Եթե անօդաչուն չխոցեր շտապ օգնության մեքենան…

Եթե անօդաչուն չխոցեր շտապ օգնության մեքենան…

2067

Կեսօր է, քայլերս ուղղում եմ արցախյան նոր պատերազմում զոհված պայմանագրային զինծառայող Սերգեյ Վարդանյանի բնակարան: Հուզմունքով ներս եմ մտնում, փորձում հավաքել մտքերս, որպեսզի կարողանամ զրուցել կնոջ հետ: Դժվար է խոսել զոհված զինվորականի ընտանիքի հետ և կրկին փոթորկել առանց այդ էլ փխրուն նրանց հոգիները:

Կինը՝ Սիլվան, պատմում է, որ մի քանի օրից պատրաստվում էին տեղափոխվել նոր բնակարան, վերնանորոգման փուլում էին: Թախծոտ ժպտում է. «Ես ու սկեսուրս էինք անհրաժեշտ իրերի ընտրությամբ զբաղվել, բայց գնելու ժամանակ Սերգեյն ամեն բան փոխել և իր ճաշակով էր վերցրել, ամեն ինչ իր ցանկությամբ»:

Ամեն առավոտ աղջկա՝ Դանայի հետ ամուսնու նկարի առաջ կանգնում ու բարի լույս է մաղթում։ «Ամեն պահ ես խոսում եմ իր հետ, գիտեմ, որ լսում է, մեր կողքին է: Ամեն առավոտ ու գիշեր ես նրա հետ կիսում եմ իմ մտքերը»,- ասում է կինը:

Սերգեյ Վարդանյանը ծնվել և ապրել է Երևանում: Ընտանիքի միակ զավակն էր, մայրը միայնակ էր մեծացրել որդուն: Ժամկետային ծառայությունից վերադարձել է 2016 թվականին, իսկ արդեն 2017 թվականից անցել ծառայութան ԱԱԾ սահմանապահ զորքերում:

«Յուրահատուկ». այս բառով են նրան բնութագրում ընկերներն ու հարազատները: Յուրահատուկ ամուսին և հայր, որդի և ընկեր: Կանաչ ու բարի աչքերով, չափազանց ընկերասեր թե’ բակում, թե’ աշխատավայրում:

«Իր ընկերների համար պատրաստ էր կյանքը տալ, միշտ ասում էր, որ ինքն ու իր ընկերներն ինչ էլ որ լինի իրար հետ են լինելու,այդպես էլ եղավ,- շարունակում է պատմել կինը: Սեպտեմբերի 28-ից մեկնել է ռազմաճակատ, կռվել մինչև հոկտեմբերի 26-ը: Հորադիզում է եղել: Տուն եկել է շատ կարճ ժամանակով՝ հոկտեմբերի 26-ին, մեկ օր մնացել տանը, 29-ին կրկին վերադարձել է դիրքեր: Վերջին անգամ դուրս գալուց ուրիշ ձև նայեց տանը»:

Գնալիս կնոջը խնդրել է չարտասվել, ասել է, թե ապահով տեղ է գնում ու անպայման վերադառնալու է: Հարևաններին ձեռքով է հրաժեշտ տվել ու ասել, որ լավ մնան:

«Նախավերջին անգամ Սերգեյի հետ խոսել եմ հոկտեմբերի 29-ին, ասաց, որ Սիսիան է հասել ու դրանից հետո այլևս չենք խոսել, իր հեռախոսը դարձել է անհասանելի:  Իսկ վերջին զանգը եղել է հոկտեմբերի 31-ին, զանգել էր մայրիկին, ուրիշ համարով, միայն ասել է, որ լավ է, չի ասել, որ ուրիշ տեղ են տեղափոխվելու»,- հիշում է Սիլվան:

Տեղափոխվել են Մարտունու շրջան, հատուկ ջոկատայինների հետ է եղել: Այլևս ոչ մի զանգ չի եկել, իսկ այն համարով, որից վերջին անգամ զանգել էր, կինն է գրել ու հարցրել, թե ինչպես է, ընկերն էլ պատասխանել է, որ հեռու են իրարից, բայց գիտի, որ լավ է, պարզապես կապի խնդիր կա:

Սերգեյը նոյեմբերի 1-ին արդեն զոհված է եղել, բայց ընկերները չեն կարողացել հայտնել լուրը:

«Ամուսինս զոհվել է նոյեմբերի 1-ին, բայց մենք մինչև ամսի 5-ը ոչինչ չենք իմացել: Վիրավոր ընկերներին օգնելու ժամանակ ինքն էլ է վիրավորվել, 4 հոգով են եղել: Վիրավորները տարբեր մեքենաների մեջ են եղել, իրեն տեղափոխել են շտապ օգնության մեքենա, որպեսզի բերեն Հայաստան, սակայն հակառակորդը անօդաչուի հարվածով պայթեցրել է մեքենան: Չեն փրկվել»,- արցունքն աչքերին շարունակում է կինը:

Ընկերներն ասում են, որ ոտքի շրջանում բեկորային վնասվածքներ է ունեցել, բայց եթե մեքենայի մեջ չլիներ՝ կփրկվեր:

Նոյեմբերի 7-ին Եռաբլուրում տեղի է ունեցել Սերգեյի հուղարկավորությունը:

Կնոջն ասված վերջին բառերը եղել են՝ Դայանային լավ կնայես: Ոչ մի զրույցի ժամանակ չի դժգոհել, կատակել է, միշտ կրկնել է, որ ամեն ինչ լավ է լինելու: Կինն էլ կեսկատակ ասել է՝ կարծես հարսանիք գնացած լինես, այնպես ուրախ ես խոսում: Չի տեղեկացրել հարազատներին, որ կռվի ամենաթեժ հատվածում է եղել այդ օրերին:

«Առաջին գնալու ժամանակ գրեթե ամեն օր զանգել է: Կարճ զրույցներ ենք ունեցել, բայց ասում էր, որ լավ է ամեն ինչ: Այս տարի իր երազանքն էր, որ նոր տարում տղա ունենար, ամեն ինչ մնաց կիսատ…»,- տխրությամբ ասում է Սիլվան:

Սվետլանա Դավթյան

3-րդ կուրս

Կիսվել