«Հայ զինվորների կողմից ԻԻՀ պետական սահմանը հատելու որևէ դեպք չի արձանագրվել». Իրանում...

«Հայ զինվորների կողմից ԻԻՀ պետական սահմանը հատելու որևէ դեպք չի արձանագրվել». Իրանում ՀՀ դեսպանատուն

565

Արդեն մի քանի օր է, ինչ սոցցանցերի հայկական տիրույթում  շրջանառվում է Իրանում հայ զինվորների գտնվելու մասին լուրը։ Օգտատերերը տարածում և մյուսներին էլ խորհուրդ են տալիս տարածել լուրը, որն անհայտ ծագում ունի։ Ըստ տարածվող տեղեկության՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում են գտնվում 82 հայ զինծառայողներ։ Տարածվող լուրի սկզբնաղբյուրը պարզել չհաջողվեց։  

Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունը և պաշտպանության նախարարությունը չեն հաստատում լուրի իսկությունը, սակայն հերքում ևս չի եղել, իսկ Պն-ից տեղեկացնում են, որ ակտիվ աշխատանքներ են տարվում տարածվող լուրի իսկությունը պարզելու համար։ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանատնից մեր հարցմանն ի պատասխան հայտնում են, որ իրանական կողմում չի արձանագրվել հայ զինվորի կողմից ԻԻՀ պետական սահմանը հատելու որևէ դեպք։ Այնուամենայնիվ, դեսպանատուն դիմողներ եղել են։ «Դասընկերս անհետ կորած է, նրանից լուր չունենք։ Այս հայտարարությունը տեսնելուց հետո դասընկերոջս եղբայրը գնացել է դեսպանատուն։ Նրան ասել են, որ ճշտված տեղեկություն չունեն, որ կկապվեն նրա հետ», – ասաց մեր զրուցակիցը՝ Արփինեն։ Մեր մյուս զրուցակիցը՝ Նելլին էլ նշեց, որ դեսպանատնից զանգել և տեղեկացրել են, որ սա կեղծ տեղեկություն է։

Գրեթե 5 օր շրջանառվող լուրը դեռևս չի հաստատվել, և պաշտոնական հերքում էլ չի հրապարակվել։ Կորած զինծառայողների ընտանիքի անդամները շարունակում են դիմել դեսպանատուն որևէ լուր իմանալու սպասումով։

Նկարում՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանատան պատասխանը մեր հարցմանը

Օֆելյա Արսենյան

2-րդ կուրս

Կիսվել