«ԻնստագրաԴ»-ցիները գրոհել են սոցցանցերը

«ԻնստագրաԴ»-ցիները գրոհել են սոցցանցերը

882

Երբ  պատերազմը նոր էր սկսվել, վիդեոբլոգեր Ռուբեն Եսայանը հայրենիքին օգտակար լինելու իր տարբերակը մտածեց: 24-ամյա երիտասարդը շատ արագ իր թիմը ձևավորեց և գործի անցավ: Որոշեց այնպես անել, որ աշխարհը խոսի մեր մասին. «Կազմեցի խումբ և այդ խմբով սկսեցինք նամակներով գրոհել տարբեր հանրահայտ մարդկանց, որպեսզի իրենք խոսեն այս ամենի մասին»,-ասում է Ռուբենը:

Բոլորի նպատակը մեկն էր՝ հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի անել ամեն բան. դրա համար էլ հաշված ժամերի ընթացքում հազարավոր մարդիկ հավաքվեցին մեկ գաղափարի շուրջ:

18-ամյա Լիանա Փոլադյանը Ռուբեն Եսայանին վաղուց է հետևում, իր ֆեյսբուքյան էջից տեղեկացել է «ԻնստագրաԴ»-ի նախաձեռնության մասին, հետո ինստագրամի դայրեքթում խումբ է բացել, որպեսզի այն մարդիկ, ովքեր միայն ինստագրամից են օգտվում, նույնպես մասնակցեն այս նախաձեռնությանը. «Սա միջոց էր աշխարհի աչքերը բացելու համար»,-պատմում է Լիանան:

Պարբերաբար գրոհներ կազմակերպելու շնորհիվ հանրահայտ ու ոչ հանրահայտ մարդիկ՝ ռեփեր Օսեթը, երգչուհի Քար Դի Բի-ի ամուսինը, դերասան Դուեյն Ջոնսոնի կինը և այլք սկսեցին իրենց ինստագրամյան էջի սթորի բաժնում տեղեկացնել Արցախում տիրող իրավիճակի մասին, և տեղադրում էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարը՝ խնդրելով իրենց հետևորդներին գումար փոխանցել:

Լիանան ամեն օր մասնակցել է այդ գրոհներին: Շատերն արձագանքել են, նույնիսկ մի բասկետբոլիստ շապիկ էր հագել, որի վրա հայկական դրոշի գույներն էին:

Հետո հիշել է, որ La casa de papel-ի (Թղթե տան) սերիալի հայ դերասան Հովիկ Կեուչկերյանի(սերիալում հայտնի որպես՝ Բոգոտա) ընկերոջ ֆեյսբուքյան տվյալները գիտի, գրել է, ասել են, որ Հովիկը տեսանյութ է պատրաստում այս իրավիճակի մասին. «Ճիշտ է երկար սպասեցինք այդ տեսանյութին, բայց տեսանյութն ուղղակի աննկարագրելի լավն էր: Որոշ իսպանական լրատվամիջոցներ ևս անդրադարձան տեսանյութին»,-ասում է Լիանա Փոլադյանը:

Հետո Ռուբենն առաջ բերեց մի նոր  միտք: «ԻնստագրաԴ»-ի շրջանակներում, ինքն իր յութուբյան էջում տեղադրում էր 10 րոպեանոց տեսանյութ, և ընդամենը, մինչև վերջ դիտելով, գումար էին աշխատում. «Մարդիկ դիտում էին, ու դրանից որոշակի գումար էր գոյանում: Ես գտնում էի տարբեր կազմակերպություններ, որոնք կկրկնապատկեին  գումարը, ու մեկ ամսյա աշխատանքից հետո հավաքվեց ավելի քան երեսուն հազար դոլար»,-պատմում է վիդեոբլոգերը:

Սակայն Ռուբենն այս ամենով չբարարվեց: Ստեղծեց մի նոր նախաձեռնություն՝ «Ինստադրամ»-ը, որի շրջանակում ևս գումար էին աշխատում: Նա ֆեյսբուքյան խմբում տեղադրում էր փոքրիկ հարցադրումներ, մարդիկ էլ պատասխաններն ուղարկում էին «8000» կարճ համարին. «Ուղարկելուց հետո էլ սքրինշոթը դնում էին մեկնաբանությունների բաժնում: Այդպես էլ մոտ 200.000 դրամ հավաքվեց»,- ասում է Ռուբենը:

«Բացի այս ամենից Ռուբենը օնլայն համերգ-դրամահավաք էր կազմակերպել , որտեղ հնչեցին հայկական երգեր կենդանի կատարմամբ։ Համերգը տեղի ունենացավ նոյեմբերի 21-ին՝ իր ֆեյսբուքյան էջում, որը տևեց 3 ժամ և ամբողջ հասույթը փոխանցվեց  հիմնադրամին»,-հավելեց Լիանան:

Ռուբենի խոսքով մեր հասարակությունը մեդիագրագետ չլինելու պատճառով պատրաստ չէր սոցիալական հարթակում պատերազմելու: Քանի որ նախաձեռնութ յունն ինստագրամից էր սկսվել, գրադ զենքի հետ բառախաղ անելով Ռուբենը ստացել է  «ԻնստագրաԴ»:

Էլիզա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել