Հրածին. քարափի վրա շեն տուն ստեղծողը

Հրածին. քարափի վրա շեն տուն ստեղծողը

573

Հրածին Գրիգորյանը Տավուշ գյուղից է։ 1966 թ.-ին, որպես ուսանող, տեղափոխվել է մայրաքաղաք։ Երևանում սովորել, ավարտել, ընտանիք է կազմել, տուն ու տեղ ստեղծել ու ապրել մի քանի տարի։

Տիկին Հրածինը հայրենի գյուղ է վերադարձել 2005 թ.-ին: Պատմում է, որ այդ ժամանակ գյուղում ոչինչ չուներ, միայն «քանդված, գրադի տված, քամու տարած տունը».

«Մենք իսկական ղռեցի ենք, ջուր չունենք։ Իմ ծնված օրվանից էլ չեմ իմացել, թե «ղռի» թաղի  ջուրը ո՞րն է։ Ջուր չունեմ, գազ չունեմ։ Ոչնչի մասին չեմ մտածում։ Միայն ուզում եմ, որ գյուղի բոլոր փակ դռները բացվեն, գոնե ամռանը գան՝ մեկ ամսով, բայց գան»,- ասում է նա։

Հրածին Գրիգորյանի տան լուսամուտից գյուղի կեսը երևում է. ամեն երեկո մատների վրա հաշվում է այն տները, որտեղ լույս է վառվում։

«Գյուղից են գնում քաղաք, որ քաղաք ստեղծեն։ Բայց երբեք քաղաքի մարդը չի գալիս գյուղ՝ այն շենացնելու։ Պետք չէ անտեսել գյուղը, բոլորս էլ հողից ծնված մարդիկ ենք»,- ասում է նա։

Հակառակորդի դիրքերից պարզ երևում է տիկին Հրածինի տունը, բայց անգամ դա չի վախեցնում նրան: Ասում է՝ կյանքի ամենալավ փուլը մանկությունն է եղել։ Այսօր էլ հաճախ է բացում հիշողությունների կապոցն ու այնտեղից հանում մանկության ամենաքաղցր կտորները.

«Մայրս մեր շրջանի գյուղատնտեսն է եղել։ 4 տարեկանից նրան թև ու թիկունք եմ եղել։ Հայրս պատերազմի հետևանքով կորցրել էր թևը։ Մենք՝ 7 երեխաներով, միշտ օգնել ենք մեր ծնողներին։ Ջուր ենք բերել, ասել ենք՝ մաման է բերել։ Անտառից փայտ ենք բերել, ասել ենք՝ պապան է բերել։ Ունևոր ընտանիք չենք եղել, բայց միշտ մեր մաքրությամբ փայլել ենք դպրոցում։ Հագուստը, թեպետ կարկատած է եղել, բայց միշտ կոկիկ»,- հիշում է տիկին Հրածինը։

 Պատմում է, որ մայրն է պատել տան պատերը,  «սվաղն» արել։ Կատարել է բոլոր գործերը՝ ամենն ամուսնուն վերագրելով։ Գրիգորյանների ընտանիքում միշտ համերաշխ են եղել. օր է եղել՝ քաղցած են լուսացրել, օր է եղել՝ մրսելով,  բայց ոչ ոք չի իմացել դրա մասին.

«Ով ինձ նման քարափի վրա ստեղծել է, միայն նա գիտի աշխատանքի ու ապրելու արժեքը։ Արդեն երկու տարի է, որ էլ ինձ ջահել չեմ զգում (ծիծաղում է): Քիչ է մնում նստած տեղս երգեմ «Ծերացել եմ, էլ ուժ չունեմ»։ Բայց չէ¯, է¯, դեռ կարող եմ, ուժ ունեմ։ Իմ երեխաների համար մինչև վերջ պիտի անեմ»,- խոսքը փոխում է տիկին Հրածինը։

Ինքն իր առջև միայն մեկ պայման է դրել՝ չհիշել անցյալը, ապրել ու վայելել ներկան.

«Գյուղում ամենաշատը սիրում եմ առավոտվա լուսաբացը։ Համարյա միշտ մենակ եմ լինում։ Մենակությունը ստիպում է մտորել ապրածի, չապրածի, ապրածի և չվայելածի մասին։ Դա է կյանքը։ Բայց աշխատում եմ շատ չտրվել մենակությանը։ Կարդում եմ, շատ՝ Դյումա, Բալասանյան, Սեկոյան, Խանզադյան։ Նաև գրում եմ բանաստեղծություններ»,- անկեղծանում է տիկին Հրածինը:.

Գրածներից շատերը միայն մի զույգ աչք է կարդում՝ իրենը։ Դրանք իր զգացածն են, իր մտորումները։ Պահում է բոլորի աչքից հեռու՝ դարակների խորքերում դեղնած էջերով գրքերի հետ։

Տաք եղանակներին օրվա մեծ մասն անցկացնում է այգում՝ վար, ծառերի մշակում, պատվաստ՝ նշենի, նռնենի, տանձենի, սալորենի, բալենի, խնձորենի, կեռասենի, ընկուզենի, մարգերում՝ ելակ, խաղողի վազեր, կարտոֆիլ։ Ամռանը ծաղկանոցը բազմատեսակ ու բազմագույն է լինում։ Սիրելի ծաղիկը մեխակն է, որին այդպես էլ չկարողացավ կյանք տալ քարքարոտ հողում.

«Անվերադարձ գնում են այն մարդիկ, ովքեր իրենց հետևից ոչ մի լավ բան չեն թողել»,- ասում է տիկին Հրածինն ու խունացած էջերից հանում բանաստեղծություններից մեկը.

«Գյուղիս ճամփան ոլոր ու նեղ,

Տանում է ինձ լանջերն ի վեր,

Ուր գրերն են այնտեղ բյուրեղ

Հյուսում կանաչ ծաղիկ ու սեզ»։

Աննա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել