«Ստեղծագործություններում պետք է հոգի դնել ու անկեղծ լինել». Հասմիկ Անդրեասյան

«Ստեղծագործություններում պետք է հոգի դնել ու անկեղծ լինել». Հասմիկ Անդրեասյան

900

Զրուցել ենք ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի երորդ կուրսի ուսանողուհի, երիտասարդ ստեղծագործող, երգերի հեղինակ, կիթառահարուհի Հասմիկ Անդրեասյանի հետ:

-Քանի՞ տարեկանից եք երգում:

-Երաժշտությամբ զբաղվել եմ ութ տարեկանից, երբ ընդունվեցի քանոնի դասարան: Երգով չեմ զբաղվել: Հիշում եմ, երբ փոքր էի, հայրիկիս համար երգում էի իր սիրելի երգը՝ «Կիլիկիան»:

-Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում:

-Ինձ համար մոտիվացիայի աղբյուր է այն, ինչը կատարվում է իմ շուրջն ու մասնավորապես՝ իմ ներսում։ Յուրաքանչյուր զգացողություն, ապրում, էմոցիա կարող է դառնալ հնչյուն կամ որևէ գրվածք ու կարևոր չէ՝ դա սկզբում ինչպես կստացվի։Կարդում եմ, նվագում, ու այդպիսով կարողանում եմ գտնել շատ հարցերի պատասխաններ։ Յուրաքանչյուր դետալ, որին կարող է դիպչել իմ աչքը, կարող է մոտիվացնել ինձ: Անկախ նրանից դրանք դրական ազդեցություն են ունենում ինձ վրա, թե՝ բացասական։ Իհարկե մոտիվացնում են նաև ընտանիքի անդամները, հարազատները, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր իմ մտքի կիզակետում են ու առանձնահատուկ տեղ ունեն ինձ համար:

-Ինչպե՞ս ստեղծվեց «Հայրենիքի պաշտպաններ» երգդ:

-Իմ հեղինակային «Հայրենիքի պաշտպաններ» ստեղծագործությունը գրեցի ապրիլյան պատերազմի ժամանակ։ Ես այդ ժամանակ ընդամենը երկու ակորդ գիտեի, բայց, այնուամենայնիվ, գրեցի երգը։ Երգում ամբողջովին արտացոլված են իմ զգացողությունները, ապրումները: Չեմ կարող հիմա ասել, թե ինչպես գրվեց երգը, որովհետև բացատրելն անհնար է… Կիթառը ձեռքիս էր, ու ինձնից անկախ հույզերիցս ծնվեցին երաժշտությունն ու բառերը։ Ամեն անգամ, երբ երգը կատարելիս ամբողջովին տրվում եմ երգին, նույն զգացողություններն եմ վերապրում։

-Հիմնականում ի՞նչ թեմաներյով եք ստեղծագործում:

-Ստեղծագործում եմ տարբեր թեմաներով, կախված նրանից, թե ինչ հոգեվիճակում եմ: Թեմաներս կարող են լինել շատ տարբեր, օրինակ հայրենիքի մասին, սիրո թեմայով… Մի խոսքով, ինչ զգում եմ այդ պահին , դա էլ հանձնում եմ թղթին:

-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի ստեղծագործող երիտասարդությունը , ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:

-Կարծում եմ՝ ստեղծագործություններում ամենակարևորը հոգի դնելն է և միաժամանակ անկեղծ լինելը: Քանի որ, երբ սկսում ես ինքդ քեզ ինչ-որ բաներով սահմանափակել, քո ստեղծագործական ոգին ու երևակայությունն անկեղծ չի լինում, եւ չեն ներդաշնակվում:

Անուշ Սարգսյան

3-րդ կուրս

Կիսվել