Բոդիփոզիթիվ՝ ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կա՞ս, թե քեզ հարմարացնել ընդունված չափանիշներին

Բոդիփոզիթիվ՝ ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին կա՞ս, թե քեզ հարմարացնել ընդունված չափանիշներին

728

Հայաստանում մեծ տարածում է գտնել #Bodypositive-ը: Մեր երկրում այս գաղափարախոսությունն առաջինը ներկայացրած Զառա Ղազարյանի խոսքով՝ #Bodypositive-ն առաջարկում է սիրել ու ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին, որ կաս, դուրս գաս հասարակության կամ հենց քո ստեղծած գեղեցիկի չափանիշներից:

Հիմա Զառան փորձում է թարգմանել, մի քիչ հայաֆիկացնել ու հայուհիների խառնվածքին համահունչ մատուցել այս գաղափարախոսությունը: #Bodypositive-ի մասին առաջին անգամ լսել է պատահաբար, երբ Նյու Յորքում մասնակցում էր HER conference-ին։ Նա պատմեց, որ այնտեղ  բանախոսները հայտնի կանայք էին։ «Նրանք  հաղթահարել են մի շարք դժվարություններ ու իրենց ոլորտում դարձել առաջատար։ Կանայք ցանկացած հաջողության մեջ կարևորում էին սեփական անձի հանդեպ ունեցած հարգանքն ու գնահատականը: Մինչև մենք չունենանք ամուր «ես», մենք չենք կարողանա հաջողության հասնել, որքան էլ լավ մասնագետներ լինեք:» Զառային Bodypositive-ի միտքն ու գաղափարը շատ էր դուր եկել, հանդիպումից հետո ամբողջ համացանցում սկսեց փնտրել տեղեկություններ դրա մասին: «Ամեն նոր նյութի հետ հասկանում էի, թե դա որքան արդի թեմա է, որ այս շարժումը պետք է նաև Հայաստանում տարածում գտնի: Առաջին նյութերը սպասածիցս ավելի մեծ տարածում ու արձագանք գտան: Շատ եմ ուզում՝ այդ գաղափարախոսությունը տարածվի ու ճիշտ ձևով օգտագործվի»:

Ըստ  մեր զրուցակից, գեղեցկության սրահի աշխատակից Մարինա Հովհաննիսյանի, կինը կարող է իրեն սիրել ու գնահատել, երբ հայելու մեջ տեսնում է կատարելության հասնող արտացոլանքը. «Մենք Եվրոպայից շատ ավելի հետաքրքիր բաներ պետք է վերցնենք։ Եթե խոսում ենք եվրոպական արժեքներից, եկեք սովորենք Կոկո Շանելից, Մոնիկա Բելուչիից, Մերիլին Մոնրոյից, որ կինը տնից դուրս գալուց առաջ պետք է լինի շպարված, մազերը հարդարած ու ցանկալի»։ Իսկ գեղեցկության սրահի մեկ այլ աշխատակից Նատալի Մեսրոպյանը հակադրվում է այս ամենին իր իսկ սեփական փորձով. «Ես հազարավոր անգամներ կռվել եմ հայելու հետ, այն արտացոլանքի հետ, որին տեսնում ու որի հետ ապրելու եմ մինչև վերջ։ Դասարանում ես ոչ մեկից չէի տարբերվում, միշտ վախենում էի խոսելուց առաջ, տնից դուրս գալուց ինձ ժամերով կարգի էի բերում ու մեկ է, ինձ դուր չէի գալիս: Արտացոլանքն ավելի վատն էր դառնում, ես՝ կաշկանդված  ու ոչ ինքնավստահ։ Հետո մի գրքում կարդացի, որ  արտաքին գեղեցկությունը անցողիկ է. այն չունի երկար կյանք, ու որ մարդ գեղեցիկ է ոչ թե հայելու արտացոլանքով, այլ ներքին կրակով ու ինքնաբավությամբ։ Այս օրվանից ես սկսեցի գրքեր կարդալ, ինքնազարգանալ, այն ժամանակը, որ ծախսում էի հայելու հետ մենամարտելու համար, օգտագործեցի ինքս ինձ սիրել սովորելու համար։ Ու հիմա ես ինքվստահ եմ. ով մտնում է լսարան, բոլորը հիանում են, երբ խոսում եմ, բոլորը լսում են ու ցանկանում են նմանվել ինձ։ Ես հետաքրքիր եմ, սիրված ու գեղեցիկ՝ անկախ նրանից՝ շպարված եմ, թե ոչ, հագել եմ իմ ամենաթանկարժեք զգեստը, թե դուրս եմ եկել ձեռքիս տակ ընկած իրով։ Դեմքիս թերություններն ու գերակտիվ շարժումներս ինձ չեն տգեղացնում, դրանք իմ յուրահատկություններն են, որոնք այսօր փորձում են կրկնօրինակվել։ Սա է Bodypositive-ը»:

Չնայած այս տարակարծությանը՝ Զառա Ղազարյանն ասում է, որ գաղափարախոսությունը շատ մեծ տարածում է ձեռք բերել, իսկ պատճառը Bodypositive-ի հիմքն է ՝ սեր սեփական մարմնի ու մտքերի հանդեպ. «Մարդն ունի լիարժեք կյանքի իրավունք ցանկացած պարագայում: Խոսքը սրա մասին է: Այսինքն՝ չպետք է խնդրի լուծման ճանապարհին կյանքդ փչացնես, ընկճախտի մեջ հայտնվես: Ապրիր լիաթոք ու կնիհարես, կունենաս երանելի մաշկ… Բայց հիման՝ ապրի: Կողքի «վայ-վույ»-երը երբեմն խանգարում են»:

Զառա Ղազարյանին այս գաղափարախոսությունը շատ է օգնել. կյանքը «օնլայն»-ից տեղափոխվել է «օֆլայն» հարթակ. «Գիտակցեցի, որ կարող եմ ներդաշնակ լինել ինքս ինձ հետ ու ձեռք բերեցի «օնլայն» ու «օֆլայն» ես-երիս դաշինքը: Դու գեղեցիկ ես քո կենսակերպով: Ու սա ուղղակի խոսքեր չեն: Ես հասկացա, որ եթե ես հիմա երջանիկ չեմ, ապա չեմ լինի, երբ նիհարեմ 8 կգ: Երջանկությունը ներկա ժամանակ է: Շատ կարևոր է, որ դա հասկանանք: Ցանկացած փոփոխություն, ինքնակատարելագործում ես կարող եմ անել, բայց միայն հարգելով ինձ, սիրելով իմ մարմինը»:

Աննա Ասմանգուլյան

3-րդ կուրս

Կիսվել