«Ուսանողը դասերից հետո պետք է գնա տուն կամ գրադարան ու մինչև կեսգիշեր...

«Ուսանողը դասերից հետո պետք է գնա տուն կամ գրադարան ու մինչև կեսգիշեր ինչ-որ նոր բաներ սովորի, ոչ թե լեկցիան անգիր անի, ոչ թե ատենախոսություն արտագրի». Սմբատ Գոգյան

3445

Հարցազրույցների շարքի նպատակն է պարզել, թե կրթական, արտադրական ոլորտներում, ինչ փոփոխություններ պիտի լինեն, որ կաջակցեն պետության, տնտեսության զարգացմանը։ Հյուրերը խոսում են իրենց ոլորտների առաջ ծառացած նոր խնդիրների, մարտահրավերների ու անելիքների մասին։

Զրուցել եմ ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սմբատ Գոգյանի հետ։

-Պր. Գոգյան, պատերազմից հետո հետևություններ անելու շրջանն է գալիս։ Կրթության ոլորտում կա՞ն կարևոր դրույթներ, որ պետք է առանձնացնել, հետագայում ուշադրություն դարձնել դրանց, որպեսզի նպաստենք պետության տնտեսական աճին։

– Նախ ասեմ, որ պատերազմը չի ավարտվել։ Մենք գտնվում ենք երկու պատերազմների արանքում գտնվող մինչպատերազմական վիճակում։ Պետք է հասկանանք, որ այս ամեն ինչը մեր կրթության տապալման արդյունք էր։ Մենք պետք է մեր վերաբերմունքը, կրթությունը, դաստիարակությունը գլոբալ առումով փոխենք։ Այդ ընկալումը, իմ կարծիքով, այդքան էլ հասունացած չի հասարակության շրջանում. միևնույն է՝ էլի դիպլոմի համար ենք սովորելու, գնահատականի համար ենք սովորելու։ Որովհետև այդ կրիտիկական փոփոխության պահանջը ոնց որ թե չի ձևավորվում։

– Ո՞ր խնդիրները կարող են լուծվել ուսումնական հաստատությունների ներսում՝ դպրոցներ, մասնավոր, թեքումով դպրոցներ, համալսարաններ։ Ո՞ր կառույցն ինչքանո՞վ կարող է փոփոխություն մտցնել, զարգացում ապահովել, Ձեր նշած մտածելակերպը կոտրել։

– Թեքումով, մասնավոր դպրոցները առանձնապես շատ բան չեն կարող անել։ Իմ կարծիքով՝ հիմա մեր գլխավոր խնդիրն այն է, որ ցանկացած ոլորտում, այդ թվում կրթության, մենք չունենք փորձագիտական լուրջ համայնք, որ իր խոսքը կասի։ Ինչի արդյունքում դիլետանտիզմն(սիրողականություն) է որոշումներ կայացնելիս գերիշխում։ Մենք չունենք ընդհանուր մասնագիտական եզրահանգումների ձևավորված պահանջ։  

– Իսկ ինչի՞ց է սա գալիս։ Չունենք, որովհետև ցանկություն չկա՞։

– Պետական համակարգի թուլությունից և անճարությունից։

Կա՞ն ինչ-որ ծրագրեր, գաղափարներ, որ կարելի է իրականացնել առանց պետական համակարգի աջակցությունը ստանալու։ Օրինակ՝ դպրոցը կամ համալսարանը որոշի ինչ-որ խնդիր դնել իր առաջ և իրականացնել՝ առանց որևէ մեկի միջամտության։

– Անհատները կարող են տարբեր բաներ անել։ Ոչ մեկը ոչ մեկին չի խանգարում համալսարան հիմնել ու կրթություն կազմակերպել։ Բայց մոբիլիզացիոն ուժը ամեն դեպքում կառավարությունն ունի։ Ամեն մի գլոբալ մեծ նախագիծ կարող է անել միայն կառավարությունը։ Ժամանակի ընթացքում իր նկատմամբ պահանջ պիտի ձևավորվի, որպեսզի ինքը դա անի։ Բայց այդ պահանջը ձևավորելու երկարատև ժամանակը մենք առանձնապես չունենք։

– Ո՞ր մասնագիտությունները, որակավորումներն էին պետք, որո՞նց կարիքը զգացվեց այս ընթացքում։

– Հիմա շատ է խոսվում, որ բնագիտական կրթությունը պետք է ուժեղացվի, բայց, իմ կարծիքով, դա շատ սխալ ու սահմանափակ մոտեցում է, որովհետև մեզ մոտ հենց հումանիտար մտքի կաղալն էլ բերեց նրան, որ մենք ունեցանք այն, ինչ ունենք։ Մեզ մոտ չկա սոցոլոգիական լուրջ ինստիտուտ, որպեսզի սոցիումի պահանջներն ու նպատակները հասկանանք, ոչ իրավաբանական լուրջ կառույցներ ունենք, որ սահմանադրություն, օրենսգրքեր, միջազգային հարաբերությունները կարողանանք հասկանալ, հոգեբանական համայնքն է կաղում ամեն ինչով։ Այսինքն՝ եթե մենք ունենանք ուժեղ տեխնոլոգիական լուծումներ, բայց ազգի պառակտման դեմն առնելու ոչ մի մեխանիզմներ չունենանք, ապա, մեկ է, օգուտ չկա դրանից։

– Կրթության նորանշանակ նախարարն ի՞նչ ուղղությամբ պիտի աշխատի, ի՞նչ փոփոխություններ պիտի արվեն այս ոլորտում։ Պետական կառույցները իրենց գործնեությունը ի՞նչ ձևով պետք է փոխեն, որպեսզի զարգացումը տեսնենք։    

– ԿԳՄՍ նախարարի փոխվելով՝ ոչ մի բան չի փոխվի։ Պետք է փոխվի կառավարության ծրագիրը։ Այնտեղ ոչ մի թիվ գրված չկա։ Մարդկությունը, ինձ թվում է, թիվը նաև հորինել է ոչ թե տարեդարձել նշելու, այլ տարբեր երևույթների քանակական համեմատություն անելու համար։ Եթե թվեր չկան, ո՞նց կարող ենք ասել՝ նախարարը ինչ պիտի անի, որ ինչին հասնի։ Իսկ ինչի՞ է ուզում հասնել կառավարությունը։ Եթե այս հարցի պատասխանը չկա, նախարարը գալիս է՝ ի՞նչ անի։  

-Յուրաքանչյուր անհատ, ուսանող, դասախոս ինչո՞վ կարող է աջակցել, որպեսզի թե՛ կրթության մակարդակը բարձրանա, թե՛ կրթություն-աշխատավայր կապն ավելի լավը լինի, հետո դրա միջոցով արդեն տնտեսությունը կարողանանք զարգացնել։

–  Դասախոսը պետք է գնա տուն ու նայի, թե իր կրթական ծրագիրը որքան է հնացել աշխարհի մակարդակով։

– Երբ դասախոսը տեսնի, որ ծրագիրը հին է, կարո՞ղ է դնի այն մի կողմ ու սովորեցնի այն, ինչը ճիշտ է համարում։

– Ծրագրի հաստատումն էլ է իրենց ձեռքում ամեն դեպքում։ Այսօրվա դրությամբ համալսարաններում, բուհերում հիմա ոչ մեկը չի էլ կաշկանդում դասախոսին անել այսպես կամ այնպես։ Օրինակ՝ եթե ինֆորմատիկայի կամ ֆիզիկայի ֆակուլտետներում սկսվեն տեխնոլոգիաներ սովորեցնել, որոնց միջոցով հետագայում հնարավոր է բայրագթարներ սարքել, ապա ինձ թվում է, ուսանողների 90%-ը դուրս կմնա առաջադիմության խնդրի պակասի պատճառով, ինչը բուհի ղեկավարությունը թույլ չի տա ոչ մի դեպքում։

– Իսկ ուսանողներն ի՞նչ պիտի անեն։

– Ուսանողը դասերից հետո գնա տուն կամ գրադարան ու մինչև կեսգիշեր ինչ-որ նոր բաներ սովորի, ոչ թե լեկցիան անգիր անի, ոչ թե ատենախոսություն արտագրի։ Աշխատել, աշխատել, աշխատել։

Միլենա Մովսեսյան

4-րդ կուրս

Կիսվել