«Չկա հասարակական համաձայնություն, թե ինչպիսի կրթական համակարգ է պետք Հայաստանին»

«Չկա հասարակական համաձայնություն, թե ինչպիսի կրթական համակարգ է պետք Հայաստանին»

893

Դեկտեմբերի 5-ին Մեդիա կենտրոնը կրթության խնդիրներին նվիրված առցանց վեբինար էր կազմակերպել փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

«Մեր հասարակության բոլոր հատվածները ստեղծված իրավիճակում ունեն իրենց պատասխանատվության մասը։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է կրթությանը, նկատի ունեմ՝ հանրային կրթության մակարդակը և կրթությունը՝ որպես հասարակական արժեք։ Ցավոք սրտի, մենք բացթողումներ ենք ունեցել այս ոլորտում»,- վեբինարի բացման խոսքում ասաց Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ կրթության համակարգը Հայաստանում չի դիտվել որպես նոր համակարգ ստեղծելու գործունեություն. կրթության որոշ հատվածներ կարևորվել են, բայց համակարգ ստեղծելու և կրթությունը հետևողականորեն առաջ տանելու գործունեությունն անտեսվել է։ «Ես կարող եմ ասել, որ Հայաստանն այսօր ունի թղթե կրթություն, որտեղ թղթի վրա ահագին բան կա գրված՝ բավական առաջադեմ, զարգացած երկրների փորձից վերցված, բայց իրականության մեջ այդ ամենը բացակայում է»,- նկատեց փորձագետը և հավելեց, որ վերջին տարիներին սկսեցինք կաղալ նաև փաստաթղթեր ստեղծելու հարցում։

Սերոբ Խաչատրյանը նշեց, որ 2015 թվականից հետո Հայաստանը չունի կրթության զարգացման ռազմավարություն, այն պետք է ներկայացվեր այս տարվա հոկտեմբերին, բայց հասկանալի պատճառներով չեղավ։ Նախարարը փոխվեց, երկրում անորոշ իրավիճակ է, և կարելի է ենթադրել, որ այս  անգամ էլ կրթությունը կմղվի երկրորդ պլան։

Փորձագետն անդրադարձավ նաև կրթական ոլորտում առկա մի շարք խնդիրների։ «Իբր կարողանում էինք կրթության հարցերը լուծել, մի հատ էլ կրթությանը միավորեցինք մշակույթի, սպորտի և գիտության ոլորտները, սակայն անհրաժեշտ է ստեղծել կայացած համակարգ, հետո միայն միացնել նախարարությունները»,- նկատեց Սերոբ Խաչատրյանը։

Նա նշեց, որ 2018 թվականին ինստիտուտների արդյունավետությունը մեծացնելու հույս կար, բայց իրականում եղածներն էլ քանդվեցին և մատնվեցին անորոշության. օրինակ՝ կրթական համակարգի ամենակարևոր օղակներից մեկը՝ «Գնահատման և թեստավորման կենտրոնը», 2,5 տարի է՝ չունի տնօրեն։ Մի շարք բուհերում՝ ԵՊՀ-ում, Շիրակի պետական համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անորոշ, շիլաշփոթ իրավիճակ է. բուհերը չունեն ռեկտորներ։

Կրթական խնդիրների պատճառների մասին խոսելիս Սերոբ Խաչատրյանը նշեց հանրակրթությունը՝ նախադպրոցական և դպրոցական կրթությունը չկարևորելը։ Վերջին 20 տարիներին նախարարներից ոչ մեկը չի եղել հանրակրթության մասնագետ, ընդ որում՝ եղել են կուսակցական առաջնորդներ, բացառությամբ ներկայիս նախարարի։ «Իհարկե, չեմ թերագնահատում միջին մասնագիտական, բարձրագույն կրթությունը և գիտությունը, բայց ակնհայտ է, որ այդ ամենը կախված է հանրակրթությունից, և պետք է մտածենք, որ նախարարության ղեկավար կազմում գոնե առաջիկա տարիներին լինեն հանրակրթության մասնագետներ, որպեսզի կարողանանք լավ հիմք դնել»,- ասաց Ս. Խաչատրյանը։

Փորձագետը կարեւորեց նաև հասարակության հետ աշխատանքի անհրաժեշտությունը, որի միջոցով հնարավոր կլիներ քննարկումներ ունենալ ուսուցիչների, դասախոսների, համակարգի մարդկանց, տնօրենների կամ ծնողների հետ։ Նրա խոսքով՝ սա կարևոր է, քանի որ կրթությունը հասարակական դաշինք է։

Խաչատրյանի կարծիքով՝ Հայաստանում դեռևս չկա հասարակական համաձայնություն, թե ինչ է կրթությունը մեզ համար։ «Մի մասն ուզում է, որ կրթությունը դառնա ավելի ազգայնական, մյուսը կողմնակից է պրոգրեսիվ կրթությանը, իսկ մյուսները՝ սովետական կրթությանը. մենք չենք կարողացել ընտրել, թե ինչպիսի՞ կրթական համակարգ է պետք Հայաստանին»,- ասաց փորձագետը։

Խոսելով սխալների մասին՝ մասնագետը նշեց, որ մեզանում կրթական ռեֆորմներն իրականացվել են փոխպատվաստման սկզբունքով, այսինքն՝  ինչ-որ տեղից մի բան վերցրել ենք, դրել համակարգում, և այն սկսել է չաշխատել, որովհետև չեն եղել մարդիկ, ովքեր կաշխատեցնեին դա. մեզ պետք են մարդիկ, ովքեր ռեֆորմը թղթից կվերածեն գործի։

«Կրթության ոլորտում պետք է լինի մարդկանց կամ ինստիտուտների խումբ, որը կպահի ընդհանուր քաղաքականության գիծը, որպեսզի չստացվի այնպես, որ ինչ-որ իշխանության օրոք որևէ բան արվի, հետո հաջորդը գա և ասի՝  նախկինները լավը չէին, և հիմա սա ենք անում»,- նշեց մասնագետը։

«Վերջին տարիների սխալներից, որ թույլ տրվեց նախարարությունում, այն է, որ կրթության համակարգը սկսեցին բաժանել սևերի և սպիտակների, մինչդեռ համակարգը այդ տրամաբանությամբ չէր կարող զարգանալ»,- նկատեց Սերոբ Խաչատրյանը։

Փորձագետի խոսքով՝ այսօր կրթական համակարգը չունի պաշտպանիչ գոտի, որը ուսուցչին, տնօրենին կտա կայունության որոշ զգացողություն։

«Մենք մեր բարեփոխումները գիտական նվաճումների վրա չենք կառուցում, և կարող ենք ասել, որ այս պահին մենք դեռևս չենք կարողացել ստեղծել կրթական նորմալ համակարգ»,- ասաց Սերոբ Խաչատրյանը։

Մերի Մաթևոսյան

3-րդ կուրս

Կիսվել