Քսանամյա տավուշցին՝ թշնամու ահ ու սարսափ. հերոս Անդոյի սխրանքները

Քսանամյա տավուշցին՝ թշնամու ահ ու սարսափ. հերոս Անդոյի սխրանքները

1040

Հոկտեմբերի 18-ին հրապարակվեցին նորօրյա հերոսների նոր անուններ։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ ՊԲ-ի մի շարք զինծառայողներ, համագործակցելով աշխարհազորայինների հետ, համատեղ գործողությունների արդյունքում ոչնչացրել են հակառակորդի կենդանի ուժը, զենք-զինամթերքը և սպառազինությունը, գրավել հակառակորդի դիրքը, ականապատել այն և բարեհաջող դուրս եկել տարածքից: Հաջողված գործողության իրականացման համար մայորը, կապիտանները, կրտսեր սերժանտներն ու աշխարհազորայինները կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով։

Ամեն ինչ կարգին էր Արամյանների ընտանիքում, քանի դեռ այս հերոսների շարքում չէին կարդացել իրենց որդու անունը։ Քսանամյա Անդրանիկը, կամ ինչպես ինքն է սիրում, որ իրեն կոչեն՝ Անդոն կատարած սխրագործության մասին ընտանիքի անդամներին ոչինչ չէր ասել։

«Ահագին ժամանակ էր՝ չէր զանգել։ Առավոտյան ժամը հինգին զանգեց, ասեց. «Ես նոր թեյ խմեցի, հիմա ուզում եմ քնեմ։ Դուք էլ հանգիստ եղեք, ամեն ինչ կարգին է»։ Կարևորը մենք իր ձայնը լսեցինք, իսկ թե ինչ էր նշանակում «թեյ խմեցի»-ն, այդ պահին ուղղակի հետաքրքիր չէր մեզ»,-պատմում են հարազատները։

Երկու օր անց առավոտյան հայտնի դարձավ, որ տղաների թեյախմությունը փայլուն ձևով իրականացրած գործողության հանգիստ վայելումն է։ Անդրանիկի մտերիմները պատմում են, որ հիմա ավելի շատ են անհանգստացած իրենց զինվորի համար։ Փաստորեն՝ տղան այնտեղ լուրջ գործողությունների մասնակիցն է դառնում, իսկ տնեցիները նույնիսկ տեղյակ չեն դրա մասին։

«Հենց կարդացի այդ լուրը, չգիտեմ՝ ինձ հետ ինչ կատարվեց։ Ուրախության հետ մեկտեղ շատ անհանգստացա, սկսեցի լացել։ Ու մինչև հիմա չեն դադարում հեռախոսիս զանգերը. բոլորը շնորհավորում են։ Երբ կարդացի տղայիս անունը, համոզված էի, որ ինքն է. հիշեցի մի քանի օր առաջ թեյ խմելու մասին, որը բազմանշանակալից էր ասել»,-պատմում է հերոսի մայրը։

Չլռող հեռախոսը, չդադարող ու բազմաթիվ զանգերը ոչինչ են մի զանգի կողքին, որին բոլորն են սպասում։

Անդրանիկ Արամյանը ծնվել է 2000թ. սեպտեմբերի 19-ին Բերդ քաղաքում։ Դպրոցում պատմություն առարկան չսովորած, բայց այսօր պատմություն կերտող տղան դարձել է բոլորի հպարտությունը։ Անդոն  փոքր տարիքում շատ աշխույժ է եղել, չարաճճի, մի քիչ էլ կռվարար։

«Մեզ համար պատերազմը կավարտվի այն ժամանակ, երբ բոլորի որդիները գան ու հասնեն իրենց ծնողներին»,-ասում է Անդրանիկի մտերիմը։

Անդրանիկի գլխավոր նպատակը տունը վերանորոգելն է։ Տղան շատ է սիրում առաջին տեղում լինել, սակայն չերևալ, ասել է, թե ավելի շատ գործել, քան խոսել։ Զորացրվելուն 100 օրից էլ քիչ է մնացել։ Զրույցի ընթացքում զանգեց ու խոստացավ, որ ինքը գալու է ու մանրամասն պատմի իր ու իր մարտական ընկերների կատարած սխրանքների մասին։ Գալու ու խաղաղություն է բերելու։

Աննա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել