«Երբ սիրում ես մի կնոջ, քո սերն ես սիրում նրա մեջ, և...

«Երբ սիրում ես մի կնոջ, քո սերն ես սիրում նրա մեջ, և այդ էլ իր հետ բերում է քո ուզած գեղեցկությունը». Երվանդ Քոչար

1435

Երվանդ Քոչարի թանգարանում նոյեմբերի 28-ին ցուցահանդեսի բացումն էր՝ նվիրված իր առաջին սիրուն՝ Արփենիկ Հովսեփյանին։ Այս տարի լրանում է «Արփենիկի դիմանկարը» գեղանկարի 100 տարին, ինչն էլ այս ցուցադրության կազմակերպման առիթն է հանդիսացել։ Բացման օրը թանգարանում շատ մարդիկ կային, ովքեր մեծ հետաքրքրությամբ լսում էին պատմությունները՝ նվիրված Քոչարի յուրօրինակ աշխատանքներին։

Էքսկուրսավար Մարիաննա Հովհաննիսյանը ներկայացրեց Քոչարի հուշերից մեկ հատված նվիրված Արփենիկին։ «Հովնանյան դպրոցում մի աշակերտուհի կար Արփենիկ անունով, սիրում էի խենթի պես, երկար մազերով էր, տխուր աչքեր և զարմանալի գեղեցիկ ձեռքեր ուներ։ Գարնան մի օր ժամադրված էինք, հանդիպեցինք երևանյան հրապարակում, հանկարծ անձրև եկավ, մի անկյուն գտանք ու պատսպարվեցինք, երբեք չեմ մոռանա այդ օրը. միմյանց կողքի, իրար կպած կանգնած էինք, ուզում էի, որ անձրևը անվերջ գա, և մենք մնանք իրար կողքի …»։

 (Արփենիկի դիմանկարը)

Եվրոպական արվեստաբանական միտքը Քոչարին համարում էր ժամանակակից արվեստի ռահվիրա, արվեստագետ, ով իր աշխատանքը կատարում էր զգացմունքային ալիքներին համահունչ շարժվելով։ Երվանդ Քոչարը իր աշխատանքներում տարբերվել է, երբեք չի արել այնպես, ինչպես ընդունված է, այդ էլ հաղորդել է աշխատանքներին տարբեր երանգներ։

Էքսկուրսավար Գայանե Գարեգինյանը ներկայացրեց Երվանդ Քոչարի աշխատանքները՝ մանրամասն պատմելով և անդրադառնալով գործերին։

Քոչարը «Մարդ-քաղաք» շարքին շատ է անդրադարձել՝ հարցնելով՝ մա՞րդն է քաղաքում ապրում, թե՞ քաղաքը մարդու մեջ, այսինքն այն ամենը, ինչը ստեղծվում է մարդու կողմից մարդու համա՞ր է, թե՞ մարդու դեմ։

                         

(Մարդ-քաղաք)

Քոչարը դեմ էր ցանկացած պատերազմի և ասում էր, որ պատերազմում չկան հաղթող կողմեր. բոլոր կողմերը պարտված են։ «Պատերազմի արհավիրքը» նկարում արտահայտված է տառապանքը և ցավը։

                         

(Պատերազմի արհավիրքը)

Պատերազմը կարծես թե պետք է խանգարի արվեստի զարգացմանը, բայց Քոչարը համարում էր, որ այդ ժամանակներում արվեստը պետք է ավելի շատ լինի մարդկանց կյանքում և նվիրի ազատության շունչ։ «Արվեստը պաթոս է՝ մարդկային հոգու՝ էմոցիայի ծայրահեղ լարում. ահա մշտնջենավոր բովանդակությունն արվեստի։

Պատերազմը, ռումբերն ու թնդանոթները անցողիկ են, իսկ գեղարվեստը մշտնջենական է» – ասել է մաէստրոն։

Մոմաներկը վաղուց հայտնի է, բայց Քոչարը ունի պատենտը, որը ինքն է ստեղծել առաջին անգամ, որ հնարավոր է մոմաներկը սառը տարբերակով օգտագործել։ Չորս հազար տարվա պատմություն ունեցող մոմաներկային նկարները այսօր էլ աչքի են ընկնում իրենց թարմությամբ և կայունությամբ։

  (Դիմանկարներ)

Նոյեմբրի 28-ից դեկտեմբերի 10-ը Երվանդ Քոչարի թանգարանում կազմակերպվում է ցուցադրություն, ուր կներկայացվեն Երվանդ Քոչարի՝ Արփենիկ Հովսեփյանին նվիրված ստեղծագործությունները։

Մարիամ Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել