Թաքուն երազանքը՝ իրականություն

Թաքուն երազանքը՝ իրականություն

1219

Տասնամյա Մարիին մայրիկը շատ հաճախ տանում էր երաժշտական դպրոցում կազմակերպվող համերգներին՝ դաշնամուրի հանդեպ սեր առաջացնելու համար: Սակայն այդ ժամանակ դեռ յոթամյա աղջնակին գերեց մեկ այլ երաժշտական գործիք՝ քանոնը: Այն գրկել և լարերին դիպչել երազող Մարին վերջապես հասել է իր երազանքին. «Մայրիկս ինձ տարավ ծանոթացնելու իմ թաքուն երազանքի հետ: Մենք մտանք դասարան, այնտեղ ինձ մեծ սիրով ու ջերմությամբ դիմավորեց իմ ապագա ուսուցչուհին՝ Մարինե Միրզոյանը: Տվեց քանոնը, և ես իմ մատներով սկսեցի վեր ու վար անել լարերի վրա, նրանք ավելի կախարդական հնչեցին»:

Աղջնակի համար երաժշտությունը կախարդական աշխարհ է: Երբ նվագում է, հանգստանում է, լիցքաթափվում: «Երազում եմ՝ երբ մեծանամ, դառնամ հայտնի քանոնահարուհի, մասնակցեմ ավելի մեծ մրցույթների և արժանանամ ավելի մեծ մրցանակների»,- պատմում է նա:

Մարիի նվագած առաջին գործը եղել է իր ուսուցչուհու ստեղծագործությունը՝ «Արևի ժպիտ»-ը, բայց առաջին անգամ բեմում ելույթ ունենալիս կատարել է Կոմիտասի «Չեմ կրնա խաղալ»-ը: Քանոնահարուհին բեմ է բարձրացել հուզված, սակայն ծափահարությունները նրան ոգևորել են և օգնել ավելի լավ նվագել:

Չնայած իր տարիքին՝ Մարին արդեն հասցրել է արժանանալ բազմաթիվ մրցանակների. «Ունեմ 1-ին կարգի մրցանակներ, 1 ոսկե մեդալ և մեծ մրցանակ: «Հրաշամանուկ» մրցույթ-փառատոնում՝ 1-ին կարգ ազգային նվագարան անվանակարգում: «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային X և XI մրցույթ-փառատոններում, նաև Ռուսաստանի միջազգային մրցույթ-փառատոնում՝ 1-ին կարգ «Քանոն» անվանակարգում: Վրաստանի միջազգային մրցույթ-փառատոնում՝ ոսկե մեդալ»:

Այս շարքը երկար կշարունակվեր, եթե ես ամբողջությամբ գրեի քանոնահարուհու զբաղեցրած կարգերը:

Մարին կատարում է մեծ կտավի գործեր, կոնցերտներ: Ընդգրկված է ավագ քանոնահարների անսամբլում: «Դժվարություններ շատ են լինում, բայց իմ ուսուցչուհին իր եռանդով ու մեծ նվիրումով, նաև իմ սերը դեպի գործիքը օգնում են ինձ՝ հաղթահարելու դրանք»,- անկեղծանում է նա:

Աղջնակի համար տպավորիչ են իր բոլոր համերգները, բայց ասում է՝ երբեք չի մոռանա երկուսը. «Մեկը այն, որ ես նվագում էի զինվորների համար, և նրանք հոտնկայս սկսեցին ծափահարել ինձ, իսկ մյուսը Վրաստանում էր, երբ բոլորը հոտնկայս ծափահարում էին և ուզում լուսանկարվել ինձ հետ»:

Մարին մյուս քանոնահարներին մաղթում է ամեն բան լավ սովորել, իր պես մրցույթների մասնակցել և արժանանալ մրցանակների:

Հասմիկ Անդրեասյան

3-րդ կուրս

Կիսվել