Երկրում տիրող տխուր մթնոլորտը սկսում է դառնալ բոլորիս առօրյայի մի մասը

Երկրում տիրող տխուր մթնոլորտը սկսում է դառնալ բոլորիս առօրյայի մի մասը

755

Պատմությունից հայտնի կրկնվող սցենարները մեր խնդիրներին ճիշտ լուծում չտալու հետևանք են։

Մենք մշտապես փորձում ենք մեղավորներ փնտրել, առանց հասկանալու, որ խնդիրն ավելի խորքային է, և որ դա յուրաքանչյուրիս բացթողումների հետևանքն է:

Միմյանցից պահանջելու, անդադար բողոքելու փոխարեն լավ կլինի վերանայենք մեր անելիքները։  Միայն այդպես կարող ենք ամուր հիմքերով պետություն կառուցել։ Ամենօրյա անհատական աշխատանքի արդյունքում է կերտվում հզոր հայրենիքը։

Գլոբալ խնդիրներին անդրադառնալուց առաջ պետք է լուծել լոկալ խնդիրները։

Ի վերջո, լոկալ խնդիրների լուծման բանալին մանր քայլերով համառորեն դեպի վեր բարձրանալու մեջ է։

Պետությունը այս ծանր իրավիճակից դուրս բերելու պատասխանատվությունը հավասարապես ընկած է բոլորիս ուսերին, ուստի յուրաքանչյուրիս պետք է հուզի մեկ հարց` ի՞նչ պետք է մենք անենք այսօր, որպեսզի հետագայում ունենանք ավելի հզոր ու ամուր հիմքերով պետություն:

Տարբեր ոլորտների մասնագետների հետ փորձել ենք պարզել, թե ինչ հարցերում ենք թերացել, ինչ  անկատար քայլերի հետևանքով ունեցանք ներկայիս իրադրությունը։

«Ամենադժվար մասնագիտությունը ՄԱՐԴ լինելն է, իսկ մայրիկի աշխատանքը՝ ամենապատասխանատուն»

Հասմիկ Բաբաջանյան

Գրադարանավար

Ինչպես որ երեխան է ընտանիքի հայելին, այնպես էլ ընտանիքը պետության դեմքն է: Այսօրվա հայաստանյան իրականության հիմքում ընկած է  յուրաքանչյուր հայի վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ: Գլոբալ առումով՝ թշնամու դեմքը փորձում ենք ներկայացնել միջազգային հանրությանը, ազատություն ենք ուզում Արցախ աշխարհի համար և այլն: Սակայն մինչ արցախյան ռազմաճակատ հասնելը, փորձում եմ հասկանալ, թե մարդկային առօրյա ներանձնային հարաբերությունները որքանո՞վ են կապված ներկայիս իրադրության հետ:

Մենք ընտանիքներում ունենք ազատ արտահայտվելու խնդիր, աշխատավայրում ղեկավարի նկատողությունը որպես անձնական վիրավորանք ենք ընդունում, անհանդուրժողականության արդյունքում շատ ընտանիքներ պարզապես քայքայվում են: Երկրի դաշնակիցների մասին պատկերացումները սկսվում են փոքր տարիքում՝ ընտանիքում բարեկամների, ազգականների, ընկերների մասին ունեցած հարաբերությունների հիման վրա: Մինչև չվերանայենք մեր վերաբերմունքը միմյանց նկատմամբ, չենք կարող թշնամու հետ պատերազմում հասնել հաջողության: Յուրաքանչյուրս բացթողում ունենք: Ես կներկայացնեմ իմ անելիքները՝ որպես ապագա զինվորներ դաստիարակող մայր: Որդիներիս միշտ հիշեցնում եմ, որ անկախ ընտրած մասնագիտությունից՝ պետք է շատ լավ տիրապետեն մայրենի լեզվին և հայոց պատմությանը: Մենք թշնամուց պետք է պաշտպանված լինենք առաջին հերթին մեր գիտելիքով  ու  աշխատանքով: Յուրաքանչյուր մասնագետ պիտի աշխատի երկիրը հզորացնելու համար: Տղաներիս անընդմեջ սովորեցնում եմ իրենց իրավունքներն ու պարտականությունները և պահանջում, որ մշտապես հետևեն դրանց: Երեք տարեկանում խաղալիքները հավաքելուց է սկսվում պատասխանատվությունը սեփական քայլերի նկատմամբ: Սովորեցնում եմ դիմացինին միչև վերջ լսել և խոսելուց առաջ մտածել, վերլուծել ասելիքը: Որտեղ կա աշխատանք, այնտեղ կա թերացում: Պետք է ուժեղ լինել և ընդունել սխալը, շտկել ու առաջ շարժվել: Չպետք է խուսափել դժվարությունից, կամ հետաձգել այն: Եվ ամենակարևոր պատգամս չստելն է:

Երբ նման հարցերի ուղղությամբ աշխատանքներ տարվեն ընտանիքներում, մեր հայրենիքն ավելի ամուր հենարան կունենա, և թշնամու խոցելը շատ ավելի դժվար կլինի: Առօրյա մարդկային, ներանձնային, ներընտանեկան հարաբերություններն ուղիղ կապ ունեն երկիրը ներկայանալի դարձնելու գործում:

«Կանարժեքներ, որոնք պետք է պահել հիմքից, որպեսզի չունենանք այն արատավորումը, որն այսօր առկա է մեր երկրում»

Սաթեն Գրիգորյան

Մանկավարժ – հոգեբան

Ճգնաժամային իրավիճակներում, առավել քան երբևէ, մարդիկ դառնում են էմոցիոնալ ու գերզգայուն: Հաճախ տեսնում ենք վարքային որոշակի մոդել, որը տվյալ անձի հետ նույնական չէ ու հաճախ թյուրըմբռնումների տեղիք է տալիս: Հոգեկերտվածքը, բնավորության գծերը զարգանում են կյանքի ընթացքում, սակայն այդ ամենի համատեքստում հատկանշական են այն անգիտակցական ու գենետիկ կոդավորումները, որոնք փոխանցվում են մեզ սերնդեսերունդ: Ցավոք, բայց չնշել չեմ կարող, որ հայ ժողովուրդը շարունակ մեղավորներ ու սխալվողներ է փնտրում… փնտրում է այն դեպքում, երբ խոշորացույցով դիմացինին նայելուց փոխարեն նախևառաջ անհրաժեշտ է հայելու մեջ սեփական անձին նայել. գոնե երբեմն: Վերջին իրողություններով պայմանավորված, համացանցում շատ էին այնպիսի անձինք, որոնք սկսեցին իրավիճակի մեջ մեղավորներ փնտրել: Երևույթներն առավել դետալային վերլուծելիս կնկատենք, որ ճիշտ նույն ժամանակ, երբ Ադրբեջանի մշակույթի նախարարը, ժամանակ չկորցնելով, մեր մշակութային ժառանգություններից մեկը ներկայացնում էր որպես ալբանացի իշխանի կնոջ կողմից կառուցված եկեղեցի, հայը նույն եկեղեցուց գողանում էր տեր հոր մյուռոնի մատանին: Ճիշտ նույն ժամանակահատվածում, երբ ադրբեջանցի զինվորը հանել էր Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի խաչը՝ ինքը դրա փոխարեն կանգնելով և Ալլահ արտասանելով, մեկ այլ երիտասարդ փչացնում էր իր մշակութային կոթողները՝ իր մասին «հուշագրություն» թողնելով այնտեղ: Ու ճիշտ այդ ժամանակ մեր մշակույթի նախարարությունը, որն այժմ միացված է ԿԳՄՍ-ին, բազում թեզեր է առաջ բերում «հայ եկեղեցու պատմություն» առարկան կրթական ծրագրից հանելու համար: Թվում է՝ գնում ենք դեպի գլոբալիզացիա, փորձում ենք լինել առավել հանդուրժողական, սակայն կան արժեքներ, որոնք պետք է պահել հիմքից, որպեսզի չունենանք այն արատավորումը, որն այսօր առկա է մեր երկրում: Սա հոգեբանություն է, այն հոգեբանությունը, որը մի քանիսի շնորհիվ հայի դիմագիծ է թրծում…

«Ես իրոք չեմ հասկանում` ինչ է կատարվում մեզ հետ, ու՞ր ենք տանում մեր նավը»

Համլետ Թադևոսյան

դերասան, ռեժիսոր, դրամատուրգ

Մենք ունենք խնդիր վաղուց. մենք ունենք շատ դասականներ` սկսած գրողներից, վերջացրած մեր լավագույն դերասաններով, որոնք այսօր արհամարհված են: Խոսքս այսօրվա ժամանակակից` տարբեր շերտերի, տարբեր սերունդների գործող դերասանների մասին չէ. Խոսքս այն դերասանների մասին է, որոնք արվեստ են ստեղծել, որոնք ունենք մեծ հետքեր թողած թատերարվեստում, և որոնց մասին այսօր չեն խոսում, չեն հիշում, դրանց հետագծերը չեն ուսումնասիրում:

Այսօր մենք ավելի շատ զարկ ենք տվել եվրոպական, ամերիկյան արվեստին, որը դուրս է մեր մենտալիտետից, մեր ազգային նկարագրից:

Մենք կարող ենք ժամանակակից ունենալ, մենք կարող ենք ամեն ինչ փորձարկել, նմանակել, ստեղծել դրանից ոսկեմիջինը մեզ համար, բայց կա այսպիսի մի արտահայտություն` որը Արամ Խաչատրյանն է արել ժամանակին՝ «Եթե դու չգիտես քո ազգային երաժշտությունը պռնգեպռունգ, դու չես կարող համաշխարհային մասշտաբի երաժշտություն ստեղծել»: Այսինքն՝ այդ բոլոր արվեստների հիմքում ունենք ֆոլկլոր, մեր ազգայինը, որից մենք արդեն ճյուղավորվում ենք դեպի եվրոպականը, դեպի ամերիկյանն ու ասիականը:

Մենք հիմա ձևացնում ենք, թե դերասաններ ենք, մենք ձևացնում ենք, թե մշակութային գործիչներ ենք, մենք այսօր ավելի շատ ձևին ենք տալիս, քան բովանդակությանը: Այսինքն, մենք ունենք հիմք, որի վրա կարող ենք  հիմնվել և  էլի՛ գնալ դեպի ժամանակակիցը, դեպի եվրոպականը, բայց չմոռանալով այդ հիմքը` ազգայինը, ֆոլկլորը:

Այսօր ես` որպես դրամատուրգիայի, դերասանի վարպետության և ռեժիսուրայի դասախոս, հենքը դրել եմ հենց այդ գաղափարի վրա: 

Իարկե, խնդիրը գալիս է նաև «վերևից». նախարարության կողմից տեսնում ենք ոչ պատշաճ ուշադրություն, բարձիթողի վիճակ: Ում մտքով ինչ անցնում, բերում և հրամցնում է մեզ: Դա կլինի հեռուստատեսություն, ռադիո, թե թատրոն:

Կորավ մեր ավանդական թատրոնը, կորավ մեր ռադիոյի ճշմարիտ խոսքը:

Ժամանակին էսպիսի մի արտահայտություն կար, ասում էր ` «Այս բառը ինչպե՞ս է արտասանվում. եթե չեք գտնում պատասխանը, դիմեք հայկական ռադիոյին, ինքը ձեզ ճշմարիտը կասի» : Այսինքն գրական խոսքը, մաքուր հայեցի արտահայտությունը այսօր չունենք: Այն լեզվով, որով մենք այսօր խոսում ենք փողոցում, նույնը տեղափոխում ենք հեռուստատեսություն, ռադիո…

Քավ լիցի, ջատագովներն են քիչ, պաշտպաններն են քիչ մեր մաքուր մեսրոպյան հայոց լեզվի:

Ես իրոք չեմ հասկանում` ինչ է կատարվում մեզ հետ, ու՞ր է կորել մեր ոսկեղենիկ հայերենը, մենք ու՞ր հասանք և ու՞ր ենք տանում մեր նավը:

«Հայաստանը փոքր պետություն է, և միասին ապրելու համար մենք պետք է կարողանանք միմյանց հանդուրժել»

    Գոռ Պետրոսյան

Քաղաքագետ

Փողոցային պայքարը խորթ չէ Հայաստանի քաղաքական մշակույթին։ Կցանկանայի առանձնացնել Հայաստանում քաղաքական համակարգի կայացվածության խնդիրը, քանզի փաստացի, չունենալով ինստիտուցիոնալացված ժողովրդավարական քաղաքական համակարգ, որտեղ առկա են հիմնական քաղաքական դերակատարներ՝ հանձին կուսակցությունների, սոցիալ-տնտեսական և քաղաքական բողոքը արտահայտվում է ոչ թե խորհրդարանում, այլ փողոցում։ Այնինչ կայացած ժողովրդավարական պետություններում ճգնաժամերը հաղթահարվում են ոչ թե փողոցում, այլ խորհրդարանում։

Պատերազմի արդյունքն ու ավարտը անսպասելի էին հասարակության համար, և առաջացրել են մի կողմից շոկ, մյուս կողմից` հանրային զայրույթ, որն էլ իր արտահայտումն է գտնում փողոցային պայքարում։ Սակայն, հարկ է նշել, որ փողոցային պայքարի ինչպես կազմակերպիչները, այնպես էլ մասնակիցները միատարր չեն։ Բողոքի ակցիաներին մասնակցողները ներկայացնում են հասարակության տարբեր խմբեր, ներկա են լինում ինչպես ԼՂՀ-ից տեղահանված մարդիկ, որոնք կորցրել են իրենց տունը, այնպես էլ տարբեր ներկա և նախկին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Ցույցերի կազմակերպիչները ևս ներկայացնում են տարբեր քաղաքական խմբեր, որոնք չունեն ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ։ Ցույցերը չունեն նաև հիերարխիա և կազմակերպվածություն, միաժամանակ նույն բեմահարթակում են գտնվում միմյանցից խիստ տարբերովող քաղաքական ուժեր:

Անկախ փողոցային պայքարի հաջողությունից կամ անհաջողությունից, քաղաքական ճգնաժամը Հայաստանում արդեն իրողություն է։ Գործող խորհրդարանի և կառավարության իշխանության աղբյուրն է հանդիսացել բարձր լեգիտիմությունը, որն այժմ էական վնաս է կրել։ Երկրում ստեղծվել է քաղաքական ճգնաժամ, որի հաղթահարումը պահանջում է քաղաքական բոլոր ուժերի և հասարակության բոլոր շերտերի միջև երկխոսություն, այլապես կարող է վտանգվել պետության գոյությունը։ Ցավոք, մեր քաղաքական մշակույթին բնորոշ չէ նաև երկխոսությունը. քաղաքական ուժերի միջև գոյություն ունեցող ջրբաժանը առկա է եղել երրորդ հանրապետության գոյության ողջ ընթացքում։ Քաղաքական կուսակցությունների միջև պայքարը անտագոնիստական է, ինչն էլ դեռևս խոչընդոտում է երկխոսության կայացմանը։ Հանրապետության նախագահի ջանքերը երկխոսության ձևավորման և ազգային համերաշխության ձեռքբերման շուրջ առայժմ չունեն շոշափելի հաջողություններ։

Սակայն իրավիճակը դեռևս հնարավոր է փրկել, ազգային աղետից խուսափելու համար անհրաժեշտ է ժամ առաջ գտնել փոխըմբռնում, հանդարտեցնել ներքաղաքական կյանքը և խուսափել եղբայրասպան բախումներից։ Հայաստանը փոքր պետություն է, և միասին ապրելու համար մենք պետք է կարողանանք միմյանց հանդուրժել, այլապես Երևանը կարող է վերածվել Բեյրութի, իսկ Հայաստանը որպես պետություն կդադարի իր գոյությունը։ Անհրաժեշտ է ժամ առաջ փողոցային պայքարը տեղափոխել խորհրդարան, սկսել կլոր-սեղան քննարկումներ քաղաքական բոլոր ուժերի, հասարակության շրջանում հեղինակություն վայելող անվանի գործիչների, նախկին նախագահների, գործարարների, ռազմական գործիչների հետ, իսկ ճգնաժամի հաղթահարումից հետո անցկացնել նոր խորհրդարանական ընտրություններ։

Հ.Գ. Բոլոր նկարները վերցված են մասնագետների անձնական սոց. կայքերի էջերից` իրենց իսկ թույլտվությամբ:

Աննա Պետրոսյան

4-րդ կուրս

Կիսվել