«Մենք գնում ենք ապրենք գազանի երախի առջև». Արցախցիները լքում են Հայաստանյան ապաստարանները

«Մենք գնում ենք ապրենք գազանի երախի առջև». Արցախցիները լքում են Հայաստանյան ապաստարանները

869

Ծաղկաձորում գտնվող «Նաիրի» հյուրանոցում մեկ ամսից ավելի է` իրենց օթևանն են գտել Արցախից եկած մոտ երկու հարյուր մարդիկ: Երեսուն օրից ավելի է, ինչ հյուրանոցը լցված է մանուկներով, երիտասարդներով, մեծահասակներով, և այսօր ևս, մտնելով հյուրանոց, յուրաքանչյուր անկյունում տեսնում ենք փոքրիկ խմբերով հավաքված երեխաների: Երեխաները անհոգ են, աչքերի ներսում խաղաղություն պահած` շտապում են ծանոթանալ հյուրանոց մտնող յուաքանչյուր այցելուի հետ:

Բնակիչների համար իրականացվում են մի շարք ժամանցային և կրթական ծրագրեր: «Կազմակերպել ենք ծրագրեր և՛ մեծերի, և՛ փոքրեր համար, այստեղ հյուրընկալել ենք դերասանների, երաժիշտների, թատերական ներկայացումներ ենք կազմակերպել: Մեր բախտը բերել է. այստեղ գտնվողների շարքում կան մանկավարժներ, ում օգնությամբ կարողացանք կազմակերպել երեխաների կրթության ապահովման աշխատանքները»,- մեզ հետ զրույցում ասաց նախաձեռնության կազմակերպիչներից Լիլիթ Ոսկանյանը:

Մանկավարժների շարքում կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի Անուշ Իսրաելյանն է, ով իր հինգ զավակների հետ բնակվում է հյուրանոցում: Անուշը նշում է, որ սկզում երեխաների ոգևորությունը ավելի քիչ էր, սակայն գնալով այն ավելի ավելացավ: Կրթական ծրագրեր իրականացնելուց զատ երեխաները նաև սովորել են երգել, պարել և ասմունքել: «Հուսով եմ` շուտով կվերադառնանք մեր գյուղ, նորից կգնանք դպրոց, երեխաներին կկրթենք, սակայն ես վախենում եմ իմ զավակների համար: Մենք գնում ենք ապրելու թուրքի կողքին, գազանի երախի առջև, նրանց ազգ կոչելը սրբապղծություն է»,- փոքրիկ որդուն օրորելով՝ ասաց Անուշը:

Նախասրահի անկյունում նստած էր բաբոն՝ ձեռքին շուղեր և թելեր: Լյուդմիլա տատը, դողացող ձեռքերը հազիվ շարժելով, շալ էր գործում: Հայացքի մեջ խորը ցավ և տառապանք կար, սակայն նա պայքարում էր, պայքարում էր իր ձևով: Երբ գյուղում մնացած որդուն խնդրել էր իր և թոռների համար իրեր ուղարկել, որդին շուղերն ու թելերն է ուղարկել: Այսօր էլ նա նստած մի անկյունnւմ շալ է գործում, դրանով փորձելով օգուտ տալ իր ընտանիքին: Ասաց՝ գործում է, տալիս Լիլիթին, նա վաճառում և գումարը տալիս է իրեն:

Չնայած հյուրանոցում լսվում էին մանուկների ճիչեր, սակայն ճնշող տխրությունը համակել էր բոլորին: Օրերը մոտենում են, երբ պետք է լքեն հյուրանոցը, պետք է վերադառնան Արցախ:

Մի քանի օր առաջ հյուրանոցում կազմակերպվել է հրաժեշտի երեկո, որի ընթացքում երեխաները ներկայացրել են այն ամենը, ինչ սովորել են այս օրորին: Այնուհետև նախաձեռնության կազմակերպիչները իրենց քաջալերող խոսքն են ուղղել մեկ ամիս շարունակ իրենց հետ ապրած արցախցիներին:

Բնակիչները պատմում են, որ երեկոն լի էր սիրով և ջերմությամբ: «Ամեն խոսքից և բառից հետո հասկանում էինք, որ մենք այստեղ գտել ենք հարազատների և իրական ընկերների: Մենք և՛ լալիս էինք, և՛ ժպտում, և՛ գրկախառնվում միմյանց»,- պատմում են բնակիչները և խորը ցավով նշում, որ թեկուզ պետք է հեռանան, սակայն այստեղ նրանց նկատմամբ ստացած վերաբերմունքին, անցկացրած օրերին դեռ շատ կկարոտեն:

Լիլիթ Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կապ է հաստատել ամերիկահայ բարերարներրի հետ, և նրանց աջակցությամբ տաք հագուստով և ձմեռային կոշիկներով են ապահովվել արցախցիներին: «Թեև նրանք վերադառնում են իրենց տները, սակայն մենք պատրաստ ենք հնարավոր բոլոր միջոցներով օգտակար լինենք մեր հայրենակիցներին»,-հավելեց Լիլիթը:

Զարուհի Տոնիկյան

2-րդ կուրս

Կիսվել