Թղթի, պլաստիկի ու ապակու այլընտրանքային կյանքը Հայաստանում

Թղթի, պլաստիկի ու ապակու այլընտրանքային կյանքը Հայաստանում

955

«11 մետրանոց ծառը հավասար է 60 կգ մաքուր թղթի։ Մենք փրկել ենք մոտ 2500 ծառ», – պատմում է «Էկո աղբ» հասարակական կազմակերպության կամավոր Արգիշտի Դարբինյանը։

Վերջին տարիներին թափոնների վերամշակման գործընթացները մտել են նաեւ մեր երկրի օրակարգ։ Երկրում գործում են գրեթե մեկ տասնյակ ՀԿ-ներ ու ՍՊԸ-ներ, որոնք զբաղվում են թափոնների հավաքմամբ, տեսակավարմամբ ու վերամշակմամբ։ 2018 թ. հիմնադրված «Էկո աղբը» դրանցից մեկն է. նախաձեռնում է թղթի, պլաստիկի ու ապակու հավաքման ակցիաներ։

22-ամյա Արգիշտի Դարբինյանն «Էկո աղբ» ՀԿ-ում կամավորություն է արել հիմնադրման առաջին իսկ օրերից։ Հիշում է, թե ինչպես է իմացել «Էկո աղբի» մասին. ««Էկո աղբի» հավաքատեղին այն անտիկաֆեներից մեկում էր, որտեղ ես աշխատում էի։ Փետրվարի 23-ին 3 տարին կլրանա, ինչ եղել է առաջին հավաքը։

Մենք հավաքում ենք թափոնները, տեսակավորում և ուղարկում վերամշակման գործարաններ, որոնց հետ աշխատում ենք»։

«Էկո աղբի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք նաև, որ կազմակերպվում են «Թուղթը աղբ չէ», «Պլաստիկը  աղբ չէ»,  «Ապակին աղբ չէ» ակցիաները: Մարդիկ նշանակված վայր են բերում թափոնները եւ տեսակավորում, իսկ նախապես գրանցվելու դեպքում ակցիայի օրը մեքենաներն այցելում են բակեր:

Հայաստանյան հասարակության մեջ դեռեւս նոր ձեւավորվող այս մշակույթից շատերը տեղյակ չեն։ «Էկո աղբը» նաեւ իրազեկում ու տեղեկացնում է նմանօրինակ էկո մշակույթի մասին։

«Մենք ծրագրեր ենք իրականացրել նաեւ Արթիկում, Ապարանում, Մարտունիում, Արցախում։ Արդյունքները նկատելի են, որոշ քաղաքապետներ անգամ ոգեւորվել են դրանից։ Գորիսում պլաստիկի տեսակավորման ամաններ են դրվել, և խրախուսվում է դրանց հավաքումն ու վերամշակումը։ Սկսել ենք համագործակցել նաեւ որոշ դպրոցների ու մանկապարտեզների հետ»,- պատմում է Արգիշտին։

ՀԿ-ն, համագործակցելով Երեւանի քաղաքապետարանի հետ, շուրջ մեկ տարի իրազեկման ակցիա է անցկացրել նաեւ Դավթաշեն վարչական շրջանում։ «Էկո թաղամաս» ծրագրի ավարտին մոտ 200 ընտանիք արդեն տեսակավորում է թափոնները և ուղարկում վերամշակման։

«Էկո աղբի» այս ծրագրերին մասնակցելն օգնել է  տղային՝ գտնելու աշխատանք։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորած կիբերնետիկան, ինչպես մեր հերոսն է ասում, մնացել է անցյալում. «Դիպլոմս դեռ պետք չի եկել, բայց Երեւանի քաղաքպետարանում թափոնների տեսակավորման վարչություն է բացվել, այնտեղ եմ աշխատում։ Այս աշխատանքս շատ եմ սիրում ու մոտիվացված աշխատում եմ»։

Արգիշտին տեղեկացրեց նաեւ «Էկո աղբի» առցանց խանութի մասին։ Արտադրում ու վաճառում են էկո գրիչներ. «Շեշտը բնությանը հնարավորինս քիչ վնաս հասցնելն է։ Պլաստիկը, թուղթն ու ապակին ռեսուրս են, որոնք անիմաստ տեղը կորչում են, իսկ եթե մշակում ես, էլի որոշ չափով խնայում ես էներգիա կամ, օրինակ, ծառ»։

Ասում է՝ ապագայի ծրագրերից է գործունեությունը Հայաստանով մեկ ծավալելը. «Կցանկանայի, որ Հայաստանում լայն տարածում գտներ այս մշակույթը. այն օգտակար է ինչպես մեր բնության, այնպես էլ տնտեսության համար»։

Սեդա Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել