Ավետիս Խաչատրյանը մերօրյա նվիրյալ հերոսներից է: Գիտակցական տարիքից հայրենասիրությունն ու ազգասիրությունը ոգեշնչել են նրան և ուղղորդել` կյանքը նվիրելու հայրենիքի պաշտպանության գործին: 90-ականների պատերազմի ժամանակ ներգրավված է եղել «Խալդի» ջոկատի կազմում: Ջոկատով կազմակերպել են Տավուշի մարզի Խրեմլու և Բարխուդարլու գյուղերի ազատագրումը, մասնակցել Շամշադինի Պառվաքար և Նավուր գյուղերի ինքնապաշտպանությանը: Ավելի ուշ, երբ զոհվել է ազգային հերոս Վիտյա Այվազյանը, ջոկատը անվանափոխվել է նրա անունով, իսկ Ավետիս Խաչատրյանն էլ դարձել է ջոկատի հրամանատար:
2020թ. սեպտեմբերի 28-ին իր ջոկատով մեկնել է Արցախ, հետո ջոկատին միացել են շատ այլ ազատամարտիկներ: Պատերազմի ընթացքում եղել են ամենատարբեր վայրերում՝ Հադրութ, Վարանդա(Ֆիզուլի), Մարտունի, Եղնիկներ: Ավետիս Խաչատրյանը մեծ ջերմությամբ է խոսում 18 տարեկան իր զինակից ընկերների մասին. «Հենց առաջին օրերից գնացինք ու կանգնեցինք զինվորի կողքին, ես պատերազմի դաշտում թոռներ ունեի, ինձ ասում էին՝ բա չգնա՞նք թոռներիդ գտնենք, իսկ ես ասում էի՝ տղե՛րք, բա էս էրեխեքը իմ թոռները չե՞ն, ախր էս թոռների պապերն էլ իմ թոռների կողքին են»:
Թեև պատերազմը սաստիկ էր, սակայն դա ոչ մեկի չի վախեցրել, ու անգամ տուն վերադառնալու կամ հանգստանալու մասին չեն մտածել. «Տղաները այդքան օր ռազմաճակատում առանց լողանալ, փոշոտ ու կեղտոտ էին, բայց ոչ մեկ չէր ցանականում վերադառնալ: Ասում էի՝գնացեք գոնե ձեր ընտանիքին տեսեք, էրեխեքին տեսեք, բայց ոչ ոք չեկավ»- ասում է Ավետիս Խաչատրյանը՝ հավելելով, որ ոչ միայն իր ջոկատի տղաներն էին այդպիսին, այլ նաև մյուս բոլոր կամավորները:
Հրամանատարը նախքան պատերազմ մեկնելն էլ գիտեր, որ ջոկատում կորուստներ չեն ունենալու ու այդպես էլ եղավ. «Կորուսներ, բնականաբար, չենք ունեցել, իրավունք չունեինք ունենալու, որովհետև մենք գնացել էինք հաղթելու»-, ասում է նա, ու, շարունակելով հաղթանակի ու կորուստների մասին խոսել, ասում է, որ 90-ականներին նրանք վերադարձան հաղթանակած, իսկ հիմա տրամադրություններն լրիվ այլ են: Ազատամարտիկի խոսքով՝ զինադադարի կնքման ժամանակ շատ տխուր էին, բնականաբար, լավ չէր, որ պետք է հանձնեին Շուշին, Հադրութը, Քարվաճառը և մյուս տարածքները, բայց կարծում է՝ կնքվեց, որ էլ զոհեր չունենանք. «Ազատամարտիկի ոգին ուրիշ է, ազատամարտիկը գնում է հաղթելու, ոչ թե պարտվելու, բայց ստացվում է, որ մենք պարտվեցինք հանուն զոհեր չտալու»,- ասում է նա, մի քանի րոպե լռում ու կրկին շարունակում. «Բայց միևնույն է զինադադարը սխալ էր, այնտեղ շատերն էին գնացել հաղթելու, ու շատերն էլ այնտեղից չվերադարձան, մնացին Արցախում, գուցե ամաչում էին, որովհետև ամեն մարդ չի կարողանում պարտություն կրել»:
Ավետիս Խաչատրյանը թեև մեծ ցավ է ապրում ամեն թիզ հողի համար, սակայն ամենևին ընկճված չէ ու հավատով սպասում է այն օրվան, երբ կրկին կազատագրեն հայրենի հողերը. «Կնքված պայմանագիրը դեռ չի նշանակում պարտություն, քանի դեռ զինվորը ունի այսպիսի մարտական բարձր ոգի, մենք չենք պարտվի: Իսկ հայ զինվորի, սպայի, գեներալի ու ազատամարտիկի ոգին միշտ նույնն է, լինի դա 20 տարեկանում, 80-ում, թե 95-ում»:
Աննա Պալաքյան
2-րդ կուրս