Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ ընդունվելը Մարինայի համար դառնում է ճակատագրական։ Աղջիկն ընդունելության քննությանը չէր պատրաստվել, բայց որոշել էր, որ պետք է փորձի։ Մարինայի տատիկն այնքան էր ոգևորել թոռնուհուն, որ քննության օրն աղջիկը զարմացնում է հանձնաժողովի անդամներին և հիմք դնում իր հետագա մասնագիտական հաջողություններին։
Մեր հերոսուհին շնորհը ժառանգել է տատիկից։ Պատմում է՝ փոքրուց սիրում էր նկարել, տան վարագույրներն էր կտրտում։ Մի օր էլ որոշում է իր գիտելիքներն օգտագործել և ոտք դնել բիզնեսի աշխարհ, բայց առաջին քայլերը չեն ստացվում։ Պատճառը հիմնավոր էր և ծանրակշիռ, բայց հետո ուժերը հավաքում է, որոշում է մեկ անգամ էլ փորձել՝ այս անգամ ավելի շատ գիտելիքներով, փորձով և նպատակասլացությամբ. «Սկզբում եղել են բարդություններ. չէր ստացվում գեղեցիկ նկարներ անել, սակայն երկար փորձեցի աշխատել, ու ամեն բան կարծես հաջողվում էր։ Նախ սկսեցի իմ շապիկների վրա նկարել, հետո, երբ այդ ամենը դուր եկավ մարդկանց, ես մտածեցի բիզնես ստեղծելու մասին։ Ճիշտ է՝ դժվար էր, բայց երբ մի փոքր ներդրում ես անում, հետո ջանքերիդ կրկնակին քեզ է վերադառնում»։
Այսoր բիզնեսն արդեն շահույթ է բերում Մարինային։ Աշխատելիս նա փորձում է համատեղել բոլոր միջոցները. ունի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջեր, որոնցով էլ ստանում է պատվերները։ Սկզբում գլուխ չէր հանում, չէր կարողանում ճիշտ զբաղվել գովազդով, բայց հիմա ամեն բան իր հունով ընթանում է։ Առաջ նկարում էր մարդկանց պատվիրած նկարները, իսկ հիմա անում է այն, ինչը մտքով կանցնի։ Բոլոր նկարներն էլ շատ գեղեցիկ ու յուրահատուկ են։
Մարինան շուկայում առանձնանում է նաև նրանով, որ շապիկի վրա յուրաքանչյուր նկար նկարելիս ու էջում տեղադրելիս գրառման նկարագրություններում պարտադիր նշում է հեղինակին։ Նրա համար շատ կարևոր է հեղինակային իրավունքները պահպանելը։
Մարինայի նպատակները հստակ են, քայլերն էլ արդեն ամրապնդված այնքան, որ վստահ ասում է՝ այո, Հայաստանում բիզնես սկսել հնարավոր է։
Էլեն Ավետիսյան
2-րդ կուրս