Մկրտություն՝ Դադիվանքում

Մկրտություն՝ Դադիվանքում

1020

«Ուխտ էի արել՝ կա՛մ կնքվելու եմ Դադիվանքում, կա՛մ երբեք չեմ կնքվելու». նոյեմբերի 12-ին Դադիվանքում սուրբ մկրտություն ստացած Իննա Թումանյանի խոսքերն են: Ռազմական լրագրող Իննան վաղուց էր երազում կնքվել Արցախում: Ուզում էր՝ Տեր Հովհաննեսը մկրտեր իրեն. «Էն ժամանակ Տեր Հովհաննեսը դեռ Գանձասարում էր: Երբ տեղափոխվեց Դադիվանք, որոշեցի կնքվել հենց էնտեղ»: Իննան մտածել էր ավարտական դիպլոմը ստանալուց և կնքահոր՝ Հայաստան վերադառնալուց հետո գնալ մկրտություն ստանալու, սակայն համաճարակի բռնկման պատճառով բոլոր ծրագրերը մնացին կիսատ. հետաձգվեց նաև կնունքը: «Արդեն էս օրերին հասկացա, որ էլ չեմ կարողանալու մկրտվել Դադիվանքում ՝ չնայած ուխտ էի արել»,- պատմեց Իննան՝ հավելելով՝ չկնքվելու դեպքում եկեղեցում ամուսնական օրհնություն ստանալ էլ չէր լինելու:

Սեփական մտքերը իր ֆեյսբուքյան էջում գրելուց հետո արձագանքել է Իննայի՝ Երգի պետական թատրոնի դասախոսներից Մարգարիտա Շարիմանյանը, ում հետ առաջին անգամ 2012թ.-ին Արցախ է գնացել ռազմական լրագրողը. «Գիշերվա ժամը 11-ն էր, գրեց՝ արի տանեմ քեզ Արցախ, մնանք Ստեփանակերտում, մի քիչ պտտվենք ու գնանք Դադիվանք՝ կնքվելու»: Մեկ ժամվա ընթացքում նրանք արագ կազմակերպեցին բոլոր անհրաժեշտ գործողությունները: Առավոտյան գնեցին խաչն ու ուղևորվեցին Արցախ: Եղան Դադիվանքում, ապա գնացին մայրաքաղաք. «Որոշեցինք հաջորդ օրը կնքվել ու վերադառնալ Երևան: Տեր Հովհաննեսի հետ արդեն պայմանավորվել էինք: Եկանք: Էնտեղ մի քանի հոգի էլ որոշեցին կնքվել. խմբակային կնունք դարձավ. 14 հոգով մկրտվեցինք»:

Այդ ժամանակ վանքում է եղել նաև ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, ով ինքնակամ դարձել է Իննայի կնքահայրը, իսկ դասախոսը՝ կնքամայրը: Ռազմական լրագրողի խոսքով՝ ճանապարհից վախ չի ունեցել, և առհասարակ, վախի զգացում հազվադեպ է ունենում, և այն էլ՝ իր հարազատ մարդկանց համար: «Մտքովս չի անցել, որ ճանապարհը անվտանգ չի լինի: Ուղղակի ամբողջ ճանապարհը լացելով գնացել ենք, լացելով եկել, որովհետև մեզ Դեր Զորի ճամփորդ էինք զգում…»,- պատմեց Իննան:

Ճանապարհին տեսածը շատ ցավալի է եղել. բեռնատարները տանում էին տան իրերը, մարդիկ դատարկում էին, քանդում իրենց տան տանիքները, փլուզում ամեն ինչ՝ թուրքին չթողնելու համար:

Ռազմական լրագրողը եզրափակեց՝ էլի է վերադառնալու:

Հասմիկ Անդրեասյան

3-րդ կուրս

Կիսվել