«Պայթյունի ձեն եկավ, վազեցի դուրս՝ տղերքի մոտ, տեսա՝ ամեն ինչ նորմալ է,...

«Պայթյունի ձեն եկավ, վազեցի դուրս՝ տղերքի մոտ, տեսա՝ ամեն ինչ նորմալ է, հետո նկատեցի՝ մատներս չկան»

908

Հարություն Մխիթարյանը Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղից է։ 19 տարեկան է, սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմի ժամանակ ծառայում էր Հադրութում։

«Մենք զորամասում ենք եղել: Սեպտեմբերի 27-ի առավոտյան՝ 7:25, լսեցինք ուժեղ ձայն։ Թշնամու հարվածը մեր զորամասի վրա էր։ Արագ զենք-զինամթերք ստացանք ու բարձրացանք դիրքեր»,- պատմությունը սկսում է Հարությունը։ 

Միանգամից հասկացել են, որ թշնամու հերթական սադրանքը չէ, այլ պատերազմ է։ «Սկզբի 4 ժամը խուճապ կար, բայց հետո կազմակերպվեցինք ու ուրախ էինք, որ գնում ենք թուրք սպանելու, վրեժ լուծելու»,- շարունակում է Հարությունը։

Թշնամին հարձակվել է մեծ ուժով, անընդհատ գրոհել, որ գրավի դիրքերը։ Հարությունն ասում է, որ իրենց հրամանատարները պայքարել են մինչև վերջ, կյանքերը զոհել զինվորի համար: «Թշնամին ինչ զենք ուներ՝ օգտագործում էր, բայց մեր հրամանատարների խելացի ու գրագետ քայլերի շնորհիվ հետ էր շպրտվում»,- պատմում է Հարությունը։

Իրենց դիրքերում թաքստոցներ են եղել, բայց Հարությունն ասում է՝ երբ տեսնում ես թշնամին առաջ է գալիս, չես մտածում թաքնվելու մասին, այլ կյանքի ու հողի կռիվ ես տալիս։    

«Էդ օրերին ԱԹՍ-ներն իրենց գործը լավ էին անում, դրանց դեմ պայքարելը շատ դժվար է։ Բայց մենք էլ մեր պատասխան հարվածն էինք տալիս, խոցում»,- շարունակում է նա։

Ասում է՝ վտանգի ժամանակ մտածել է ընկերների մասին. «Իմ զինակից ընկերները բոլորը համարձակ են եղել, ուժեղ, պայքարել են մինչև վերջ։ Չեմ ուզում մեկին առանձնացնել, մենք շատ դժվարություններ ենք տեսել, որոնք հաղթահարել ենք միասին։ Միշտ մտածել եմ՝ հանկարծ ընկերներիցս մեկի մոր աչքերը թաց չմնան»։

Զրույցի թեման մի պահ փոխում ենք։ Չնայած դժվարություններին, կռվի ժամանակ եղել են նաև զվարճալի պահեր։ «Ես ու ընկերս պառկած էինք խրամատում, թշնամու տանկը խփեց։ Ընկերոջս ասացի՝ ապե, աչքիս՝ մեռանք, ընկերս ասաց՝ ի՞նչ ես խոսում, ու էդ պահին նորից խփեց։ Ընկերս կամաց բացեց աչքերն ու ասաց, որ մեռել ենք։ Ասացի՝ չենք մեռել, վեր կաց, հերթը մերն է խփելու»,- հիշում է Հարությունը։ 

Հոկտեմբերի 24-ին նա վիրավորում է ստացել՝ ականանետի բեկորը կտրել է աջ ձեռքի ցուցամատն ու միջնամատը, իսկ մատնեմատը երկաթներով այս պահին հավաքած է։ «Քնած էի, արթնացա, դուրս եկա՝ տեսնեմ, թե տղերքն ինչ են անում, մեկ էլ պայթյունի ձեն եկավ։ Հետո լրիվ թոզ ու փոշի էր կողքերս, վազեցի դուրս՝ տղերքի մոտ, տեսա՝ իրենց հետ ամեն ինչ նորմալ է։ Հետո նոր նկատեցի՝ մատներս չկան»,- պամում է Հարությունը։

Ընկերներն առաջին օգնություն են ցույց տվել, ապա տարել Մարտունի-2 հիվանդանոց, որտեղ ձեռքը վիրահատել են, հետո՝ Ստեփանակերտ, ապա Երևան են ուղարկել։

-Չես վախեցե՞լ,- հարցնում եմ ես։

-Էդ պահին մենակ մտածում էի ընկերներիս մասին ու որ շուտ լավանամ, հասնեմ տղերքին,- պատասխանում է Հարությունը։

Իր նպատակների մասին չի խոսում, բայց վստահեցնում է՝ իր մեջ այնքան ուժ կա, որ անպայման կհասնի բոլորին։

«Սպասո՞ւմ էր պատերազմի այսպիսի ավարտին, թե՞ ոչ»՝ հարցնում եմ զրույցն ավարտելիս. «Իմ մեջ շատ բան փոխվեց, պատերազմը թողեց սև հետքերը, ընկերներ կորցրի։ Պատերազմում հաղթել են բոլոր զինվորները, վստահ եմ»,- պատասխանում է Հարությունը։

Մինչ Հարությունի վիրավորվելու օրը Հադրութում, իր ասելով, ոչ մի դիրք չեն զիջել թշնամուն։ Իսկ հետո ընկերներից իմացել է, որ իրենց ջոկատի մի մասին տարել են Շուշին պաշտպանելու։ Այս պահին նա դեռ բուժման ընթացքում է։

Շողակաթ Կակոյան

3-րդ կուրս

Կիսվել