Փորձագետ. «Բիզնեսը սպասողական վիճակում է, սպասում է, թե պետությունը որ ուղղությունն է...

Փորձագետ. «Բիզնեսը սպասողական վիճակում է, սպասում է, թե պետությունը որ ուղղությունն է ընտրելու զարգացման համար»

643

Դեկտեմբերի 2-ին «Կանանց իրավունքների տուն»-ն անցկացրեց «Ի՞նչ վիճակում է բիզնես սեկտորը ՀՀ-ում. համավարակի ու պատերազմի ազդեցությունը բիզնեսի վրա» թեմայով հերթական հանդիպումը, որի հյուրն էր սոցիալական ձեռնարկատիրության փորձագետ Արամ Հարությունյանը:

Ի՞նչ վիճակում է բիզնես սեկտորը հարցին Հարությունյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Բավականին սպասողական վիճակում է, սպասում է, թե պետությունը որ ուղղությունն է ընտրելու զարգացման համար: Պետք է կարողանանք պատկերացում կազմել, թե ինչպիսին է լինելու մեր պետության ապագա ռազմավարությունը: Եթե տուրք տանք տրամաբանությանը, կարող ենք փաստել, որ պետությունն իր ռազմավարական տնտեսական զարգացման ուղիներից մեկը կվերցնի ռազմարդյունաբերությունը և դրան սպասարկող ոլորտները: Ցավոք սրտի, մեր քաղաքացիների մոտ, երբ  խոսում ես ռազմարդյունաբերական կոմպլեքսի գործարկման մասին, նրանք միայն պատկերացնում են ծանր հրետանի, ԱԹՍ-ներ, կրակող զենքեր: Ռազմարդյունաբերությունը ինտեգրված արդյունաբերություն է և տարբեր ոլորտների ինտեգրում է ենթադրում՝ սկսած բանակի նվազագույն անհրաժեշտության ապահովումումից»:

Արամ Հարությունյանի կարծիքով՝ բիզնեսի խնդիրները պետք է բաժանենք համախմբերի: Առաջին համախումբը՝ եկամտի պակաս, աշխատատեղերի նվազում: Երկրորդ համախումբը՝ կոմունիկացիաների դժվարություն, օրինակ՝ համավարակի ժամանակ սահմանների փակում, անհրաժեշտ հումքի և նյութերի ներմուծման բավականին խստացված ռեժիմ, որի արդյունքում որոշակի արտադրություններ իրենց ժամկետներում չէին հասցնում վերաթողարկվել: Երրորդը իրավական հարաբերությունների հետ կապված փաթեթն է: Գաղտնիք չէ, որ եկամտի պակասը և աշխատատեղերի նվազումն ամենամեծ ազդեցությունը թողեց համավարակի և պատերազմի ժամանակ:

Ի՞նչ պետք է անի գործարարը, որպեսզի հաղթահարի այս ճգնաժամը։ Փորձագետի կարծիքով՝ գործող բիզնեսները (հատկապես՝ փոքր) պետք է փորձեն փոխել իրենց դիտակետը, այլ պրիզմայով անցկացնել իրենց բիզնեսները: «Պետք է անընդհատ ուսումնասիրեն շուկայի տենդեցները, կարողանան ադապտացնել իրենց ծրագրերը, բիզնես գաղափարները: Շատ հաճախ ճգնաժամային կամ հետճգնաժամային իրավիճակներում բիզնեսմենները կայացնում են ակնթարթային որոշումներ՝ փոփոխություններ իրականացնելու  համար: Մենք տեսանք, որ շատ բիզնեսներ համավարակի ժամանակահատվածում ձևափոխեցին իրենց գաղափարախոսությունը և սկսեցին արտադրել ախտահանիչ նյութեր, դիմակներ, գլխարկներ: Դա շահույթ ստանալու տեսակետից շատ գրավիչ է»,- ասում է Արամ Հարությունյանը:

Նա համոզված է, որ շահույթը պետք է արտահայտված լինի ոչ միայն ֆինանսական հաշվապահական փաստաթղթերում, այլ ապահովի բիզնեսի կոնկրետ ոլորտային զարգացումը:

Փորձագետի կարծիքով, զբոսաշրջության ոլորտի միկրոկլիման բավականին անառողջ է այս պահին: Միջազգային շուկայում Հայաստանը բավականին դրական իմիջ ենք ունեցել: Զբոսաշրջությունն ունի իր հարակից ոլորտները՝ սնունդ, տրանսպորտային փախադրումներ, հյուրանոցային ծառայություններ: «Մենք պետք է կարողանանք բարելավել այս ոլորրտը, որովհետև այն շահութաբեր է, բացելու է Հայաստանը նորովի, նոր տեսքով և ձևով միջազգային ասպարեզներում»,- ասում է Արամ Հարությունյանը:

Իբրեւ եզրափակում նա խորհուրդ տվեց ցանկացած ռեսուրս ճիշտ օգտագործել:

«Մենք չենք վստահում տեխնոլոգիաներին և այդպես կորցնում ենք այն ռեսուրսը, որը հնարավոր է այս պահին ձեզ համար կարևոր չէ, բայց այն կարևոր է տնտեսության ընդհանուր զարգացման համար: Յուրաքանչյուր կորցրած ռեսուրս, թեկուզ լումայի տեսքով, ազդեցություն է թողնում պետական բյուջեի ձևավորման վրա: Պետք է պատասխանատվություն վերցնենք մեզ վրա, որպեսզի կարողանանք առաջ շարժվել»,-նշեց Արամ Հարությունյանը:

Վերա Հայրյան

3-րդ կուրս

Կիսվել