Ճանաչենք մեր հերոսներին. Կարեն Սերոբյան

Ճանաչենք մեր հերոսներին. Կարեն Սերոբյան

2434

Կարենը Սերոբյանը ծնվել է 1981 թ-ի հունիսի 30-ին քաղաք Երևանում։ Սեպտեմբերի 30-ին մեկնել է ռազմաճակատ։ Կռվել է անձնվիրաբար և կյանքը զոհել հանուն գալիքի։

Կարենի հերոսության ու մարդ տեսակի մասին զրուցել ենք աղջկա՝ Լենայի և նրանց ընտանիքի լավագույն ընկերնեից մեկի ՝ Էլենի հետ։

Ասում է՝ հայրս աշխարհի ամենադրական մարդն էր, ինձ ամենալավն էր հասկանում, իմ միակ ու անփոխարիների հարազատ հոգին էր։

Կարենը չափից դուրս հոգատար, լավատես ու  կարեկցող է եղել. «Պապաս էս աշխարհում ամենաբարի մարդն էր։ Ինքը բոլորին օգնում էր, կապ չունի, թե ո՞վ է։ Հիշում եմ՝ երբ մեր հարևանը տանը չէր լինում, ու իր ընտանիքը ինչ որ բանի կարիք էր ունենում, անպայման օգնում էր։ Կյանքում չէր թողնում, որ տխրեինք։ Իր հետ անհնար էր չժպտալ, անգամ, երբ ռազմաճակատից էր զանգում, շատ ուրախ էր խոսում»։

Էլենը՝ ով մեծացել է Սերոբյանների ընտանիքում, փաստում է, որ հերոսը լավագույն մարդն էր, ում երբևէ ճանաչել է այս կյանքում. «Կարենը ընկերասեր էր, հումորով, լուրջ դեմքով այնպիսի կատակներ էր անում, որ հավատում էինք, իսկ ինքը ծիծաղում էր»։

Աղջիկները հիշում են, թե հերոսը ինչպես էր իրենց  համոզում, որ պարեին, հաճույքով նայում էր, հետո ծիծաղում։

«Մարիամ քույրիկի հետ Կարենն էլ, նստում նայում էին՝ ոնց ենք ես ու Լենան իրար կծում, կռվում, ծիծաղում էին, էնքա՜ն կատակներ էինք անում, հիմա հավատս չի գալիս, որ Մարիամ քույրիկը պիտի մենակ տեսնի էդ ամենը ու ծիծաղի, նույնիսկ չգիտեմ՝ էլ կծիծաղի՞, թե՞ չէ»,-պատմում է Էլենը։

Կարենը գեղեցիկ ընտանիք ուներ։ Կնոջը՝ Մարիամին շատ էր սիրում, պլանավորել էր այս տարի իր սիրելիի ծննդյան տարեդարձը մեծ շուքով նշել։ Երբ Կարենը պատերազմ գնալիս տեսել է, թե ոնց է կինը լացում, կատակել է՝ իմանայի ինձ էսքան սիրում ես, բանակ կգնայի։ Երազում էր, որ Լենան սովորի համալսարանում, լավ կրթություն ստանա։ Նա անպայման իրականացնելու է հերոս հայրիկի երազանքը։

Լենայի խոսքով՝ Կարենը միշտ աղջկա մասին երգ լսելիս, ֆիլմ նայելիս հուզվել է, գրկել իրեն ու խոստացել պաշտպանել ամեն ինչից։

Կարենը մտածել է բոլորի մասին, նրա համար մարդը մեծագույն արժեք էր, մարդկային  հարաբերությունները վեր էին ամեն ինչից։ Նրա բարի ժպիտն ու անսահման ջերմ վերաբերմունքը ոչ ոքի անտարբեր չէին թողնում։ Լենան պատմում է, որ կուրսընկերները մի անգամ տեսազանգով խոսել են հայրիկի հետ ու անչափ տպավորվել։

Էլենը ավելացնում է. «Կարենը մարդ էր, ում բացակայությունը երբեք չի լրացվի, նրա հետ անցկացրած պահերը կմնան իմ հուշերում մինչև կյանքիս վերջ։ Հիշում եմ՝ իր հետ անցկացրած նոր տարին, մեզ ստիպեց խմել՝ այն դեպքում, երբ Լենան ընդհանրանապես չի խմում, ստիպեց, որ ամեն-ամեն ինչ ուտենք։ Առհասարակ չկա մի պահ, որ նրա հետ տոն չդառնար»։

Կարենի նվիրվածությունն ու սրտացավությունը ռազմաճակատում շատ մարդկանց կյանքեր է փրկել։ Նրա մասին վերջին հուշերը պատմում են զինակիցները։ Նա հայրական հոգատարությամբ ու սիրով է վերաբերվել հատկապես ժամկետային զինծառայողներին։

Լենան պատմում է, որ հայրը պատերազմի ընթացքում 2 անգամ եկել է տուն, բայց իրենց հետ ժամանակ անցկացնելու փոխարեն անընդհատ զանգել է տղաներին։ Նրանց համար քաղցրավենիքներ  ու սիրելի կնոջ պատրաստած բալի կոմպոտից է տարել։

«Վերջին անգամ, երբ եկավ, դեղատանն էի, հաճախորդին էի սպասարկում, զինվորական շորերով մտավ ներս, աչքերիս չէի հավատում։ Վազեցի, գրկեցի, սկսեցի լացել, ինքն էլ իրեն բնորոշ ձևով հանգստացրեց ու ժպիտ պարգևեց»։

Դեպքը եղել է հոկտեմբերի 30-ին Կուբաթլուի ինքնապաշտպանական մարտերում, Կարենը ամեն ինչի հանդեպ շատ դրական է տրամադրված եղել, ինչն էլ օգնել է ընտանիքին որոշ չափով հանգիստ լինել։ Ասել է՝ հենց ոտքս դնեմ` հաղթելու ենք։

Լենան փաստում է. «Հայրս հաղթական ավարտի վրա չէր կասկածում, ասում էր՝ ամսվա վերջ ամեն ինչ կվերջանա, վերջացավ, բայց ցավոք իր համար։ Մի պահ եղավ՝ շատ էի նեղացել իրենից, նայում էի նկարին ու վիճում, որ մեզ մենակ է թողել, բայց հիմա ուզում եմ  իրեն պատմել, որ շատ բան է փոխվել իր գնալուց հետո։ Ու ամենակարևորը, ուզում եմ Աստծուն շնորհակալություն հայտնել, որ հենց ինքն է իմ հայրը։ Մենք բոլորս միշտ հիշելու ենք իրեն, հույսով սպասելու ենք իր հաղթանակած վերադարձին, ինքը իմ hերոսն է, ու ես մի վայրկյան անգամ չեմ էլ կասկածել, որ ինքը իր ամենաթանկը՝ կյանքը, կտա ինձ…»։

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել