Վիրակապեր թիկունքից՝ առաջնագծի համար

Վիրակապեր թիկունքից՝ առաջնագծի համար

690

Օրեր շարունակ Անգլիական այգում վիրակապերի պատրաստման թեժ աշխատանքներ էին: Կամավորները գալիս, դաշտային վիրակապեր էին պատրաստում՝ սահման ուղարկելու նպատակով: Անա Ղարիբյանը մեկն էր այն մարդկանցից, ով փորձում էր ինչ-որ բանով օգտակար լինել: Այս ամենն արվում էր զինվորներին անհատական առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար.

«Լայն պարսատիկ ենք պատրաստում, մենք իրեն արդեն ձևել ենք, կտրել ենք, ու մնում է ուղղակի կողքից թելերը հանենք, որպեսզի վիրակապելու ընթացքում չխանգարեն»,-պատմում է Անա Ղարիբյանը:

Ի սկզբանե կար քարանձավախուզական «Arm Speleo Team»-ը, որը զբաղվում էր քարանձավային տուրիզմով, բացահայտումներով: Թիմի հիմնադիր Տիգրան Արմենյանը պատերազմի սկզբի մի քանի օրը սպասել է, որ իրեն կանչեն, սակայն որոշել է ձեռքերը ծալած չնստել ու գործի անցնել՝ թեկուզ թիկունքում.

«ՊՆ-ում, հիմնականում, բացակայում էր էս տիպի վիրակապերը՝ եռանկյունաձև, պարսատիկաձև…ու սկսեցինք արդեն օգտագործել ինտերնետում եղած մեր հարթակները՝ մարդկանց ներգրավվել, կանչել ու կամավորական սկզբունքով այդ ամենը կազմակերպել»,-ասում է «Arm Speleo Team»-ի հիմնադիր Տիգրան Արմենյանը:

Քանի որ վիրակապական պարագաների պատրաստմամբ զբաղվող կամավորների խումբ չկար, որոշեցին այս ուղղություն իրենց ձեռքը վերցնել:Սկզբում մի քանի ընկերներով իրենց տներից բերված սավաններով եկան այգի՝ վիրակապեր պատրաստելու, իսկ հետո տարբեր մարդիկ սկսեցին միանալ՝ բերելով անհրաժեշտ որակի ու քանակի կտորեղեն.

«Արդեն մի քանի փուլով ուղարկել ենք սահման՝ տարբեր եղանակներով, բայց, հիմնականում, աշխատում ենք սահմանագիծ ուղարկել, որպեսզի հասնի ճիշտ նշանակետին»,-պատմում է Տիգրան Արմենյանը:

Կամավոր Վիկտորյա Կարապետյանը հենց առաջին օրից միացել է թիմին: Պատերազմն առիթ դարձավ նման նախաձեռնությամբ հանդես գալու համար: Քանի որ նրանք աշրավականներ են,  արդեն իսկ ունեին առաջին բուժօգնության հմտություններ, վիրակապերի կիրառման փորձ, լավ ծանոթ էին դրանց տեսակներին և տիրապետում էին իրավիճակին: 

Արդեն ունեն տեղեկություն, որ իրենց վիրակապերն հասել են օգնության հենց կռվի թեժ պահերին, և բուժակներն օգտագործվում են: Իրենք արդեն տեղում բացում են ուղարկված փաթեթը, ու պատրաստի վիրակապով օգնություն ցուցաբերում վիրավոր զինծառայողներին:

Վիրակապ պատրաստելը բարդ չէ, նաև շատ ժամանակ չի խլում: Կամավորների մոտ աշխատանքը հեշտությամբ է ստացվում: Նմուշի ձևը տարածում են, գործն էլ արագ ավարտին հասցնում.

«Մենք էսպես թելերը հանում ենք, ծալում, հետո փաթեթավորում ու ուղարկում: Քանի որ մենք ֆիզիկապես չէինք կարող ներկա լինել, փորձում էինք այսպես օգնել ու վստահ ենք, որ իրենց շատ պետք կգան»,-ասում է կամավոր Ռուբինա Կարապետյան:

Տարբեր ձի ու չափի վիրակապերը պատրաստված են մի շարք վնասվածների բարդությունները կանխելու համար: Չնայած օգտագործումը շատ պարզ է, այնուամենայնիվ, դրանց հետ զետեղում են նաև հատուկ ձեռնարկ, որտեղ գրված է, թե որ տեսակի վիրակապերն ինչպիսի վնասվածքների դեպքում ու ինչպես է պետք կիրառել:

«Պատրաստման ընթացքը մենք անպայման ուզում ենք շարունակական լինի: Պատերազմի ավարտից հետո ուզում ենք սա վերածել մեծ նախաձեռնության,որտեղ մարդիկ կգան, կսովորեն, կպատրաստեն ու նաև կստանան գիտելիքներ առաջին բուժօգնության մասին»,-ամփոփեց  կամավոր Վիկտորյա Կարապետյանը:

Էլիզա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել