Ամերիկյան մամուլի անդրադարձը Արցախյան երկրորդ պատերազմին

Ամերիկյան մամուլի անդրադարձը Արցախյան երկրորդ պատերազմին

935

Սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմին անդրադառնում են գրեթե բոլոր միջազգային լրատվամիջոցները։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի ամերիկյան լրատվամիջացի անդրադարձն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։

CNN

CNN-ը պատերազմին անդրադարձել է սեպտեմբերի 27-ից։
«Բախումներ են սկսվում Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ վիճելի տարածաշրջանի շուրջ» վերնագրով հոդվածում, հեղինակը գրում է պատերազմի առաջին օրվա վնասների, վիրավորների և կորուստների մասին, որոնք հրապարակել էին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները։ Ներկայացնելով երկու կողմերի հայտարարությունները՝ հեղինակը նշում է. «CNN-ը ի վիճակի չէ ինքնուրույն ստուգել կողմերի պնդումները»։
Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև քառօրյա պատերազմին, նշելով այն մասին, որ ՄԱԿ-ի այն ժամանակվա գլխավոր քարտուղար Փան Գի Մունը երկու կողմերին հորդորել էր դադարեցնել կրակը և նստել բանակցային սեղանի շուրջ։

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց ղեկավարվում է էթնիկ հայերի մեծամասնության խմբի կողմից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ պնդելով, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամենամեծ սպառնալիքն է։
Բայց Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, հանդես գալով հայտարարությամբ, ասում է, որ խստորեն դատապարտում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան։ Ադրբեջանի ռազմական քաղաքական ղեկավարությունը լիովին պատասխանատվություն է կրում իրենց ագրեսիայի հետևանքների համար»,- գրում է CNN-ը:

«Աղբյուրը նշում է, որ Սիրիայից ապստամբները հավաքագրվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը պայքարելու համար». Այսպիսի վերնագրով հոդված էր հրապարակել CNN -ը հոկտեմբերի 1 -ին։

«Լրացուցիչ ապացույցներ են հայտնվում այն մասին, որ Սիրիայից ապստամբները հավաքագրվում են որպես վարձկան՝ կռվելու Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ: CNN- ը զրուցել է Սիրիայի քաղաքացու հետ, ով գրանցվել է՝ Սիրիայի հյուսիսից Ադրբեջան մեկնելու համար: Տղամարդը, որը հրաժարվեց հայտնել իր իրական անունը, ասաց, որ նա ապրում էր Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին շրջանում, բայց ծագումով Դամասկոսից էր։ Նա ասաց, որ պատկանում է ապստամբ Սիրիայի ազգային բանակի խմբակցությանը, որին աջակցում է Թուրքիան: Դրա ղեկավարը հարցրել էր նրանց, թե ովքեր են պատրաստ մեկնել Ադրբեջան՝ գրանցվելու: «Ես կամավոր արեցի դա, և իմ ստորաբաժանման 90% -ը գրանցվեց։ Նրանք ասացին, որ մեզ ամսական 1500 դոլար կտան։ Մեր պայմանագրերը նախատեսված են երեք ամսվա համար, և մենք ամեն ամիս աշխատավարձ ենք ստանալու ստորաբաժանման հրամանատարի կողմից», – ասաց նա CNN-ին WhatsApp-ի միջոցով»,- գրում է լրատվամիջոցը:
CNN -ը գրում է, որ իրենք դիմել են Թուրքիայի կառավարությանը` ստանալու պատասխանն այն հարցի, թե արդյոք նա սիրիացի մարտիկներ է հավաքագրում՝ Ադրբեջան մեկնելու համար: Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դրանք անհիմն մեղադրանքներ են:
«Մարտիկը, որի հետ կապ էր հաստատել CNN-ը,  և ով երեք երեխաների հայր էր,  ասաց, որ իր ընտանիքն ապրում է աղքատության շեմից ցածր: Նա պատրաստ էր մեկնել Ադրբեջան փողի պատճառով, և ամբողջ աշխարհը գիտի, որ այստեղ ապրող սիրիացիները սովից մեռնում են: Սկզբից, տղամարդը կարծում էր, որ կամավորները ներգրավված կլինեն պահակային ծառայության մեջ, բայց այն բանից հետո, երբ մարտիկների առաջին խմբաքանակը գնաց Ադրբեջան, մենք իմացանք, որ խոսքը վերաբերում է Սիրիայում և Լիբիայում մարտերի նման մարտերին»,- գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ մարտիկը լսել էր՝ որոշ սիրիացիներ սպանվել են Ադրբեջանում:


The Guardian


The Guardian օրաթերթը սեպտեմբերի 28-ին հրապարակեց «Ինչու՞ են կռվում Հայաստանն ու Ադրբեջանը և որո՞նք են դրա հետևանքները» վերնագրով մի հոդված, որում ներկայացվում են հայ-ադրբեջանական հակամարտության նախապատմությունը, պատերազմի պատճառները և ներկա դրությունը։
«Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվում է որպես Ադրբեջանի տարածք, բայց ունի հիմնականում հայ բնակչություն, ովքեր ավելի քան մեկ դար դիմակայել են Ադրբեջանի տիրապետությանը: 1991 թ.-ին շուրջ 150,000 բնակչություն ունեցող տարածաշրջանը հռչակեց իր անկախություն և այդ ժամանակից ի վեր նա դարձավ ինքնիշխան՝ Հայաստանի աջակցությամբъ որպես չճանաչված Արցախի Հանրապետություն»,- գրում է լրատվամիջոցը:
The Guardian-ը նշում է նաև սիրիացի վարձկանների մասին, որոնց Թուրքիան ուղարկել է Ադրբեջանի կողմից կռվելու համար. «Սիրիայի Իդլիբ նահանգի մի քանի գրոհայիններ Guardian-ին հայտնել են, որ թուրքական մասնավոր անվտանգության ընկերությունը մեկ ամիս առաջ սկսել է հավաքագրման գործողություն, որպեսզի տղամարդիկ ուղարկվեն Ադրբեջան»:
Հոդվածում նշվում է նաև այն մասին, որ Ադրբեջանը մատակարարում է Եվրոպայի գազի և նավթի պահանջների մոտ 5% -ը (օգնում է նվազեցնել ԵՄ կախվածությունը Ռուսաստանից), և  2016-ի մարտերը մոտ էին այդ մի շարք խողովակաշարերին:

The Washington post

The Washington post-ն ակտիվորեն անդրադառնում է այս պատերազմին։ Լրատվամիջոցը, ներկայացնելով պատերազմի երկու կողմերի հայտարարությունները և ընդհանուր իրադրությունը, հոկտեմբերի 2 -ին հրապարակել է «Լեռնային Ղարաբաղում ընթացքող մարտերը կապված են տեղական տարածքների և ավելի լայն մրցակցությունների հետ» վերնագրով հոդված, որում գրում է իրենց կատարած հետազոտության երեք կարևոր արդյունքների մասին։ Առաջինն ընդհանուր պատմական ակնարկ է, որում ներկայացվում է 1991-1992 թթ-երի իրադարձությունները։ Երկրորդն այն մասին է, որ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մարդիկ լիովին համաձայն չեն միավորման շուրջ.
«Չնայած խորը կապերին՝ Հայաստանը երբեք չի ձգտել միացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ոչ էլ երբևէ այն ճանաչել է որպես անկախ պետություն: Սակայն 2019-ի օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Ղարաբաղ: Հոծ բազմության  առաջ նա հայտարարեց, որ Արցախը՝ Հայաստան է»,- գրում է լրատվամիջոցը։
Երրորդ արդյունքը վերաբերում է Ռուսաստանին. «Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում մարդիկ վճռականորեն աջակցում են Ռուսաստանին: Ռուսաստանը վաղուց Լեռնային Ղարաբաղի հակամարտության արտաքին ուժի հիմնական կողմն է՝ բազմակի դերակատարում ունենալով» ,- գրում է The Washington post-ը՝ հավելելով, որ Թուրքիայի նոր աջակցությունն Ադրբեջանի ռազմական գործողություններին մարտահրավեր է նետում տարածաշրջանում Ռուսաստանի դերին:

 Նշելով Հայաստանի և Ղարաբաղի բնակիչները ռուսամետ հայացքներ ունենալու և իրենց ուսումնասիրության համաձայն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահություն ունենալու մասին՝ լրատվամիջոցը երեք հարց է դրել, որոնք թույլ են տալիս պատասխանել այդ հարցին:

(Լավ և պոզիտիվ հարաբերություններ, ռազմական համագործակցություն, զորքեր ու հենակետեր)։

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են անդրադառնալ Արցախյան երկրորդ պատերազմին։ Մեծամասամբ հղում անելով Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների հայտարարություններին՝ լրատվամիջոցները հանդես են գալիս հնարավորինս օբյեկտիվ հրապարակումներով՝ ներկայացնելով երկու կողմերի հայտնած տեղեկությունները։

Գոհար Պետրոսյան

4-րդ կուրս

Կիսվել