«Իմ բախտից էդ օրը պահարանը վաճառվել էր, կարողացանք թառ գնել, բերել տուն»....

«Իմ բախտից էդ օրը պահարանը վաճառվել էր, կարողացանք թառ գնել, բերել տուն». վարպետ Ալբերտ

1629

«40-50-ական թվականներին մենք ունեինք մի սև ռադիո՝ պատերազմի ժամանակներից մնացած, ուրիշ բան չունեինք։ Միշտ լսում էինք հաղորդումները, շատ էին տալիս ժողովրդական երգեր, հատկապես լսում էի գուսանական երգեր, և այնտեղ գործիքներից ամենալավը հնչում էին սանթուրն ու թառը։ Այդ ժամանակ ես դեռ չէի տեսել այդ գործիքները, ուղղակի ականջիս տպավորվել էր թառի ձայնը»։

Այսպես է վարպետ Ալբերտն առաջին անգամ ծանոթացել թառին։

Ալբերտ Զաքարյանն իր տան նկուղը վերածել է արվեստանոցի, ու արդեն մի քանի տասնամյակ է՝ այդ արվեստանոցում պատրաստում է թառ։

«Հայրս փայտից պատրաստում էր կահույք, ես էլ իրեն օգնում էի, այսինքն՝ փոքր տարիքից արդեն փայտի հետ գործ եմ ունեցել՝ տաշել, կտրել և այլն։ Սև շուկա կար, որտեղ մարդիկ տարբեր բաներ էին վաճառում՝ սկսած հին շորերից մինչև նոր պատրաստված ապրանքներ։ Ամեն կիրակի գնում էինք այնտեղ՝ հորս պատրաստած կահույքը վաճառելու։ Էդ մի կիրակի իմ բախտը բերեց։ Հանկարծ թառի ձայնը լսեցի ու վազելով գնացի։ Մի մարդ էր, թառ էր նվագում ու ծախում։ Երկար կանգնել, լսում էի, մեկ էլ հայրս ուսիս խփեց, հարցրեց՝ դուրդ գալիս ա, ասացի՝ հա, պապ, շատ։ Իմ բախտից էդ օրը պահարանը վաճառվել էր, կարողացանք թառը գնել, բերել տուն»։

Վարպետ Ալբերտը շատ լավ է հիշում՝ երբ է առաջին անգամ փորձել նվագել։

«Պառկել էի քնելու, հետս թառն էլ էի վերցրել, որ ոչ մեկին չխանգարեմ, վերմակի տակից լարերն էի շարժում, ուզում էի ձայնը լսել»։

Առաջին անգամ նվագել փորձելուց հետո վարպետ Ալբերտը հասկացավ, որ ինքնուրույն դժվար կլինի սովորե,լ ու որոշեց գնալ երաժշտական խմբակ։

«Մեր ժամանակ երիտասարդների համար կային շատ մեծ հնարավորություններ՝  նվագելու, երգի, պարի և այլ տարբեր խմբակներում ընդգրկվելու համար։ Բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները ունեին երաժշտական խմբեր, համույթներ։ Երիտասարդների մեծ մասը ձգտում էր գնալ այդտեղ։ Երբ թառն արդեն գնել էինք, որոշեցի գնալ Կիրովի գործարանի ակումբ, այնտեղ կային խմբեր, երաժշտական գործիքների, փողային գործիքների անսամբլ և այլն։ Գնացի առաջին պարապմունքին, դասատուի անունը Մարտին Խաչատրյան էր, առաջին փորձը որ վերջացավ, ասացի՝ ընկեր Խաչատրյան, թառ եմ առել, ուզում եմ թառ նվագել սովորեմ»։

Մարտին Խաչատրյանի ղեկավարությամբ վարպետ Ալբերտը սկսեց սովորել, շատ կարճ ժամանակում արդեն սկսեց նվագել, 1955 թվականին արդեն պրոֆեսիոնալ նվագում էր։

«Գնում էինք տարբեր տեղեր, դաշտերում համերգներ էինք տալիս մեղվապանների, չոբանների համար և այլն։ Հետո կամաց-կամաց ընդունվեցի տնտհաշվարկային խումբ։ Մենք համերգ էինք տալիս, եկամուտը բաժանում էինք մեր մեջ, մի մասն էլ տալիս էինք պետությանը։ Սկսեցի աշխատել, օրական 3 ռուբլի փող էի ստանում, շատ լավ էր»։

Վարպետ Ալբերտը պատմեց, որ երբ եկավ իր՝ բանակ գնալու ժամանակը, թառն ընկավ հետին պլան։ Բանակից վերադարձավ ու հաջորդ տարում ընդունվեց պոլիտեխնիկական համալսարան։

«Տենց թառը ընկավ երկրորդ պլան, ես սկսեցի սադափով նախշազարդել գործիքները»։

Այս աշխատանքի շնորհիվ վարպետ Ալբերտը հանդիպեց տարբեր հայտնի մարդկանց, ծանոթացավ ու աշխատեց շատ երաժիշտների և արհեստավորների հետ ու սկսեց արդեն թառ պատրաստել։

Վերջում մեզ պատմեց նաև թառ պատրաստելու եղանակի մասին։

«Թառ պատրաստելու համար թթենու փայտն ենք վերցնում, սղոցում ենք, թաց վիճակում փորում ենք ու սպասում, որ չորանա։ Հետո սկսում ենք մշակել ու միացնում ենք ընկուզենու փայտից պատրաստված եռանկյունաձև վզիկը։ Վերջում էլ ավելացնում ենք լարերը»։

Մանվելյան Լուսինե

2-րդ կուրս

Կիսվել