Ճանաչենք մեր հերոսներին. Նարեկ Ֆռանգյան

Ճանաչենք մեր հերոսներին. Նարեկ Ֆռանգյան

1748

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու հետևանքով արիաբար զոհվեց Նարեկ Ֆռանգյանը։  Նարեկը ծնվել էր 2002.թ-ի  փետրվարի 1-ին քաղաք Արթիկում։ Հերոսը 3 ամիս էր, ինչ ծառայության էր անցել Հադրութում։

Նարեկի մասին զրուցել ենք մտերիմ ընկերոջ հետ (անունը նշել չցանկացավ)։ 

Ընկերոջ խոսքով` Նարեկը բարի, կենսուրախ, շփվող անձնավորություն էր։ «Սիրում էր ամեն ինչ փորձել, իմանալ, միշտ իր խոսքի տերն էր, եթե ասում էր՝ անում էր։ Չէր սիրում, որ իր խոսքից հետո շարունակում կամ ավելացումներ էին անում»։ 

Նարեկը տեսակով երազկոտ է եղել, ամենուր փորձել է գտնել իրեն։ Ասում է՝ բոլորի հետ շփվում էր, փորձում էր լեզու գտնել, խոսել ցանկացած թեմաներից։

Նարեկը աշխատում էր Երևանում որպես խոհարար, չնայած նրան, որ հաճախ չէր լինում Արթիկում, կապը չէր կտրում ընկերներից։

Այն հարցին, թե երկար ժամանակ են մտերիմ եղել, ընկերը հստակ նշեց՝ իրենց ընկերությունը տարիներով չափել չի ուզում։ Նրանք իսկական ընկերներ են եղել ու հիմա էլ դա կշարունակվի։ Նարեկը ապրելու է բոլորի սրտերում…

Զրուցակիցս ասում է՝ ինձ համար Նարեկը շատ լավ  էր երգում. «Ամենահիշվող դեպքը, որ հիմա կառանձնացնեմ, իր բանակի քեֆի օրն էր, ինքը մեր հետ էր, շատ ուրախ էինք, երգում էր, մենք էլ պարում էինք. հիմա ձայնին կարոտ եմ մնացել»։ 

Նարեկը բանակ ուրախությամբ է գնացել, երբ հարցրել են՝ չե՞ս կարոտի, հստակ պատասխանել է, որ ինքը չգիտի՝ ինչ է կարոտը։ Ընկերն ասում է՝ ամեն զանգից հետո ավելի վստահ է եղել, որ Նարեկը ոչ մի խնդիր չունի։  Ծառայությունից երբեք չի բողոքել։

Ընկերը վերջին անգամ հերոսի հետ խոսել է դեպքից 1 օր առաջ` նոյեմբերի 7-ին։ «Շատ ջիգյարով էր խոսում։ Իր համար կապ չուներ, հնարավոր է կողքից ուժեղ պայթուն գար, մի րոպե հետո ուրախ-ուրախ շարունակում էր խոսել»։ 

Նարեկի վառ ու անհատական կերպարը  կմնա բոլորի հուշերում, նա եղել է իսկական ընկեր, որդի ու զինվոր, ով իր կյանքը զոհեց հանուն հայենիքի… 

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել