Կորոնավիրուսի պատվաստանյութի մեծ չափաբաժին Հայաստանում կլինի հաջորդ տարվա մայիսից ոչ շուտ

Կորոնավիրուսի պատվաստանյութի մեծ չափաբաժին Հայաստանում կլինի հաջորդ տարվա մայիսից ոչ շուտ

1058

Հայաստանի կառավարությունը բնակչության 10 տոկոսի չափով կորոնավիրուսի պատվաստանյութ է պատվիրել։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի(ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանի հետ զրուցել ենք կորոնավիրուսային հիվանդության դեմ մշակվող պատվաստանյութերի  և Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակի շուրջ։

-Տիկին Սահակյան, առողջապահության նախարարը կառավարության նիստում  հայտնել է, որ 300 հազար բնակչի հաշվով Հայաստանը կորոնավիրուսի պատվաստանյութ է պատվիրել։ Ինչո՞վ է այս թիվը պայմանավորված։

-Կա այդպիսի մի նախաձեռնություն, որը կոչվում է «Կովաքս»։ Մի շարք միջազգային կազմակերպություններ միացել են և նախաձեռնությամբ են հանդես եկել, որպեսզի իրենք երկրների փոխարեն առանձին մասնակցեն բանակցություններին, հանդիպեն  արտադրողների հետ և մեծ քանակությամբ պատվաստանյութ ձեռք բերեն։ Եթե տվյալ մեկ կազմակերպությունն է գնում և մեծ քանակությամբ, նրանք կարող են բանակցություններ տանել, և գինն էլ բավականին մատչելի կլինի։ Կազմակերպությունը սկզբնական շրջանում առաջարկում էր, որ երկիրը կարող է մինչև իր բնակչության 20 տոկոսի հաշվարկով պատվաստանյութ ձեռք բերել։ Բայց մեր պայմանագիրը «Կովաքս»-ի հետ 10  տոկոսի  համար է կնքվել, որովհետև ֆինանսական հաշվարկներ, ուշ գալու հարցեր, համաճարակային իրավիճակի փոփոխություններ կան։ Այդ ամենը հաշվի առնելով՝ սկզբնական շրջանում առողջապահության նախարարությունը որոշեց, որ  ճիշտ կլինի 10% բնակչության համար պատվիրել. Առաջին՝ ավելի հեշտ կկարողանանք ֆինանսական անհրաժեշտ միջոցները ձեռք բերել, երկրորդ՝ հետևենք ընթացքին, տեսնենք շուկայում ինչքանով շատ պատվաստանյութեր կլցվեն, և համաճարակային գործընթացը ինչ զարգացում կունենա։ «Կովաքս»-ը եկող տարվա ամենաշուտը մայիս ամսից կարող է երկրներին մատակարարել, բնականաբար, մինչև դա շուկայում բավականին մեծ թվով պատվաստանյութեր արդեն կլինեն,  գուցե և անհրաժեշտ լինի լրացուցիչ քանակ։ Այս դեպքում մենք առանձին արտադրողներից կկարողանանք ձեռք բերել ավելի մատչելի գնով։

-Սկզբնական շրջանում պատվաստանյութը ո՞ր խմբերին հասանելի կլինի։

-Մենք պետք է առաջնահերթություններ սահմանենք մեզ համար։ Այս պահին ԱՀԿ-ն որպես առաջնահերթ ռիսկի խմբեր առաջարկում է բուժաշխատողներին և սոցիալական ոլորտի աշխատողներին։ Եվ հենց առաջին խմբաքանակը «Կովաքս»-ը  տալու է այդ ռիսկի խմբերի համար։ Մյուս ռիսկի խումբը, որ շատ կարևորվում է այս պահին, տարեցներն են և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք։ Հիմնականում  բավականին լուրջ քննարկվում է այս երեք խումբը, և մեր երկրի օրինակով էլ տեսնում ենք, որ իսկապես առողջապահական համակարգը պարալիզացվում է.  բուժաշխատողները հիվանդանում են, և մենք չենք կարողանում ռեսուրսներ ունենալ հիվանդներին սպասարկելու համար։ Ծերանոցների, մանկատների, գիշերօթիկ կազմակերպությունների սպասարկող անձնակազմը նույնպես կընդգրկվի, քանի որ սոցիալական խմբերին պատկանող անձինք կան։ Մենք տեսանք, որ մահերի ցուցանիշը բավականին բարձր է 71 և ավելի տարիքի անձանց մոտ, հիմնականում հենց այս խումբն է մահանում, ինչպես նաև՝ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք։ Իսկ եթե անձը ոչ մի ուղեկցող հիվանդություն չունի, ապա հաղթահարում է հիվանդությունը, բայց   շաքարային դիաբետի, բարձր ճնշման և այլ հիվանդությունների դեպքում ավելի ծանր ընթացք է լինում։ Կտրուկ վատանում է հիվանդի վիճակը, և հիվանդին մենք կորցնում ենք ուղեկցող հիվանդությունների պատճառով, որը միջավայր է ստեղծում վիրուսի զարգացման համար։

-Պատվաստանյութի առկայության դեպքում ինչպե՞ս է կազմակերպվելու տեղեկատվական իրազեկումը։

-Տեղեկատվական արշավի համար արդեն սկսել ենք ծրագիր կազմել։ Հաշվի առնելով մեծ թվով լուսաբանումները՝ նաև  ԶԼՄ-ների կողմից է հետաքրքրությունը մեծ, և ձեր միջոցով  փորձում ենք հենց առաջին քայլերն անել։ Իրականում մի շարք գործիքակազմեր  ենք մշակել, որոնք առաջիկայում կսկսենք արդեն կիրառել, մարդկանց տեղեկատվություն ներկայացնել, իրազեկել։ Մինչև զանգվածային պատվաստումների մասին որոշումը,   մենք դեռ բավականին ժամանակ ունենք. առաջին դեղաչափերն այդպես շուտ չեն լինի երկրում։ Ըստ մեր հաշվարկների՝ մեծ թվով դեղաչափեր երկրում կլինեն հաջորդ տարվա մայիսից ոչ շուտ։

Իսկ պատվաստվել ցանկացողների թիվը որքա՞ն է մեր երկրում։

-Շատ մարդիկ կան, ովքեր կամավոր գրանցվում են պատվաստվելու համար, հատկապես  ռուսական պատվաստանյութի նվիրատվության տեղեկությունը ստանալուց հետո։ Վերջերս ՌԴ առողջապահության նախարարությունը մեզ մի քանի դեղաչափ «Սպուտնիկ V» վակցինա է նվիրել: Առաջինը Արսեն Թորոսյանն է պատվաստվել, իսկ այժմ  ցանկացողներ կան, ովքեր գրանցվում են։ Դեղաչափերը շատ չեն, մի քանի հոգու համար ընդամենը։

-Այսինքն՝ այժմ Հայաստանում կիրառվու՞մ է ռուսական պատվաստանյութը։

-Դեռ չի կիրառվում, որովհետև ընթացակարգեր չունենք և այս պահին դա ենք մշակում, որպեսզի իրավական հիմքեր ունենանք։ Առայժմ դա ենք անում, հավանաբար առաջիկայում  արդեն գրանցված կամավորներին կհրավիրենք։

-Ամերիկյան Moderna և Pfizer ընկերությունները հայտնել են, որ իրենց  պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներն ավարտվել են, իսկ դրանց արդյունավետությունը 94-95 տոկոս է։ Ի՞նչ աշխատանքներ է տանում նախարարությունն այս ուղղությամբ։

-Մենք որևէ նախընտրություն այս պահին չունենք, բոլորի հետ էլ բանակցություններ ենք  վարում, բոլորից էլ միավոր արժեքի մասին տեղեկություն ենք հավաքում։ Առաջինը հաշվի ենք առնում  կլինիկական այդ չափանիշները, անվտանգությունը և արդյունավետությունը։ Երկրորդը՝ ֆինանսական կողմը, որքան որ երկրի համար մատչելի լինի,  պարզ է, հատկապես այս ծանր տնտեսական իրավիճակում, միանշանակ դրան մեծ ուշադրություն կդարձնենք։ Հավասարապես բոլորի հետ էլ բանակցությունները վարում ենք, որ հասկանանք՝ վերջին հաշվով, ո՞րն է մեր երկրի համար ավելի նախընտրելի.  ոչ մեկը դեռ մասսայական չի կիրառվում, չունենք որևէ պատկեր, թե ոնց օգտագործվեց, ինչ եղավ։ Այս պահին դեռևս չենք շտապում։ Փոքր երկիր ենք, բոլոր դեպքերում անցանկալի մի երևույթ եթե գրանցվի, պատվաստումների մեր ամբողջ ծրագիրը կխափանվի։

-Ի՞նչ կանխատեսումներ կան, համաճարակի երկրորդ ալիքը ինչքա՞ն է տևելու։

-Չեմ կարող ասել, որովհետև շատ չուսումնասիրված վիրուս է, իր համաճարակային պրոցեսն էլ այդքան ուսումնասիրված չէ։Համենայն դեպս, առաջին ալիքից հետո օգոստոսին հարաբերական կայուն վիճակ էր երկրում։ Մեկ ամիս հետո մենք ունեցանք թվերի կտրուկ աճին նպաստող գործոններ՝ հատկապես պատերազմական իրավիճակը, ու հաշվի առնելով նաև, որ այս պահին բոլոր սահմանափակող միջոցառումները լիարժեք չեն գործում, չեմ կարող ասել հստակ՝ ինչ կունենանք մենք ապագայում։ Համենայն դեպս, մշտապես մեր մոնիտորինգի ներքո է, մշտապես մենք վերջին 14 օրվա իրավիճակը դիտարկում ենք, վերլուծում։ Այս պահի դրությամբ, վերջին 10 օրվա ընթացքում մենք ունենք կիսով չափ դեպքերի նվազում, թեստավորվածների մեջ կիսով չափ, գրեթե մի փոքր պակաս, ունենք տեսակարար կշռի դեպի լավ ցուցանիշների թեքում։ Այսինքն, եթե նախկինում 52-53 տոկոս պիկ ենք ունեցել տեսակարար կշռի, այդքան դրական ենք ունեցել թեստավորվածների մեջ, ապա այսօր այդ տոկոսն իջավ մինչև 30-ի։ Հիմա նորից մի քիչ բարձրացում ունենք մինչև 35 տոկոս։

Կարո՞ղ ենք ասել, որ այս շրջանում վիրուսը նահանջում է։

-Ես չեմ կարող ասել, որ մենք կիջնենք հենց առաջին կայուն շրջանին՝ օգոստոսին. գուցե գա  մի պահ, որ այլևս չիջնի և նորից բարձրացում ունենանք։ Համենայն դեպս, նույնիսկ կոպիտ հաշվարկներով, մենք ունենք չհիվանդացած բնակչություն, այդ շերտը կա, և կան օրգանիզմներ, որ վիրուսի տարածման համար բարենպաստ միջավայր կարող են հանդիսանալ։

Անի Թամրազյան

3-րդ կուրս

Կիսվել