակում, ու նաև հրդեհ տեսա։
Միանգամից զորահավաք սկսվեց: Եղբայրներիս տարան։ Ամբողջ օրը լարված ենք եղել, սարսափելի ձայներ, անընդհատ ինքնանթիռներ էին գնում-գալիս։ Մի օր մնացինք ապաստարանում, հաջորդ օրը հասկացանք, որ իսկական պատերազմ սկսվեց։ Մերոնք որոշեցին մեզ ուղարկել Հայաստան։ Հաց, ջուր, քնել… բնական բաներ անգամ չենք արել, բոլորը կռվի մեջ էին՝ մտքով ու հոգով։ Նման պահերին մի տեսակ գիտակցությունդ լքում է քեզ, խլանալու, կուրանալու պես մի բան է լինում։ Եկանք Հայաստան, որտեղ հեռու էին սեփական տնից, ընկերներից… Ավելի դժվար իրավիճակ ստեղծվեց։
Չգիտեմ, էնտեղ թողել ենք մի կյանք, մի աշխարհ ու գլխավորը մեր հայրենիքն ենք թողել ու էստեղ ենք։ Մենք հաղթելու ենք, տուն ենք գնալու, ու մի երազանք ունեմ՝ հենց վերադարձանք, առաջինը պիտի ծնողներիս օգնեմ, որ մեր տունը կառուցենք։ Մանկության տարիներին մեր տան բակում էնքան եմ ընկել, որ երևի ամեն դար ու փոս հիշում են ինձ… Գնալու ենք ու շարունակենք ապրել։
Դպրոց, ընկերներ, մանկություն… էնտեղ են անցել, ամեն ինչ հարազատ է, ու հենց էնպես զիջել էդ ամենը, չենք պատրաստվում։ Ամենաշատը ընկերոջս եմ կարոտել, մեր տունը։ Էստեղ մեր հարազատների հետ ենք, ամեն ինչ կա, բայց շատ ենք ուզում տուն գնալ։ Ինձ ու իմ պես շատ երեխաների ու երիտասարդների խաղաղություն է պարտք աշխարհը: Հայրս, եղբայրներս բերելու են խաղաղ կյանք։ Ինչ սկսվել է պատերազմը, սովորելու հնարավորություն էլ չկա, ու եթե անկեղծ ասեմ՝ մենք եկել ենք ֆիզիկապես միայն. մեզնից ամեն բան մնացել է Արցախում։
Էլենիտա Սարգսյան
4-րդ կուրս