Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ցանկություն են հայտնել, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ...

Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ցանկություն են հայտնել, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ. Ժան-Բատիստ Լըմուան

647

Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի մեկնարկից ի վեր Ֆրանսիան ակտիվ է եղել: Նախագահ էմանուել Մակրոնն առաջինն էր, որ իրերն անվանեց իրենց անուններով՝ նշելով, որ Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկում Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար: Այդ մասին Երևանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:
Նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք երկրները միասին են գործել՝ հրադադար հաստատելու համար, երեք անգամ կողմերի միջև հրադադարի պայմանավորվածություն է ձեռք բերվել, սակայն դրանք չեն պահպանվել, ապա համապատասխան հայտարարությամբ հաստատվել է նոյեմբերի 9-ի հրադադարը: «Եռակողմ հայտարարությունը, որը նոյեմբերի 9-ին ստորագրվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների միջև, 9 կետ է ներառում, սակայն կան հարցեր, որոնք ներառված չեն, մասնավորապես՝ սիրիացի վարձկանների դուրսբերման, ինչպես նաև ԼՂ հետագա հնարավոր կարգավիճակի վերաբերյալ հարցերը: Կան նաև խնդիրներ՝ ԼՂ-ում կայունության և անվտանգության ապահովման հետ կապված, ուստի անհրաժեշտ է, որ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ: Այդպիսի ցանկություն հայտնել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի իշխանությունները»,– ընդգծեց Լըմուանը:
Նա հայտարարեց, որ Ֆրանսիան այս պահին կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, այն է՝ որ Թուրքիան դուրս բերի վարձկաններին տարածաշրջանից, ինչպես նաև, ըստ ԱԳՆ պետքարտուղարի, Ֆրանսիան եվրոպացի գործընկերների հետ պատրաստվում է քննարկել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը:
«Մենք կշարունակենք հետևողական լինել, որպեսզի կարողանանք հանգել արդյունքների»,- աաաց Լըմուանը։
Ասուլիսի ընթացքում նա ընդգծեց, մշակութային արժեքների ժառանգության պաշտպանությանը կարևորության մասին։
«Դրանց մի մասը գտնվում է ադրբեջանական տարածքում։ Այդ գանձերի պաշտպանության համար մենք համագործակցում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ»,- ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը։
Լըմուանը նաև նշեց, որ ուսումնասիրել են նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագիրը և փաստել, որ այնտեղ կան կետեր, որոնք հաշվի առնված չեն, և դրանց պետք է անդրադառնալ: Նրա խոսքով՝ դա կարվի, հավանաբար, Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Ժան-Բատիստ Լըմուանը հայտնեց, որ երեկ հանդիպել է ԱԳ նախարարի հետ, իսկ այսօր պատվիրակության անդամների հետ հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Փաշինյանը։
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև երեկ Ֆրանսիայից Հայաստան բեռնատար չվերթով բերված մարդասիրական օգնությանը։ Նա տեղեկացրեց, որ Հայաստան է բերվել 25 տոննա մարդասիրական բեռ:

Կիսվել