«Աշխատանքը չի մոռացնի, բայց կսպիացնի վերքերը»

«Աշխատանքը չի մոռացնի, բայց կսպիացնի վերքերը»

654
Լուսանկարը՝ Բորիսի ֆեյսբուքյան էջից

Մինչ պատերազմը 14 տարեկան Բորիս Վանյանի ընտանիքն  ապրում էր Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում։ Պատերազմի սկսվելուց հետո ընտանիքն այլընտրանք չունենալով՝ տեղափոխվեց Հայաստան:

«Պատերազմի առաջին օրը դեռ Հադրութում էինք, պատսպարվել էինք մեր նկուղում, հայրս էլ միանգամից մեկնեց ռազմաճակատ: Մի քանի օր նկուղներում մնալուց հետո, տեսնելով, որ  վտանգը շատ մեծ է, ես որոշում կայացրի, որ  մորս ու փոքր՝ 4 տարեկան եղբորս հետ պետք է տեղափոխվենք Երևան»,-մեզ հետ զրույցում պատմեց Բորիսը։

Դժվարությունները շատ էին, ընտանիքի ամբողջ հոգսը տղան վերցրել էր իր ուսերին, բայց ինչպես ինքն է նշում՝ պատրաստ էր այդ ամենը հաղթահարելու։ Բորիսի ընտանիքինԵրևան տեղափոխվելուց հետո հյուընկալել ու օգնել է հորաքույրը. «Երևանում մեզ հյուրընկալեց հորաքույրս: Սկզբի մի քանի օրը դեռ պետք է դուրս գայինք այդ շոկային վիճակից, հետո արդեն  հասկացա, որ  պետք է  մի բան մտածել, որովհետև ընտանիք պահելու խնդիր կա։ Հորաքույրս առաջարկեց ինտերնետ խանութ բացել, ծանոթացրեց այդ գործի նրբություններին, հետո ինձ մոտ եղած փոքրիկ գումարով  մի քանի բան առանք, էջ բացեցինք, տեղադրեցինք: Հետո հորաքույրս իր ֆբ էջում այդ մասին գրեց և ադ գրառումը միանգամից  շատ մեծ արձագանք ստացավ: Մարդիկ հազարներով սկսեցին էջի հետևորդ դառալ, նաև գնումներ կատարել՝ իրենց աջակցություննառաջարկել: Շատ-շատ լրատվամիջոցներ  ինձանից հարցազրույցներ վերցրին, որը նույնպես մեծ  աջակություն եղավ, ու իմ խանութի մասին իմացան հազարավոր մարդիկ»։

 Հարցին՝ խանութը մինչ օրս աշխատում է, եկամուտ տալիս է, թե ոչ, Բորիսը պատասխանեց. «Այսօր խանութն աշխատում է, ամեն օր  ինչ-որ չափով եկամուտ  է ապահովում, որի շնորհիվ տուն ենք վարձել, ընտանիքիս հոգսերն եմ հոգում»:

Զրուցեցինք նաև ապագայի հետ կապված նրա պլանների մասին. «Ճիշտ է, հիմա մենք տուն չունենք, մեր տարածքները թշնամու ձեռքում է, գնալու տեղ չունենք, բայց ես չեմ կորցնում հույսս, մենք անպայման վերադարձնելու ենք մեր տարածնքները, և ես ու մնացած Արցախից եկածները վերադառնալու ենք մեր տները»:

Նարե բաբերյան

3-րդ կուրս

Կիսվել