Զոհված սպայի կինը մեկ ցանկություն ունի՝ որ հայ ժողովուրդը բարձր պահի եռագույնը

Զոհված սպայի կինը մեկ ցանկություն ունի՝ որ հայ ժողովուրդը բարձր պահի եռագույնը

1088

Արթիկի նեղ փողոցներում սև ժապավեններ են կախված, մարդիկ մտամոլոր տեսք ունեն։ Քայլում եմ ու ինձ տրամադրում, որ հանդիպեմ զոհված Արման  Զքոյանի հարազատներին հետ։ Մտածում եմ՝ ինչպես սկսել զրույցը:

Հումորով, ընկերասեր ու նվիրված՝ այսպես են Արմանին նկարագրում հարազատներն ու ընկերները։ Արմանի կինը՝ Շողիկն ասում է, որ Արմանի համար սկզբունք էր՝ երբեք թույլ չտալ որևէ մեկին վիրավորել իր անձը։ Արմանի եղբայրը՝ Էդգարը, նշում է՝ Արմանը միշտ իր խնդիրներն ինքնուրույն է լուծել։

Վաշտի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Արման Զքոյանը սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, ապա ուսումը շարունակել ՌԴ-ի Օմսկ քաղաքում։ 2014թ․-ին վերադարձել է հայրենիք և աշխատանքի անցել ՀՀ Պաշտպանության նախարարությունում:

Կինն ասում է, որ Արմանն այս ուղին անցել է հայրենիքի պաշտպան դառնալու համար։ «Արմանի նպատակը է եղել է մեր դրոշը միշտ բարձր պահելը։ Մեր ննջասենյակի պատին նույնիսկ ամրացրել էր մեր եռագույնը»,- պատմում է Շողիկը։

Արմանը ծառայել է Արցախի հարավում գտնվող զորամասում, մասնագիտությամբ տանկային ինժեներ էր։

Եղբայրը՝ Էդգարը նշում է, որ Արմանն առանձնակի հարգանք է ունեցել Հայաստանի խորհրդանիշների նկատմամբ, անչափ սիրել է զինվորական համազգեստը։   Հավելում է՝ եղբայրը ոչ մեկին չի պատմել ծառայության մասին, ինքը մանրամասներ իմացել է Արմանի զինվորներից։ «Ինչ իմացել եմ, հարցրել եմ զինվորներից, եղբայրս զինվորների հետ շփվում էր որպես եղբայր, ոչ թե վերադաս»,- պատմում է Էդգարը։

28-ամյա սպան ծառայությունից դուրս զինվորների մտերիմ ընկերն էր։ «Զինվորներից  մեկն ուզում էր, որ Արմանն իր հարսանիքի կնքահայրը լինի»,- ասում է կինը:

«Դժվա՞ր է զինվորականի կին լինելը»,- հարցնում եմ  Շողիկին։ Մի պահ լռում է ու ասում․ «Ինձ համար զինվորականը Արմանն էր, իսկ նրա հետ ապրելը շատ հեշտ էր, առանց իրեն՝ սարսափելի դժվար»։

Տանը վազվզում է փոքրիկ Դավիթը՝ Արմանի և Շողիկի որդին։ 1 տարեկան 8 ամսական Դավիթը մայրիկի փորքիկ հերոսն է։ «Արմանը անչափ սիրում էր մեր Դավիթին։ Նույնիսկ կարող էր աշխատանքից ուշանալ, ինչ է՝ Դավիթիս հետ կես ժամ ավելի խաղար»,- պատմեց Շողիկը։

Մայրիկն ու հորեղբայրը վստահ են՝ Դավիթը հերոս հայրիկի նման արժանապատիվ կյանքով է ապրելու։ «Ամեն ինչ պատմելու եմ հայրիկի մասին, որ լավ ճանաչի ու նմանվի հայրիկին»,- շեշտում է Էդգարը։

Արմանն ուզել է, որ որդին սպորտսմեն դառնա, կինը նշում է՝ անպայման իրականացնելու է բոլոր երազանքները։

Պատերազմի ընթացքում Արմանը տուն զանգելիս շատ կարճ է խոսել, բայց վստահեցրել է՝ մենք հաղթելու ենք։ «Ինձ միշտ ասել է, որ ամեն բան ընտիր է, որ հանկած չլացեմ։ Անկեղծ՝ շատ զարմացած էի ու նույնիսկ մեկ անգամ կատակով հարցրի՝ Արման, միգուցե դու կռվի դաշտու՞մ չես»,- պատմում է Շողիկը։

Էդգարը հավելում է, որ ինքը խուճապի մեջ է եղել այդ օրերին։ «Շատ խուճապահար էի, երբ խոսեցի եղբորս հետ, վստահեցրեց, թե ամեն բան լավ է, արխային լինենք»,- նշում է Էդգարը։

Արմանենց տան մոտ նրա հիշատակին խաչքար է տեղադրվել։ «Խաչքարը տեղադրել ենք մեր տան մոտ՝ ի հիշատակ եղբորս։ Հեղինակը հորեղբորս տղան է՝ Տիգրան Զքոյանը»,- նշեց Էդգարը։

Հերոսի հետ վերջին անգամ կինը խոսել է հոկտեմբերի 4-ին, իսկ հոկտեմբերի 5-ին Արմանը միացել է Ջեբրայիլի արծիվներին ։ «Վերջին խոսակցության ժամանակ իմացա, որ զոհվել է Արմանի ընկերը, երկար խոսեցինք, հուզված էր»,- նշեց Շողիկը։

Հարցիս՝ սպասո՞ւմ էին նման ավարտի, Շողիկը պատասխանում է՝ իր համար պատերազմը դեռ հոկտեմբերի 5-ին էր ավարտվել։ «Ես գիտեմ, որ Արմանն արդեն հաղթած էր։ Այդ օրը իրենք դիրքային առավելություն էին ունեցել»,- հավելում է Շողիկը։

Այսօր Շողիկը միայն մեկ խնդրանք ունի հայ ժողովրդին, որ միշտ բարձր պահեն մեր եռագույնը, ինչպես դա արեց իր Արմանը․․․

Շողիկ Կակոյան

3-րդ կուրս

Կիսվել