Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհու առաջին քայլերը մեդիայում` թուրքերենի իմացությամբ

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհու առաջին քայլերը մեդիայում` թուրքերենի իմացությամբ

658

«Հայաստանում, մանավանդ վերջին օրերին, թուրքերենն ավելի կարևոր է, քան անգլերենը»,- ասում է ԵՊՀ 2-րդ կուրսի ուսանողուհի Աննա Պալաքյանը, որը բացի ռուսերենից և անգլերենից տիրապետում է նաև տարածաշրջանային կարևոր լեզուներից մեկին`թուրքերենին։

19-ամյա աղջիկը դեռ 17 տարեկանից սկսել է ուսումնասիրել այդ լեզուն. «Որոշել եմ սովորել քառօրյա պատերազմից հետո։ Այն ժամանակ, երբ թերթում էի թուրքական մամուլը, տեսահոլովակ էի նայում ու չէի հասկանում, նյարդայնանում էի։ Յութուբում որոնեցի «как учить турецкий язык», ու հենց այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ»։

Առաջին քայլերը, ինչպես ինքն է պատմում, եղել են դժվար ու ժամանակատար. «Սկզբում ոչ մի բառ չէի հասկանում, բայց հետո մի-մի բառով առաջ գնացի»։

Սերիալների սիրահար աղջիկը բաց չի թողել նաև սիրելին օգտակարի հետ համատեղելու հնարավորությունը. «Թուրքական պատմական սերիալ կա՝ «Muhteşem Yüzyıl («Հոյակապ դար»), մոտ 30 սերիա նայելուց հետո սկսեցի լավ հասկանալ»։

Թեև Աննայի հմտությունը հենց արցախա-ադրբեջանական հակամարտության ժամանակ է առավել  նկատելի դարձել, սակայն մինչ այդ էլ նա մշտապես ուսումասիրել է հարևան երկրի կյանքը. «Միշտ հետևել եմ նրանց մամուլին, նրանց մշակույթն եմ ուսումնասիրել, կրոնը, անգամ բարբառները։ Պատերազմի ժամանակ էլ կամավորության շրջանակներում լրատվականներից մեկի համար թուրքական կայքերի հոդվածներից էի թարգմանում։ Հաճելի էր, որ լրագրության մեջ առաջին անգամ պետք եկավ հմտությունս»։

Ապագայի ծրագրերի առումով աղջիկը լիահույս է. «Հետագայում ուզում եմ ավելի խորացնել լեզվի իմացությունս։ Երազում եմ Թուրքիայում հայանպաստ գործունեություն ծավալել. գուցե հնարավոր լինի Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների մեջ ինչ-որ բան փոխել»,- լավատեսորեն եզրափակում է զրույցը Աննան։

Սեդա Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել