Դիպուկահարի մահաբեր գնդակը գտավ 25-ամյա Մուշեղ Իսրաելյանին զոհված ընկերոջ մարմինը դուրս բերելիս

Դիպուկահարի մահաբեր գնդակը գտավ 25-ամյա Մուշեղ Իսրաելյանին զոհված ընկերոջ մարմինը դուրս բերելիս

2268

25-ամյա Մուշեղ Իսրաելյանը Էջմիածնի Ջրառատ գյուղից էր։ Հոկտեմբերի 16-ին, չսպասելով զինկոմիսարիատի ծանուցմանը, կամավորագրվել Է Հոկտեմբերյանի զինկոմիսարիատում՝ Արցախ մեկնելու եւ պատերազմին մասնակցելու։ Տեսնելով Մուշեղի բժշկական փաստաթղթերը, որտեղ նշված է եղել, որ ողնաշարի երկու ծանր վիրահատություն է տարել ու 3կգ-ից ավելի ծանրություն չի կարող բարձրացնել, զինկոմիսարիատում հրաժարվել են նրան ռազմաճակատ ուղարկել։ Սակայն բազում ջանքեր ներդնելով՝ հասել է նրան, որ ուղարկեն N զորամաս՝ մեկշաբաթյա վերապատրաստման, որտեղից մեկնել է Խոջալու։

«Ասացի՝ Մուշ, լավ, մեր մասին չես մտածում, գոնե սիրելիիդ՝ Անահիտի մասին մտածի, ասաց՝ Անահիտը ձեր հետ ա, իսկ մեր մորքուրի տղեն՝ Գառնիկն ու իր նման 18 տարեկան էրեխեքը կյանքի-մահու կռիվ են տալիս։ Ես ի՞նչ խղճով մնամ էստեղ»,- պատմում է քույրը՝ Հայկուհի Իսրաելյանը։ Մուշեղին բոլորը ժպիտով են հիշում։ Կենսուրախ, կատակասեր, ամեն ինչից գոհ ու երջանիկ երիտասարդը գյուղի ուրախությունն էր, հարևանների առաջին օգնությունը։ Մի քանի տուն այն կողմ ապրող հարևան Կորյուն պապը պատմում է, թե ինչպես էր ամեն տարի Մուշեղն օգնում իրեն՝ ձմռան վառելիքի փայտը տուն տանել։ Այս տարի փայտը երկար մնացել է դրսում, որովհետև սպասում էր պատերազմ գնացած տղայի հաղթական վերադարձին։ Պապը ոչինչ չէր արել, գիտեր՝ Մուշեղը գալու է ու նեղսրտի։

Մորաքրոջ որդու՝ Գառնիկի զոհվելու լուրն առնելով՝ Մուշեղն ասել է՝ մնալու է ու վրեժը լուծի, երբեք չի թողնի այն հողը, որի վրա եղբոր արյունն է թափվել։ Այդպես էլ արեց։ Նոյեմբերի 5-ին Մուշեղին տեղափոխում են Շուշի։ Իր սիրելի քաղաքի պաշտպանության մարտում նոյեմբերի 7-ին ստանում է բեկորային ծանր վնասվածք, սակայն չի հանձնվում։ Իրենից քիչ հեռու նկատում է երկու զինակից ընկերներին, մեկն` արդեն զոհված, մյուսը՝ վիրավոր։ Վերջին ուժերով վիրավորին դուրս է բերում մարտի դաշտից ու փրկում կյանքը։ Երբ վերադառնում է զոհված ընկերոջը դուրս բերելու համար, թշնամու դիպուկահարը նկատում է նրան։ Մահաբեր գնդակը չի վրիպում։ Հաղթանակը մտքում ու չնահանջելու խոստումը շուրթերին՝ անմահացավ եղբոր ու ընկերների հետ՝ ցավը հավերժ թողնելով սիրելիի ու հարազատների սրտում։

Մոնիկա Գրիգորյան

4-րդ կուրս

Կիսվել