«Ես էլ իմ մտքում, իմ երևակայական աշխարհում փոքրիկ ֆիլմեր եմ ստեղծում…»

«Ես էլ իմ մտքում, իմ երևակայական աշխարհում փոքրիկ ֆիլմեր եմ ստեղծում…»

717

Ռոզան ֆիլմերի մեծ սիրահար Է։ Նրա համար ֆիլմեր դիտելն ամենահաճելի զբաղմունքներից է։

Իսկ ե՞րբ է սկսվել ֆիլմերի հանդեպ քո մեծ սերը։

-Չեմ կարող ասել, թե կոնկրետ երբ այդ մեծ սերը ծնվեց ֆիլմաշխարհի նկատմամբ, բայց երևի դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ես էլ իմ մտքում, իմ երևակայական աշխարհում փոքրիկ ֆիլմեր եմ ստեղծում: 

-Ո՞ր ժանրի ֆիլմեր ես ավելի շատ նախընտրում, և ինչու՞։

Բացի սարսափից, բոլոր ժանրերի ֆիլմեր էլ դիտում եմ։ Երբ պետք է ընտրեմ, թե ինչ եմ նայելու, առաջինը ուշադրություն եմ դարձնում վերնագրին, հետո, երբ այն հետաքրքրում է, արդեն ուսումնասիրում եմ դերասանական կազմը և ռեժիսորին։ Եթե ֆիլմի ռեժիսորի գործերին ծանոթ ես լինում, ավելի հեշտ ես ընտրություն կատարում։

-Երբևիցե ցանկացե՞լ ես նմանվել ֆիլմի հերոսներից որևէ մեկին։

Փոքր տարիքում մուլտֆիլմի հերոսներն էին ինձ համար հետաքրքիր կերպարներ։ Բարի հերոսների բնավորության գծերը փոքրիկ Ռոզայի համար օրինակ էին։ Իսկ երբ հաղորդակցվեցի ֆիլմաշխարհի հետ, ամեն բան փոխվեց: Առհասարակ, ինչքան էլ սիրեմ տվյալ դերասանին, նրա կերտած դերերը, երբեք չեմ փորձի նմանվել: Կարող է կերպարային լավ գծեր առանձնացնեմ ինձ համար, հիանամ տվյալ դերասանով, նրա խաղով, մարմնավորած դերով, բայց նմանվել՝ երբեք։

-Եթե քեզ հնարավորություն տրվի նկարահանվել ֆիլմում, ո՞ր ֆիլմը կընտրես և ինչու՞։

-Հստակ անվանում նշել չեմ կարող, բայց ցանկացած ֆիլմ, որում կխաղար Թոմ Հենքսը, մեծ սիրով ես էլ կնկարահանվեի, որովհետև նրա նման հիանալի դերասանի հետ թեկուզ մի քանի բառ փոխանակելը և նույնիսկ խաղալը մեծ պատիվ է:
Ինչպես նշեցի սարսափ ֆիլմեր դիտել չեմ սիրում, բայց այդ ժանրի ֆիլմում նկարահանվել կցանկանայի, որովհետև նմանատիպ ֆիլմերի նկարահանման ընթացքը շատ է հետաքրքրում։ Իսկ եթե ոչ Թոմ Հենքսի հետ, և ոչ էլ սարսափ ֆիլմում նկարահանվելու հնարավորություն չտրվի, ապա որևէ թեթև, ռոմանտիկ ֆիլմում երևի թե կհամաձայնեի նկարահանվել (ծիծաղում է):

Անի Միքայելյան

2-րդ կուրս

Կիսվել