«Մենք կանխազգում էինք, որ դրությունը կարող է լարվել». կրտսեր սերժանտը պատմում է...

«Մենք կանխազգում էինք, որ դրությունը կարող է լարվել». կրտսեր սերժանտը պատմում է պատերազմի մասին

1069

44 օր տևած արցախյան երրորդ պատերազմը 20-ամյա Վարդան Գևորգյանի երազանքներն ու նպատակները շրջադարձային ձեւով փոխեց։ Այժմ նա մտադիր է ռազմական գործով զբաղվել։ Ասում է՝ տարածքների կորստի հետ չի կարողանում համակերպվել և ամեն ինչ պետք է անի, որպեսզի դրանք վերադարձնի։

Վարդանն Արագածոտնի մարզի Փարպի գյուղից է։ Ծառայել է Քաշաթաղի շրջանի Որոտան (Կուբաթլու) քաղաքի զորամասում, հակատանկիստ է, կրտսեր սերժանտ։ 2021թ. հունվարին պետք է զորացրվի։

Պատերազմական գործողությունների մեկնարկից օրեր առաջ նա իր գումարտակով Ջաբրայիլի 3-րդ գծում զորավարժությունների էր։ Վարդանի խոսքով՝ սեպտեմբերի 25-ին տագնապ տվեցին, իրենց հանեցին վրաններից և տարան առաջնագիծ։ Սեպտեմբերի 27-ին, ժամը՝ 7-ի սահմաններում, նրա խոսքով, թշնամին լայնամասշտաբ, տարբեր ուղղություններով հարձակումներ սկսեց գործել։

«Մենք զբաղեցրել էինք մեր դիրքը, երբ սկսվեց կռիվը, այդ ժամանակ հետևակը հարձակվեց մեզ վրա, 4 հոգով մոտ 6 հոգու խփեցինք. այդ պահին, բարեբախտաբար, վիրավորներ և կորուստներ չունեցանք»,- պատերազմի դրվագները վերհիշելով՝ սկսում է պատմել Վարդանը։ Հենց այդտեղ՝ սեպտեմբերի 29-ին, թշնամին արկ գցեց, ինչի հետևանքով Վարդանի ոտքը վիրավորվեց։ Հրամանատարը հրահանգել է լքել ռազմի դաշտը, բայց Վարդանը չի համաձայնել, այլ վիրակապել է և այդպես 4 օր շարունակել մարտնչել.  չէր ուզում զինակից ընկերներին մենակ թողնել։ «Նույն օրը՝ սեպտեմբերի 29-ին, գիշերը ժամը 2-ի սահմաններում, մենք հայտնվեցինք շրջափակման մեջ, թշնամին և՛ մեր դիմացն էր, և՛ ետևում, տեղ չունեինք գնալու»,- ասում է Վարդանը։

Շրջափակման մեջ մնացել են մոտ 5 օր՝ առանց քուն, առանց հաց ու ջուր, նույնիսկ իրենց մոտ եղած փամփուշտներն էին սպառվել, սակայն զինվորներից մեկը գաղտնի՝ արկերի հարվածների ներքո գնացել և փամփուշտ է բերել իրենց համար, մինչև  մեր զորքերը առաջխաղացում են ունեցել և իրենց էլ ազատել շրջափակումից։

«Կռվի յոթերորդ օրը, ժամը 2-ի սահմաններում, երբ պետք է հերթափոխություն լիներ, հակառակորդն արկ գցեց մեզ վրա, որի հետևանքով, ցավոք, ընկերներիցս երկուսը զոհվեցին»,- հիշում է Վարդանը։

«Ֆագոտ զենքը, որով կարելի է հրաձգություն վարել նաև գիշերը, նայեցի դիմացի սարին ու տեսա, որ մոտ հարյուր ադրբեջանցի է իջնում։ Մենք 6 հոգով էինք, եթե այդքանով հարձակվեին, ի՞նչ էինք անելու։ Նրանց խփեցինք արկերով. այդ պահին եթե չխփեինք, մենք բոլորս կզոհվեինք»,- շարունակում է պատմել։ Արկերի հարվածներից թշնամու զինվորներից, Վարդանի ասելով, մոտ 40-ը զոհվեց, իսկ մնացածը գրոհեցին իրենց վրա. այդ ժամանակ Վարդանը կապով օգնության է կանչում հետախույզներին, իսկ մինչ նրանց հասնելը դիմակայում են, չնայած իրենց հաշվարկի 6 հոգուց ողջ էին մնացել  երեքը՝  ինքը, դասակի հրամանատարը և ֆագոտ զենքի հաշվարկի օպերատորը։

Վարդանի խոսքով՝ թշնամին վախկոտ և ծույլ կռվող է. նրանց համար մարդկային կյանքը կարևոր չէ, նրանց միայն տարածքներն են հետաքրքրում։

«Երբ թշնամին ահռելի զորքով գրոհում էր, մենք արկ գցեցինք, նրանք վախեցան և փախան»,- ասում է Վարդանը և հավելում՝ եթե այդ պահին նրանք չնահանջեին ու առաջ գային, հնարավոր է՝ այդ դիրքը գրավեին, քանի որ թշնամու և իրենց ուժերն անհավասար էին։

«Գիշերվա ժամը 2-ն էր, մութ, ոչինչ չէր երևում, միայն՝ փամփուշտների և արկերի լույսերը, ետ-ետ գնալով կրակում եմ և ընկնում տանկի խրամատի փոսը, սակայն դուրս եմ գալիս և շարունակում կրակել, մինչև հետախույզների գալը»,- հոկտեմբերի 2-ի դեպքերն է վերհիշում Վարդանը։ Մինչ այժմ չի կարողանում հասկանալ, թե ինչպես է իրեն հաջողվել ռազմադաշտից ողջ դուրս գալ։

Հիշում է՝ երբ կամավորները դեռ նոր էին եկել դիրքեր, և իրենք շրջափակման մեջ հայտնվելու լարված օրերից հետո որոշում են իրենց դիրքը հանձնել կամավորներին և մի փոքր հանգստանալ, անգամ չեն էլ հասցնում շունչ քաշել՝ թշնամին նորից անցնում է լայնամասշտաբ հարձակման։

Շատ արագ կրկին մտել են կռվի մեջ՝ օգնության հասնելով կամավորներին՝ այս ընթացքում, իր խոսքով, առաջխաղացում ունենալով։ Այդ ընթացքում վիրավորվել է երկրորդ անգամ՝ ձեռքի հատվածում ստանալով բեկորային վնասվածք։ Այնուհետև դասակի հրամանատարի հրամանով թողել է դիրքն ու տեղափոխվել հոսպիտալ, այլապես արյունաքամ կլիներ։

«Սպասում էինք, որ լայնամասշտաբ կլինեն պատերազմական գործողությունները, դրա համար էլ ամեն պահի պատրաստ էինք։ Մենք կանխազգում էինք, որ կարող է դրությունը լարվել, քանի որ, երբ մեր խումբն իջնում էր դիրքերից և մյուս խումբը բարձրանում, այդ ընթացքում մենք ստուգումներ էինք անում դեպի իրենց դիրք և տեսնում՝ թշնամին նոր տանկեր է բերում, հրետանի։ Զեկուցեցինք, մեզ ասացին, որ իրենց մոտ զորավարժություններ են։ Մենք չգիտեինք, որ կռվի համար են բերում, հետո իմացանք»,- ավարտում է  Վարդանը։

Մերի Մաթևոսյան

3-րդ կուրս

Կիսվել