Դպրոցները չեն ձևավորում մտածելու մշակույթ

Դպրոցները չեն ձևավորում մտածելու մշակույթ

827

Կրթությունը հետպատերազմական Հայաստանում. առցանց քննարկում ոլորտի մասնագետների հետ

Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ «Կրթությունը՝ ներսից» նախագծի 18-րդ առցանց քննարկումը։ Նախագծի շրջանակում կրթության ոլորտի մասնագետների հետ Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանն առաջարկեց քննարկել պատերազմական շրջանում կրթության մեջ երևան եկած բացերը, և թե ինչ ուղղությամբ պետք է շարժվել այսօր։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանն ասաց, որ ընդհանրապես 2020 թվականը՝ համավարակով և պատերազմով պայմանավորված, մի արտակարգ իրավիճակ էր, որը դպրոցների կրթական համակագը դրեց ոչ սովորական վիճակի մեջ։

«Ցանցային անջատումը բերեց կրթական համակարգի կաթվածի։ Սակայն մի կողմից համավարակային իրավիճակը նպաստավոր էր զուտ հեղինակային մանկավարժության զարգացման առումով, որովհետև այն արտակարգ իրավիճակը, որ ստեղծվեց, սահմանափակումները, որոնք եղան, ստիպում էին պարզապես ինքնավարության, ինքնուրույնության։ Իսկ առանց դրանց, առանց սեփական փորձի չկա մանկավարժության զարգացում»,-ընդգծեց դպրոցի տնօրենը։

Պարոն Բլեյանը նշեց, որ պատերազմի ընթացքում շաբաթներ են եղել, որ  արցախցի մինչև 200 սովորող են ունեցել։

«Հենց սկզբից խնդիր դրեցինք մեր առաջ, որ հետո էլ արցախցիների հետ աշխատելու ենք։ Անկախ պատերազմի արդյունքներից, արցախցիներին մենք մենակ չենք թողնելու։ Այսինքն՝ Հայաստան-Արցախ նոր համակեցության բարդ շրջանն անցնելու ենք հետևողական, մինչև վերջ։ Այս ընթացքում մենք  ձեռք բերեցինք հարազատությունը, ընկերությունը, իրար ավելի լավ ճանաչելը։ Ինչպես առաջնագծում հայաստանցին և արցախցին իրար հետ կռվեցին ու տեսան, որ նույն հայրենիքն ունեն և կատարում են նույն անձնազոհությունը, այնպես էլ մենք վերջապես սկսեցինք համատեղ ապրել։ Կարծում եմ, որ սա ռեսուրս է, որը կորցնել չի կարելի»,- ասաց պարոն Բլեյանը։

«Այբ» կրթական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ  Արամ Փախչանյանը, խոսելով պատերազմի հետևանքների մասին, շեշտեց, որ այսօր մենք ավելի շատ ունենք ազգապահպահպանման խնդիր։ Ըստ նրա՝ եթե նախկինում տարածքային առումով շատ ավելի պաշտպանված էինք, և պետականության առումով շատ ավելի կայուն, հիմա ունենք զգալիորեն ավելի խախուտ պետականություն, որի մեջ քաղաքական տարբեր կողմերի միջամտությունը կանխատեսելի է։

«Այն ժամանակներում, երբ չունեինք պետականություն, մենք ապավինում էինք երկու բաղադրիչի՝ կրթության և եկեղեցու։ Հիմա ժամանակն է նորից հասկանալ, որ այդ երկու բաղադրիչները մեր ապավենն են։ Մենք պետք է նորից վերադառնանք կրթության և հոգևորի վերարժևորման»,-նշեց Արամ Փախչանյանը։

Նրա կարծիքով՝  այս ամենի ամենածանր դասն այն էր, որ մենք չունենք մտածողություն ձևավորելու մշակույթ դպրոցներում։

«Դպրոցները չեն ձևավորում մտածելու մշակույթ, այլ տալիս են գիտելիք։ Դա բերում է նրան, ինչ մենք տեսնում ենք մեր ֆեյսբուքյան տարածքում։ Ցավոք, այս պահին մենք տրամաբանության մշակույթ չունեցող ազգ ենք, որը նաև մեր կրթության արդյունքն է։ Եվ խնդիրն այն է, որ երբ դու չունես խորհելու, մտածելու ունակություն, չես կարողանում գալ գաղափարի։ Իսկ երբ ազգովի չունես մեկ գաղափար, չունես ազգային ինքնություն։ Մենք պետք է հասկանանք, որ սա դաս է, որը պետք է գոնե մի սերունդ մեր մեջ պահենք, և այդ դասի արդյունքները մի սերունդ հետո պետք է հստակ երևա այլ սերնդի որակի մեջ»,-ասաց Փախչանյանը։

«Արդյոք պատերազմից հետո կրթական ոլորտում որևէ արժեք վերանայելու կարիք ունենք» հարցին պարոն Փախչանյանը պատասխանեց, որ դրանց լուծումները  պատասխանատվությունը բաշխելու մեջ են։ Դպրոցները պետք է ստանան ինքնուրույնություն և ստանձնեն պատասխանատվություն։

«Այո, կարելի է ընդունել, որ դպրոցների կառավարման մակարդակը շատ ցածր է, որովհետև տնօրենները սովորաբար չունեն բավարար պատրաստվածություն, որպեսզի կարողանան ժամանակակից, արդիական դպրոց կառավարել։ Բայց դա իր մաշտաբով շատ ավելի լուծելի խնդիր է. մոտ 1400 տնօրենի վերապատրաստել և սովորեցնել ինքնուրույն աշխատել ուսուցիչների հետ, կրթակենտրոն կառավարում մտցնել դպրոցներում՝ ավելի հեշտ լուծելի է։ Կրթության համակարգն ունի բարոյական պատասխանատվություն նույնիսկ ամենածայրահեղ  իրավիճակում, պետք է շարունակել արդյունավետ աշխատել»,-ընդգծեց նա։

«Ես չեմ համարում, որ այժմ մենք գտնվում ենք հետպատերազմական իրավիճակում, ավելի շուտ գտնվում ենք միջպատերազմական իրավիճակում», -այսպես է կարծում «Կրթությունը՝ ներսից» նախագծի առցանց հյուրերից ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը։

Կրթության դերը, նրա կարծիքով, այս ընթացքում չի փոխվել, պարզապես պետք է վերաիմաստավորվի և ավելի ճիշտ գնահատվի։

Ըստ Գոգյանի՝ 2018 թվականի կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջանում  կրթության և գիտության իմաստը առանձնակի չվերանայվեց, ուղղակի համարվեց, որ ամեն ինչ սխալ է եղել, և հիմա ամեն ինչ ավելի ճիշտ կշարունակվի։

«Որոշակի սխալ պրոցեսներ սկսվեցին։ Հուսով եմ, որ այս ճգնաժամային իրավիճակը հնարավորություն կտա փոփոխություններ իրականացնել ոլորտում, քանի որ 2020 թվականը իսկապես ջրի երես հանեց շատ խորքային խնդիրներ։  Դրանցից էր այն, որ  դպրոցներն ու բարձրագույն կրթության մասնակից շատ ինստիտուտներ ի վիճակի չեղան այս պայմաններում ինքնուրույն որոշումներ կայացնել և հետևողական լինել։ Ինչպես նաև այն, որ պատերազմով և կորոնավիրուսով պայմանավործած՝ տվյալ հաստատությումներում եղան  կազմակերպչական լուրջ խնդիրներ»,-հավելեց Սմբատ Գոգյանը։

Անի Թամրազյան

3-րդ կուրս

Կիսվել