«Երջանիկ եմ, որ մեր Վիքի ակումբը մի շարք պատանիների կյանքում շատ լուսավոր...

«Երջանիկ եմ, որ մեր Վիքի ակումբը մի շարք պատանիների կյանքում շատ լուսավոր անկյուն է դարձել». Նարինե Մուրադյան

1082

Երկու տարի առաջ ամռանն Ալավերդիում բացվեց  վիքիակումբ, որն էլ համակարգում է Նարինե Մուրադյանը: Սա մեծ ցանկությունն էր, որն իրականություն դարձավ նաև նրա շնորհիվ. «Վիքիակումբ ստեղծելու գաղափարը շատ վաղուց կար։ Ինքս արդեն շուրջ 6 տարվա վիքի խմբագիր եմ և Չարենցավանի ավագ դպրոցում փոքրիկ վիքի խմբակ ունեի, որը բավականին ակտիվ գործունեություն էր ծավալում։ Ավելի ուշ տեղափոխվեցի Ալավերդի և «Վիքիմեդիա Հայաստան» : Այսօր արդեն Ալավերդիի Վիքիակումբը  2.5 տարեկան է»։

Այս տարիների ընթացքում հասցրել են բազմաթիվ միջոցառումներ նախաձեռնել և իրականացնել։ Ալավերդիի վիքիընտանիքը շատ հյուրընկալ է, չկան տարիքային, ու սեռային սահմանափակումներ՝ նկատում է Մուրադյանը. «Ցանկացած մարդ, ով ցանկանում է, կարող է միանալ մեզ։ Ակումբը տեղակայված է Ալավերդիի համայնքապետարանի շենքում»։

Համակարգողն ուրախությամբ է պատմում, որ նրա շուրջը հավաքվել են շատ հետաքրքիր, կրեատիվ երիտասարդներ, որոնք մեծ ոգևորությամբ են նախաձեռնում և իրականացնում ցանկացած ծրագիր։ Նրանց աշխատանքին չի կարողացել խոչընդոտել նույնիսկ համաճարակը. «Համաճարակի սկզբի ամիսներին աշխատում էինք տանից՝ վորքշոփներն ու միջոցառումները տեղափոխելով առցանց տիրույթ։ Վերջերս վերադարձել ենք ակումբ՝  բնականաբար պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները։ Ուրախ եմ փաստել, որ ակումբականները հիմնականում ավագ դպրոցի աշակերտներ են և ամենայն պատասխանատվությամբ են մոտենում աշխատանքին»։

Վիքիխմբագիր Ռուդիկը վիքիակումբի մասին իմացել է ընկերոջից, ով առաջարկել է միանալ իրենց ընտանիքին: Որոշել է գնալ և ծանոթանալ։ «Առաջին անգամ բացատրելուց հետո հասկացել եմ, որ շատ հեշտ, հետաքրքիր ու զարգացնող աշխատանք է. ամեն հոդված գրելիս, մեծ պատասխանատվություն եմ զգում: Վիքիպեդիան ինձ տվել է մոտիվացիա, բարելավել եմ ռուսերենս, ավելի մեդիագրագետ եմ դարձել։ Վիքիպեդիան ինձ տվել է լավագույն ընկերներ ու մի լուսավոր կետ է դարձել իմ կյանքում»։

Վիքիպեդիայում կարելի է հոդվածներ տեղադրել տարբեր բնագավառներից, բայց յուրաքանչյուր վիքիխմբագիր ունենում է իր ուղղությունը։ Ռուդիկի նախընտրելի թեմաներն են՝ բիզնեսմեններն ու տարբեր կազմակերպությունները։

Իսկ Մարիանան վիքիակումբի մասին իմացել է Ռուդիկից.  «Սկզբում չգիտեի, որ գոյություն ունեն վիքիակումբներ, այն էլ Ալավերդում: Սկսեցի հաճախել տեղի քոլեջը: Ուսանողներից մեկը՝Ռուդիկը, ով նույնպես վիքիակումբի անդամ է, առաջարկեց գնալ վիքիակումբ՝ ծանոթանալ, թե ինչ են անում այնտեղ: Այդ փաստն ինձ ուրախացրեց: Ես առաջարկը ընդունեցի: Այնտեղ ծանոթացա, թե ինչ է Վիքիպեդիան և դարձա վիքիակումբի անդամներից մեկը»:

Վիքիակումբին միանալու պատճառներից մեկն էլ եղել է իր ծննդավայրի մասին վիքիպեդիայում ինֆորմացիա չգտնելու հանգամանքը: Հիմա զարգացրել է համակարգչային ընդունակությունները, անգլերենն է բարելավել,  ավելի համարձակ է, բանավոր խոսքն էլ վարժ:

Նարինե Մուրադյանի ցանկությունն է, որ ավելի շատ համայնքներում բացվեն Վիքիակումբներ. այն մի հարթակ է, որը երեխաներին  հարստացնում է գիտելինքներով:

Տաթևիկ Գաբրիելյան

3-րդ կուրս

Կիսվել