«Ես պատերազմի մասին շատ եմ կարդացել գրքերում, բայս սա գրքի իրական ու ավելի դաժան երեսն էր, որը զգացի ու ապրեցի այդ օրերին: Երբեք չէի պատկերացնի, որ մի օր կլինեմ գրքի հերոսներից մեկը: Պատերազմն ինձ համար դարձավ ամենասոսկալի արհավիքներից մեկը, ու հիմա, այդ բառն անգամ արտասանելիս՝ սարսափում եմ, հիշում ու երբեք էլ չեմ մոռանա»,- ասում է արցախցի Անին:
Անին պատմում է, որ պատերազմի մասին իմացան, երբ սկսվեց տղամարդկանց հավաքը: Իրենց գյուղը՝ Քաշաթաղ շրջանի Ուռեկանը, սահմանից հեռու էր, և կրակոցներ չէին լսում: Տղամարդկանց մեկնելուց հետո էլ չանհանգստացան. «Արդեն սովոր էինք: Բոլորը իրենց ամուսիններին, տղաներին ժպիտով էին ճանապարհում, կարծես մի քանի օրից հետ էին դառնալու»:
Գյուղում լույս ու բջջային նորմալ կապ չլինելու պատճառով՝ ոչինչ չէին իմանում պատերազմի ընթացքի մասին: Միայն, երբ որևէ մեկի հարազատն էր կարողանում զանգել, ամբողջ գյուղը իմանում էր ու հարցուփորձ անելով՝ ճշտում, թե սահմանին իրավիճակն ինչպիսինն է:
«Ամեն ինչ խաղաղ էր մինչև այդ չարաբաստիկ օրը, երբ լսվեց հրանոթի ձայնը՝ հենց մեր գյուղում: Գիշերվա երեքն էր, երբ հայրս արթնացրեց, և մենք արագ դուրս եկանք գյուղից: Գնում էին բոլորը՝ տխուր, լացակումած: Հասկանում էինք պահի լրջությունը: Մեզ հետ ոչինչ չէինք վերցրել, և, անկեղծ ասած, այդ պահին ոչ մեկ դրա մասին չէր մտածում: Ինչքան հեռվանում էինք գյուղից, այնքան կարոտով էին լցվում մեր աչքերը: Նայում էինք գյուղի քարքարոտ ճամփեքին ու չէինք էլ պատկերացնում, որ դա վերջին անգամն է (հուզվում է)… Որ վերջին անգամ ենք շնչում մեր կանաչ ու թաց դաշտերի հոտը»…
Հուզմունքը զսպելով՝ Անին շարունակում է. Չէինք ուզում հեռանալ, որովհետև մտածում էինք՝ ու՞ր գնանք, ու՞ր թողնենք մեր զինվոր եղբայրներին: Ախր որ մենք գնանք, նրանք էլ ու՞մ թիկունքն են պահելու»:
Անին և իր ընտանիքը հոկտեմբերի 15-ի առավոտյան արդեն Երևանում էին: Խորը քնից երբ արթնացել էր, տեսել էր, որ բոլորը կային, բացի հայրիկից. հայրը վերադարձել էր գյուղ:
«Պատերազմի այդքան ցավոտ լինելը հասկացա հենց այդ պահից: Հասկացա՝ տեսնելով բոլորի լացակումած դեմքերը, քաղաքի փողոցներից լսվող շտապօգնության մեքենաների ձայները: Տխրություն էր շուրջբոլորը:
Մտածում էի՝ երբ կավարտվի այս ամենը, երբ կվերադառնամ մեր գյուղ: Մտածում էի և նոր հասկանում, թե ինչքա՜ն շատ եմ սիրում իմ գյուղը, գիտակցում՝ ինչքա՜ն եմ կապվել նրա հետ, որ էլ որտե՞ղ եմ ապրելու. բա մեր հողերը, մեր պահած ու շենացրած հողերը…»:
Անիի հայրենի գյուղը անցել է Ադրբեջանին, և այդ մասին նա ցավով ու ափսոսանքով է պատմում:
Հարցին, թե Անին հավատու՞մ է, որ մի օր անպայման հետ է վերադառնալու իր հայրենի գյուղ, նա հիշեց տատի պատմածը. «Տատս միշտ պատմում էր, որ իննսունհինգ թվականին՝ պատերազմից հետո, առաջինը հենց իրենք են մի քանի գյուղացիներով այդ գյուղում հաստատվել, հիմքից տուն կառուցել ու շենացրել, որ հենց իրենցն է գյուղը, ինչպե՞ս տան ուրիշին…»(մի պահ լռում է):
Ապա հուզված, բայց հպարտ ու վստահ շարունակում. «Միևնույնն է՝ հետ ենք գնալու: Ուրիշը ո՞նց կարող է ապրել մեր պահած հողի վրա: Թեկուզ հարյուր տարի էլ անցնի, միևնույնն է՝ հետ ենք դառնալու»:
Խաչատրյան Ռոզա
2-րդ կուրս